Ինչ վիճակում է պաղպաղակի շուկան Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր քաղաքացիներից շատերը թերահավատորեն են վերաբերվում երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմությանը: Որքանո՞վ է որակյալ եւ անվտանգ վաճառվող պաղպաղակը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի հետ:

-Այս տարի պաղպաղակի շուկայում պլանային ստուգումներ իրականացվե՞լ են:

-Այս ընթացքում կաթնամթերք արտադրող կազմակերպություններում անցկացվել են ստուգումներ: Իհարկե, ստուգումների ընթացքում բացահայտվել են մի շարք խախտումներ, ինչի համար էլ Ծառայության կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ եւ ժամկետ` խախտումների վերացման ուղղությամբ: Նաեւ եղել են դեպքեր, երբ հայտնաբերվել է, որ արտադրանքը վտանգավոր է եղել: Խոսքը պանրի, պաղպաղակի մասին է: Հայտնաբերելու դեպքում արտադրությունը կասեցվել է: Բացի այդ, Ծառայության կողմից այս ընթացքում պաղպաղակի շուկայում իրականացվել են բազմաթիվ դիտարկումներ: Եվ երկու կազմակերպություններում խնդիրներ ունեցող մոտ հինգ ապրանքատեսակ է հայտնաբերվել: Դրանք տեղում արագ ոչնչացվել են:

-Պաղպաղակի շուկայում պլանային ստուգումներն ի՞նչ ժամանակացույցով են իրականացվում:

-Քանի որ պաղպաղակը բարձր յուղայնությամբ եւ ռիսկանյությամբ ապրանքատեսակ է, պլանային ստուգումներն իրականացվում են տարին մեկ անգամ: Բայց դա չի նշանակում, որ մեր վերահսկողություինց դուրս է այդ ոլորտը: Մենք իրականացնում ենք նաեւ դիտարկումներ, ուսումնասիրություններ: Եթե այդ ընթացքում հայտնաբերվում է ինչ-որ խնդիր, որը կապված է արտադրության հետ, ապա օրենքով սահմանված կարգով մենք կարող ենք նորից ստուգում իրականացնել:

-Պարոն Ղուլյան, պաղպաղակի շուկայում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են մակնշմա՞ն, ժամկետի՞, թե՞ այլ խնդրի հետ:

-Տարբեր են խախտումները: Իհարկե մակնշման հետ կապված բազմաթիվ խախտումներ եղել են: Բայց կան նաեւ խախտումներ կապված սանիտարահիգիենիկ պայմանների հետ:

-«Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր մտավախություն ունեն կապված երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմության հետ:

-Փողոցում վաճառվող պաղպաղակը դա փողոցային առեւտուր է, որը մեր վերահսկողության դաշտում չէ: Իսկ իտալական եւ ֆրանսիական պաղպաղակները, որոնք նույնպես վաճառվում են նաեւ փողոցում, դրանք ներմուծված են: Մեր կողմից պահանջվում է պարտադիր ստուգել դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իսկ այն երկիրը, որը ռիսկային է համարվում, այդտեղից ներմուծված պաղպաղակը ենթարկվում է նաեւ լաբորատոր փորձաքննության: Ի դեպ, Հայաստան պաղպաղակ է ներմուծվում Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Այս տարի մոտ մեկ ամիս առաջ առաջին անգամ նաեւ ՌԴ-ից է պաղպաղակ ներկրվել:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս