ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Թուրան» գործակալությանը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հեռանկարներին:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Այս առիթով նա հույս է հայտնել, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպմանը նրանք թերևս կարողացել են «առաջ գնալու տարբերակներ նախանշել»:
Ուորլիքը, միաժամանակ նշել է, որ դա կախված է արդեն նախագահների պատրաստակամությունից ու ցանկությունից: Նրա խոսքով, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է անձամբ իր դերը խաղալ հակամարտության կարգավորման հարցում: Ուորլիքը ընդգծել է, որ ոչ թե զուտ հանդիպումներ պետք է անցկացնել, այլ բանակցային գործընթացը նոր մակարդակի բարձրացնել: