
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ակտիվիստները զայրացած են Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի այցից Բոտսվանա, որտեղ միապետը մասնակցել է փղերի որսին: Բնապահպանները արքայից պահանջում են հրաժարվել հիմնադրամի պատվավոր նախագահի կոչումից: Նշենք, որ Իսպանիայի թագավորն այս պաշտոնը զբաղեցնում է 1968 թվականից:
“Թագավորի մասնակցությունը որսին վնասում է կազմակերպության հեղինակությանը եւ ստվեր է գցում նրա գործունեության վրա` ուղղված փղերի պահպանությանը”,- ասվում է նամակում, որն ուղարկվել է իսպանական արքունիք:Արքայական որսի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իսպանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Բոտսվանայում թագավորի հետ դժբախտ դեպք է պատահել. 74–ամյա Խուան Կառլոս Առաջինը որսի ժամանակ ընկել եւ կոտրել էր կողոսկրերը: