Տնօրենն անչափահաս սանի դեմ «գործ է տվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի «Աթլետիկայի եւ ձմեռային մարզաձևերի» մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանը ոչ միայն մարզիչների հետ է «պայքարում» օրենքի դաշտում, այլեւ պատանի-անչափահաս մարզիկ-մարզուհիների: Արդեն ներկայացրել ենք, որ կայացրած անօրինական որոշումների պատճառով 7 դատական գործերով տնօրենը պարտվել է մարզադպրոցի ուսմասվարին ու նրա մարզիչ որդուն՝ նրանց տրված փոխհատուցումների հետեւանքով համայնքի բյուջեին պատճառելով 1,5 մլնի դրամի նյութական վնաս: Պարզվում է, բացի այս տնօրենը նաեւ մարզուհիներից մի քանիսի դեմ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանությունում:

«Ես չգիտեմ` ինչից սկսվեց, Գոհարի (ուսմասվար Գոհար Նազարյանի՝ հեղ.) լավագույն աշակերտները իրար հետեւից դուրս եկան, թողեցին սպորտը, գնացին: Այդ ուժեղ թիմից, Գոհարի խումբը շատ ուժեղ էր, միայն իմ աղջիկն էր, որ չգնաց: Մի օր էլ աշխատանքի վայրում նստած էի, եկավ տեսուչը, ասաց, որ իմ աղջկա դեմ բողոք է ներկայացվել: Քանի որ երեխան անչափահաս էր, առանց ծնողի իր հետ չէր կարելի հարցաքննություն վարել, միասին գնացինք: Մի քանի տարի իմ աղջկանից մեծ մարզուհու հետ վեճ էր եղել, ասել էր՝ դու թույլիկ ես, ինքն էլ նրան՝ դու էլ պառավ ես` էն իմաստով, որ տարիքով մեծ էր ու պարապում էր: Եսիմ ինչ չէր արել, լեզուն օգտագործել էր ինքնապաշտպանության համար:

Մեծ աղմուկ բարձրացրին: Տնօրենը դիմել էր ոստիկանություն. 16 տարեկան աղջիկ երեխայի դեմ տնօրենը ուրիշ լծակ չունե՞ր, խոսելու ձեւ չունե՞ր, մոտեցում չունե՞ր: Հարցրի ոստիկանին՝ մի բան հասկացա՞ք, նպատակը ի՞նչն էր, ասաց՝ սա աթոռի կռիվ ա, օգտագործում են երեխային: Գոհարի դեմ էր էդ ամեն ինչը, իրանց պետք էր, որ Գոհարը դուրս գա, չաշխատի: Տնօրենին ասեցի՝ ոչ դուք ինձ ինչ-որ բան ասեք, ոչ Գոհարը, դուք ինչ խնդիր ունեք, ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն մի խառնեք, զենք մի սարքեք: Դրանից հետո 5 տարի ա՝ ասում ա՝ չմտնես մարզադպրոց:

Ինչի՞, պետությունը սարքել ա երեխայի համար, որ առողջ մեծանա, որ էս պետությունը դեմք ունենա, նաեւ սպորտի բնագավառն է պետության դեմքը, ոչ թե, որ իրենք աշխատավարձ ստանան, փող սարքեն: Համահայկական խաղերին թույլ չտվեցին, որ Աշխենը մեր քաղաքի կողմից գնա, ինչի, մեր քաղաքին լավ մարզիկ պետք չէ՞ր: Նա էլ մասնակցեց Ույլանովսկի կողմից. օտար պետության օտար մարդիկ են մեզ համար սրտացավ: Աշխենը արդեն 12 տարի է պարապում է Աթլետիկայի մարզադպրոցում, հիմա ինձ ծանոթ մարզադպրոցի հետքը նույնիսկ չի մնացել, մենակ տեղանքը, ոչինչ չկա, գույքը շատ պակաս, ջրի մասին խոսք անգամ չկա, հանդերձարանը չի հսկվում, անընդհատ գողություններ, ձմեռը շատ ցուրտ, չի տաքացվում» , – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզադպրոցի ներկայիս վիճակը ներկայացրեց մարզուհիներից Աշխեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը:

Նշենք, որ Աշխենը աթլետիկայի Հայաստանի պատանիների չեմպիոն է, Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում վերջերս է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ներկայում նա Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողուհի է, Կարմիր դիպլոմի թեկնածու:

«Մեր հարցը եղել ա ոստիկանության անչափահասների բաժնում, ասել եմ՝ եթե սենց գնա, էրեխեքը կգնան ջահել-ջահել կնստեն»,-չի ժխտում տնօրեն Չիլինգարյանը՝ իրեն արդարացնելով, թե անչափահասների՝ օրենքի հետ առաջացած խնդիրներն իր եւ ուսմասվարի կոնֆլիկտի պատճառով են եղել:

«Հավաքել եմ՝ առաջինն ու վերջինը ըլի, բեր մոռանանք, բեր աշխատենք, իրար լեզու հասկանանք: Ոչ մի բան չի էղել: Իրար լեզու հասկանալն էս ա, որ էս դատական գործերը որ հանեմ, էսքան ա՝ սենց»:

Ադրինե Թորոսյան

Վանաձոր




Լրահոս