Եռակի խարդախին` 6,5 տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1982թ. ծնված Էդիտա Ներկարարյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ և Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչների ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի Կարմիր Խաչի գրասենյակի` անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք հատկացնելու պատրվակով խարդախությամբ հափշտակել է 677 հազար դրամ:

Է. Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ՙԽարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով՚): Է. Ներկարարյանը դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է: Նախկինում խարդախության համար 2 անգամ դատապարտված կինը հայտարարել է, որ անկեղծորեն զղջում է իր արարքների համար: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Նկատի ունենալով, որ նախորդ դատավճռով Է. Ներկարարյանը դեռեւս չի կրել 5 տարի 3 ամիս ազատազրկման պատիժը, դատարանը նրան վերջնականապես դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Քրեական գործով 8 տուժածները դատական նիստերին չեն մասնակցել: Դատարանի վճռով նրանց քաղաքացիական հայցով դիմելու իրավունք է վերապահվել: Նշենք, որ Է. Ներկարարյանն ամուսնալուծված է, ունի 2 անչափահաս երեխա, որոնցից մեկը հիվանդ է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս