Ապրիլի 16-ին, ժամը 12.10-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 1970-ի ծնված Վարդան Վ.-ն և հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում վիճաբանել է “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին և Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին և հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ: Վարդան Վ.-ն նաև ասել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել, այս մասին armlur.am – ը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով՝ թեթև մարմնական վնասվածքներ հարուցելը: Ի պատասխան հարցի, թե բացի Վարդան Վ.-ից էլ ովքեր են անցնում գործով, արդյո՞ք “հարցաքննվել են նաև հայտնի կանայք”, ովքեր նույն օրը թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց էին անում, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ նախաքննությունը շարունակվում է:
Ինքնակամ ներկայացած Վարդան Վ.-ն ազատության մեջ է:Մալաթիա Սեբաստիայի ոստիկանության քննչական բաժինը, որի վարույթում է գործի նախաքննությունը առայժմ խափանման միջոցի մասին որոշում չի կայացրել: