«Հայաստանում գրեթե ողջ հասարակությունը կոռումպացված է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է: Դիվանագետը Պետդեպին ուղարկած զեկուցագրում ներկայացնում է Հայաստանի 2010թ. դրությունը՝ հատուկ շեշտադրում անելով ՀՀ իշխանությունների կոռումպացվածությանը: Բավականին ուշագրավ են դիվանագետի վերլուծություններն ու գնահատականները 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների եւ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ: Փաստաթղթի ընթերցումը կասկածի տեղ չի թողնում, որ դիվանագետն ամբողջությամբ տիրապետում է Հայաստանում ստեղծված իրավիճակի մանրամասներին :

Յովանովիչը նախ տեղեկացնում է, որ Հայաստանն ունի խաղաղ քաղաքական հանրահավաքներ ու ցույցեր անելու փորձը, որոնք հաջորդել էին «2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական վիճահարույց ընտրություններին»: Դիվանագետը հավելում է, որ այդ իրավիճակը խաթարվել է միայն կառավարության կողմից կիրառված բռնության արդյունքում՝ 2008թ. մարտի 1-2-ին, որի հտեւանքը եղավ 10 մարդու մահը եւ 20-օրյա արտակարգ դրությունը: Ամերիկացին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտակարգ դրությունն առաջին հերթին ազդել է մամուլի ու հավաքների ազատության վրա: Հեղինակը նկատում է, որ այդ օրվանից սկսած կառավարությունը մշտապես մերժել է ընդդիմության՝ ցույցեր անելու հայտերը: Հատկանշական է, որ իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում էր, թե իշխանության հարցը լուծվում է ընտրությունների միջոցով: Արդ, մի՞թե նա նկատի ուներ այն ընտրությունը, որն ամերիկացի դիվանագետը որակում է «վիճահարույց»:

Յովանովիչը, նկարագրելով դեպքերի հետագա ընթացքը, փաստում է, որ ընդդիմության բազմաթիվ համակիրներ ձերբակալվեցին ու դատապարտվեցին ազատազրկման` դատական վիճահարույց որոշումներով: Նրա մատուցմամբ՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված գործիչների ազատ արձակման խնդիրը մասամբ լուծվեց 2009թ. հունիսի 19-ի նախագահական համաներման արդյունքում: Դիվանագետի ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունը ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում զերծ չի մնացել նաեւ տնտեսական պատժամիջոցներից, որոնք առաջին հերթին ազդել են ընդդիմադիր գործարարների վրա: Նա անդրադառնում է Խաչատուր Սուքիասյանի ու նրա բիզնեսների նկատմամբ 2008թ.կառավարության իրականացրած ճնշումներին` արձանագրելով, որ կառավարության հրահանգով լայնածավալ ստուգումներ են սկսվել վերոնշյալ գործարարի կազմակերպություններում: Յովանովիչը հավելում է, որ 2009թ. Սուքիասյանի ՙհանքային ջրերի գործարանը խլվեց ու վաճառվեց աճուրդի միջոցով՚: Ոստիկանության ու հարկային մարմինների միջամտությունը, ըստ դեսպանի, տեղի է ունեցել այն պահից ի վեր, երբ Սուքիասյանները պաշտոնապես մեղադրանքներ են հնչեցրել իշխանությունների հասցեին ու հայտարարել ընդդիմության թեկնածուին սատարելու մասին:

Քննարկելով կոռուպցիայի խնդիրը՝ դիվանագետը նկատում է, որ այն շարունակում է մնալ Հայաստանում ամերիկյան ներդրումների առաջին խոչընդոտը: Արձանագրելով, որ կառավարությունը վերջին չորս տարիներին մշտապես վերափոխումներ է անում այս բնագավառում՝ դիվանագետը նկատում է, որ դրանք իրականում բավարար չեն ու կոռուպցիան շարունակում է աճել: Դեսպանը որպես կոռուպցիայի մեջ առավելագույնս թաթախված ոլորտներ է նշում դատական համակարգը, հարկային ու մաքսային մարմինները, առողջապահության, կրթական ու իրավապահ օղակները: Դիվանագետը հանգում է այն եզրակացության, որ մանր կոռուպցիան տարածված է ամբողջ երկրով մեկ՝ ներառելով գրեթե ամբողջ հասարակությունը: Նա հիշատակում է 2009թ. «Transparency International»-ի զեկույցը, որում Հայաստանն աշխարհի 180 երկրների մեջ 120-րդ տեղում էր: Յովանովիչը մասնավորեցնում է, որ Հայաստանը ստացել էր 10 հնարավորից 2.7 միավոր, ինչը նշանակում է, որ այս երկրում կոռուպցիան ամենաբարձր մակարդակի վրա է:

Որպես իր խոսքերի ապացույց՝ դիվանագետը նշում է, որ իշխանությունն ու բիզնեսը Հայաստանում ամբողջությամբ սերտաճած են: Նա ավելացնում է, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաներն են հիմնականում տնօրինում երկրի մասնավոր բիզնեսը, իսկ իշխանություններն էլ հանդես են գալիս պրոտեկցիոնիզմի դիրքերից, ինչն առաջացնում է մոնոպոլիաներ ու օլիգոպոլիաներ՝ խորտակելով մրցակցության հնարավորությունը: Այսպիսով` ակնհայտ է, որ Յովանովիչը ներկայացրել է Հայաստանում ստեղծված դրության անկողմնակալ պատկերը: Մինչդեռ ի հեճուկս ԱՄՆ նախկին դեսպանի անկեղծ արձանագրումների՝ ՀՀ իշխանությունները շարունակում են կտրված մնալ իրականությունից եւ հրատապ հիմնախնդիրները լուծելու համար կախարդական փայտիկ որոնել:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս