ԳՆԱԼՈՒ Է ՍԵՎ ՇՈՒԿԱ` ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ նախօրեին հայտարարություն էին տարածել ընդդեմ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի՝ «բացահայտելով» նրա պաշտոնավարման ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք «մութ փաստեր»: Հայտարարությունում, ի թիվս այլ մեղադրանքների (այդ թվում եւ` աշխատավայրում մշտապես անսթափ լինելու), մասնավորապես նշված էր. «Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների եւ այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը»: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գուրգեն Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, ԱԱԾ աշխատակիցների տարածած հաղորդագրությունից ի՞նչ եզրակացություններ եք արել, ի վերջո պարզե՞լ եք՝ ովքեր են այդ աշխատակիցները:
-Ասեմ, որ այդ հայտարարությունը կաներ ցանկացած շուկայական կին, շուկայում մեծացած, տարիներ շարունակ շուկայում իր գործունեությունը կերտած ինչ-որ կին: Հիմարություն է, երբ հարց են ուղղում, թե ես տարիներ առաջ խմել եմ, չեմ խմել, ես դա ասում եմ հիմարություն է, որովհետեւ հատուկ ծառայություններն իրավունք չունեին այդպիսի հայտարարություն ձեւակերպել: Բայց, ի տարբերություն մանկապարտեզի վարիչի, ի տարբերություն շուկայի վաճառողի, սրանք հնարավորություն ունեին ուղիղ քրեական գործ հարուցել, բայց սրանք խոսում են հանցագործության մասին, որ իբր ես կատարել եմ, այն էլ` ծանրագույն հանցագործություններ, բայց որեւէ պատիժ չեմ կրել. պատկերացնո՞ւմ եք՝ իբրեւ մարդուն կտտանքների եմ ենթարկել եւ աղճատել եմ այդ մարդկանց ճակատագրերը: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում. այստեղ մեկ հանցագործություն չէ, երկուսը չէ, երեքը չէ, հիմա մինիմում մի 4 քրեական ծանրագույն հոդվածների մեջ ես պետք է մտնեի: Բայց հարց համար առաջին. այս բամբասանքների հեղինակներն ինչպե՞ս են հաջողացրել տարածել տեղեկությունն իրենց կայքով: Նույնիսկ մտածում եմ, որ դա ԱԱԾ աշխատակիցների արածը չէ, քանի որ շատ պրիմիտիվ ու շատ հիմար է ԱԱԾ աշխատակցի համար նման հաղորդագրությունը:
-Այսինքն` ըստ Ձեզ՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը նշված հայտարարությունից տեղյա՞կ չէ:
-Նա կարող էր տեղեկություն ունենալ, բայց քանի որ երկիրն ընդհանուր գտնվում է բարդակի մեջ, կարող է եւ ադրբեջանցիներն են այդ տեղեկությունը տեղադրել՝ իմ դեմ ուղղված:
-Բայց ՀՀ ԱԱԾ-ն մինչեւ այժմ որեւէ կերպ իր մասնակցությունը չի հերքել: Որեւէ հայտարարություն չի արվել առ այն, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները կապ չունեն այդ հաղորդագրության հետ:
-Հենց դա է կասկած առաջացնում. մտածում էի՝ միգուցե ադրբեջանական հատուկ ծառայություններն են ուզում ինձ վարկաբեկել, բայց հնարավորություն չունեն այլ կերպ, այսպես բամբասանքի միջոցով են փորձում ինձ վարկաբեկել: Բայց եթե սրանք են արել դա, ապա ասեմ, որ թուրքական եւ ադրբեջանական ծառայությունների անալիտիկները կգան այն եզրահանգմանը, որ Հայաստանում իսկապես չկա ազգային անվտանգության ծառայություն հասկացությունն ու մեր երկիրը կբզկտեն: Ավելի շատ, քան մինչեւ այսօր բզկտում էին:
-Իսկ ԱԱԾ-ի «մի խումբ աշխատակիցներ» ներկայացողների ձեռագիրը Ձեզ ինչ-որ բան չի՞ հուշում, չե՞ք կռահում, թե ովքեր կարող են թաքնված լինել այդ հայտարարության «հետեւում»:
-Չէ՛, դա հաստատ օպերատիվ աշխատողի հայտարարություն չէ, կարող է գրանցված է օպերատիվ աշխատող, կարող է նույնիսկ այդ մարդը գեներալ-գնդապետ է, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է, բայց այդպես էլ աշխատող չի դարձել, քանի որ ԱԱԾ աշխատակիցը նման բան երբեք չի անում, եթե գիտակցում է, որ ինքը ԱԱԾ աշխատակից է: Հիշեցնեմ, որ երբ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, երբ գնդակահարվեց մեր Ազգային ժողովը, ա՛յ էդ ժամանակ էդ Գորիկը հակահետախուզության պետն էր: Ինքն այն մարդկանցից մեկն էր, որն ուղիղ պետք է այդ ահաբեկչության համար պատժվեր, քանզի մենք նման հակաահաբեկչական ծառայություն ունեինք: Բայց դա տեղի չունեցավ, չպատժվեց, ավելին` դարձավ գեներալ-գնդապետ:
-Պարո՛ն Եղիազարյան, հայտարարությունում նշված մեղադրանքների «հետքերով» գնալո՞ւ եք, պարզելո՞ւ եք, թե, ի վերջո, ովքեր են այս ամենի հեղինակները: Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլն այս ուղղությամբ:
-Իհարկե անելու եմ, գնալու եմ սեւ շուկա, որպեսզի ման գամ ամենատգետ, կանաչի, մաստակ կամ մահ վաճառող կնոջը եւ նրանից հաշիվ պահանջեմ: Գնալու եմ գտնեմ այդ կնոջը պարտադիր եւ հաշիվ եմ պահանջելու. դա ավելի արդարացված կլինի, քան թե սրանց ինչ-որ բան ասելը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ՔԱՐՈԶԻՆՔ, ՀԱՄՈԶԻՆՔ»՝ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ
Փետրվարի երկրորդ կեսին ԼՂՀ ԱԺ-ում խորհրդակցություններ կանցկացվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման վերաբերյալ: ԼՂՀ իշխանությունները մտադիր են այդ համակարգին անցում կատարել 2015 թվականի հունվարից: ԼՂՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը վստահ է, որ եթե ժողովրդին համոզելու ու քարոզելու մեթոդը չօգնի, ուրեմն Արցախի իշխանությունները չեն գնա ժողովրդի կամքին դեմ եւ կդադարեցնեն կուտակայինի կիրառումը:
Եկող շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման շուրջ մտադիր է խորհրդակցություններ անցկացնել բոլոր հանձնաժողովներում: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ԼՂՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը քննարկումներ է ծավալել 2015թ. հունվարին կենսաթոշակային նոր համակարգի անցման վերաբերյալ: Չնայած մեծաքանակ քննարկումներին՝ օրենսդրական փաթեթը դեռեւս չի մտել խորհրդարան:
«Ես այդ փաթեթի կողմնակիցն եմ, ճիշտ է, աղմուկը շատ է, բայց ավելի լավ կլինի, որ այդ ջանքերն ուղղվեն այն հարցերի հսկողությանը, որի շուրջ աղմուկ են բարձրացնում: Երբ այդ օրենսդրական փաթեթը մտել է Ղարաբաղի Ազգային ժողով, մենք հետաքրքրվել ենք, որ երբ այն քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում, ապա նույն «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունները կողմ են քվեարկել, իսկ հիմա դեմ են: Զարմանալի փաստը դա է»,-ասաց Արեւիկ Պետրոսյանը՝ շեշտելով, որ Հայաստանում բարձրացրած մտահոգությունները բարձրացվել են նաեւ Արցախում: Նա մանրամասնեց, որ մտահոգիչ հարցերն առավելապես հնչել են ԼՂՀ ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության կողմից:
Արեւիկ Պետրոսյանը շրջանցեց այն հարցը, թե արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը կարող է ազդակ լինել նաեւ ԼՂՀ-ի համար, որպեսզի առաջիկայում փաթեթն օրակարգ չմտնի:
Սակայն, պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմեն Արցախի իշխանությունները, եթե Արցախում նույնպես բողոքի ալիք բարձրանա, ասաց. «Մենք պետք է համբերատար քարոզինք, համոզինք, դա է միակ ճանապարհը: Ժողովուրդը գերագույն իշխանությունն է, ամեն դեպքում ժողովրդի կամքը սուրբ է: Եթե ժողովուրդը դեմ լինի, ես չեմ գնալու ժողովուրդի դեմ, չնայած որ հիմա կողմ են կենսաթոշակային համակարգին»: Նա շեշտեց, որ եթե համոզելու ու քարոզելու մեթոդը չօգնի, ուրեմն Արցախի իշխանությունները կդադարեցնեն կուտակայինի կիրառումը:
Անդրադառնալով կենսաթոշակայինի դեմ ծավալված հայաստանյան մեծաքանակ բողոքի ցույցերին՝ նշեց, որ դեմ է երիտասարդների ճնշմանը: «Չկարծեք, որ եթե կողմ եմ օրենքին, ապա որոշ միջոցների կիրառմանն էլ եմ կողմ, չէ՛, կտրուկ դեմ եմ ճնշմանը»,-եզրափակեց ԼՂՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահը՝ շեշտելով, որ Արցախում կարեւորն օրենքի գերակայությունն է:
ԼԻԼԻԹ ԼԱԼԱՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵ՞Տ
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վերջերս սկսել է լրջորեն նախապատրաստվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն: Սա հատկապես այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ըստ էության, չկարողացավ կատարել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Ս. Սարգսյանի հանձնարարականը, եւ հիմա սպասվում է, որ երկրի ղեկավարը գուցե ցրի կառավարությունը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Վ. Սարգսյանը նույնիսկ սկսել է տարբեր խմբեր գործուղել ՌԴ՝ համապատասխան շրջանակների հետ այդ ուղղությամբ լոբբիստական աշխատանք տանելու համար: Նախագահի նստավայրից, սակայն, երեկ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ. «Ժողովուրդ»-ի հարցումը մնաց անպատասխան:
«ՍՏԻՑ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Առաջին անգամ ԲՀԿ համագումարն անցնելու է ոչ շքեղ պայմաններում: Եթե վերջին համագումարներն այս կուսակցությունն անցկացնում էր Մարզահամերգային համալիրի դահլիճում, ապա այսօրվա միջոցառումը տեղի կունենա ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, որը գտնվում է Երեւանի կոնյակի գործարանում: Ավելին, համագումարի առաջին նիստն էլ նախատեսված է անցկացնել փակ, եւ միայն նիստից հետո ԲՀԿ ղեկավար կազմը կհանդիպի լրագրողներին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս հանգամանքը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Այդպես ենք վարվում՝ համագումարի ձեւաչափից ու նպատակահարմարությունից ելնելով»: Թե ինչ նպատակահարմարության մասին էր ակնարկը, Ուրիխանյանը չմանրամասնեց: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ ԲՀԿ համագումարից հետո, հնարավոր է, մի քանի ԲՀԿ-ականներ լքեն կուսակցությունը կամ նվազագույնը սառեցնեն իրենց անդամակցությունը ինչ-ինչ պաշտոնների դիմաց: Սակայն Ուրիխանյանը, ավանդույթի համաձայն, ասաց. «Անհեթեթ տեղեկություններ են»: Սպասենք` կտեսնենք:
ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է
Սիրանուշ Ստեփանյանն այս տարվա հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Բայց այս ողջ ընթացքում նա իր իսկ ղեկավարած կառույցին չի ներկայացրել իր գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը: Ու սա այն դեպքում, երբ էթիկայի հանձնաժողովի անդամների համար եւս պարտադիր է նույն հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելը: Ավելին՝ հանձնաժողովի մյուս անդամները պահել են նախատեսված կարգը, իսկ ահա հանձնաժողովի ղեկավարը՝ ոչ: Թե ինչու է նա իր ունեցվածքի մասին զլանում տեղեկություն հայտնել, պարզ չէ: Անհասկանալի է նաեւ, թե այսքանից հետո ինչպես է քննելու պաշտոնյաների էթիկային առնչվող հարցեր: