ԳՆԱԼՈՎ ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ
Մինչ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում խոսում էր Հայաստանում մամուլի ազատության շատ բարձր աստիճանի, կարծիքների արտահայտման իրավունքի մասին՝ ներկայացնելով այն մեծ ձեռքբերում, պարզվեց՝ աշխատանքից ազատվել են մետրոպոլիտենի այն երեք աշխատակիցները, որոնք նախօրեին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցի էին դուրս եկել: Ընդ որում, այդ երեք աշխատակցին՝ Անդրանիկ Գեւորգյանին, Գագիկ Գալստյանին ու Սեւակ Հովհաննիսյանին, աշխատանքից ազատել են հենց բողոքի ակցիա կազմակերպելու համար. այդ մասին, Ա. Գեւորգյանի փոխանցմամբ, նրանց ասել է անձամբ մետրոպոլիտենի փոխտնօրենը հանդիպման ժամանակ: Փաստորեն, Հայաստանում քաղաքացիները զրկված են իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված որեւէ քայլ անելու հնարավորությունից: Չնայած, որ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը պատիժ է սահմանում «Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու համար», իսկ 155-րդ հոդվածը՝ «Գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու համար», այնուամենայնիվ, մետրոպոլիտենի աշխատակիցները պատժվեցին: Սա, համաձայնե՛ք, պատիվ չի բերում մեր երկրին:
Դեռեւս 5 ամիս առաջ «Հայ յեղափոխական դաշնակցություն»-ը հանրությանը ներկայացրեց «Մենք ապրելու ենք մեր երկրում» անվանումով արտագաղթի դեմ պայքարի իր ծրագիրը: Արմեն Ռուստամյանը այն ժամանակ հայտարարեց, որ երբ հանրային քննարկումների արդյունքում ծրագիրը վերջնական տեսքի գա, ապա մշակված տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին: Նա նաեւ վստահեցրեց, որ եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետամուտ չլինի ծրագրի կատարմանը, ապա ՀՅԴ-ն պատրաստ է հանրահավաքների միջոցով պարտադրել դրանց իրականացումը: Ինչո՞ւ այս խոսքերից 5 ամիս անց ՀՅԴ-ն հետամուտ չի լինում իր տված խոստման կատարմանը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ այս դանդաղ տեմպերը պայմանավորված են տարեվերջի եւ տարեսկզբի համընկնումներով: Նրանք դեռ աշխատում են այդ ուղղությամբ:
Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ: Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում: ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթ»-ի անցյալ տարվա արտադրանքը: Բացի այս՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա: Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա: Ժողովրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, մեկը մեկի հետ շաղկապված է: Ինչի չգիտե՞ք, թե ինչ է մեր երկրի վիճակը: Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի: Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է: Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարում»:
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաեւ Արցախ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, եւ կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ: Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, եւ մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից: ԼՂՀ ԱԺ խատանքի եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա: Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի:
ԾԱՆՐԱԿՇԻՌ ԿԼԻՆԻ
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ քննադատել է ՀՀ իշխանությունների` Մաքսային միություն մտնելու որոշումը: Նախկին արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. «Եթե 1-ից 10 միավորով մեր հնարավորությունները դասենք, ապա այդ անդամակցությամբ մենք դա իջեցրեցինք 1-ի, լավագույն դեպքում` 2-ի: Մենք մեր մանեւրելու հնարավորությունը կորցրեցինք: Եթե մենք այն բաց թողնեինք` չմտնելով Մաքսային միություն, կարող էինք նաեւ Եվրամիության հետ էլ ոչինչ չստորագրել, խնդիր չկար. ինչպես Ուկրաինան դա արեց, ինչպես Ադրբեջանը արեց, ինչպես Կենտրոնական Ասիայի երկրները արեցին: Այսինքն` միայն Հայաստա՞նն էր, որ մեզ բռնեցին, տարան այնտեղ: Ոչ ոք չտարավ, մենք մեր սխալներով գնացինք այնտեղ հայտնվեցինք»:
Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել Օսկանյանի ասածներին: Միայն թե տարակուսելի է այն, որ ԲՀԿ ղեկավար անդամն այս մասին բարձրաձայնում է սեպտեմբերի 3-ից հինգ ամիս անց միայն, այն էլ` ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ իր ղեկավարած հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում:
Առհասարակ, Վարդան Օսկանյանի դատողությունների գերակշիռ մասը, կարելի է ասել, անթերի է: Սակայն միայն այն դեպքում, երբ դրանք դիտարկվում են ասողի քաղաքական կարգավիճակից անջատ: Բայց երբ այդ դատողությունները ներկայացվում են որպես դրանց հեղինակի քաղաքական դիրքորոշում` միանգամից առաջ են գալիս բազմաթիվ հարցեր: Օրինակ` արդյո՞ք Վարդան Օսկանյանն իր այս տեսակետը հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացման դեմ խոսողի հայ լինելու հանգամանքը: Արդյո՞ք նա կուսակցության քաղխորհրդից պահանջել է հանդես գալ ՄՄ անդամակցության դեմ հայտարարությամբ կամ կոնկրետ այլ քայլեր անել, եթե ինչպես նշում է` այդ որոշմամբ մեր երկրի շանսերը 10 բալից իջեցվեցին 1-ի: Եթե պահանջել է եւ մերժվել, ապա այդ դեպքում ինչո՞ւ չի դադարեցրել իր անդամակցությունն այդ կուսակցությանը: Չէ՞ որ խոսքը կարեւորագույն հարցի շուրջ սկզբունքային անհամաձայնության մասին է:
Եվ ամենակարեւորը` արդյո՞ք Օսկանյանի այս հայտարարությունը համաձայնեցված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը, ինչպես գիտենք, Մաքսային միության հետ կապված առայսօր որեւէ տեսակետ չի արտահայտել:
Քանի որ, վստահ ենք` այս հարցերը մնալու են անպատասխան, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն էլ, լավագույն դեպքում, հերթական անգամ կհայտարարի, թե պարոն Օսկանյանը հնչեցրել է իր «անձնական կարծիքը», ապա թերեւս ճիշտ կլինի, որ նախկին արտգործնախարարը դադարեցնի զբաղվել քաղաքականությամբ եւ ձեռնամուխ լինի դասախոսական աշխատանքին: Այդ դեպքում նրա անձնական կարծիքը հաստատ շատ ավելի ծանրակշիռ կլինի: