ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ-2
Շարունակում ենք ներկայացնել դատավորների գրած նամակից հատվածներ՝ ուղղված համաշխարհային ու եվրոպական դատարանների միությանը: Նամակի այս հատվածում դատավորները դժգոհում են, որ Հայաստանում արվում է ամեն ինչ՝ դատարանների անկախությունը, ըստ էության, չեզոքացնելու համար:
Իրենց եվրոպացի գործընկերներին ուղղված նամակում դատավորները հիշեցրել են. «ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին: Դատավորի եւ Սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով: Դատավորների անկախությունը, այդ թվում՝ սոցիալական, սահմանադրական երաշխիքներ են եւ սահմանված են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար 97-րդ եւ 96-րդ հոդվածներով»:
Նրանք նաեւ հիշեցրել են, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական վերը նշված նորմերը մեկնաբանել է իր՝ 20.09.2006թ. ՍԴՈ-6475 մեջ. ըստ որի՝ «Դատարանների անկախությունը վերացական հասկացություն չէ: Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար»:
Դատական իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ «դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային եւ, առաջին հերթին, արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք»: Այսինքն՝ դատավորները պետք է նախեւառաջ ֆինանսական խնդիրներ չունենան, քանի որ դատական համակարգի անկախության գրավականներից մեկը սոցիալական անկախության երաշխիքների ստեղծումն ու պահպանումն է:
Դատավորները, ում պաշտոնավարման տարիքը լրացել է, եւ ովքեր որոշակի ֆիքսված ժամանակահատված կատարել են դատավորի պարտականություններ, պետք է ստանան կենսաթոշակ, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում նրա ստացած վերջին աշխատավարձին:
Ու քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «դատավորի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից եւ դրա նկատմամբ սահմանվող հավելավճարներից», ուստի նամակում հիշեցում կա այն մասին, որ ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվել էր երաշխավորող նորմ, որի համաձայն՝ «դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում…»:
Սակայն մեր երկրում 2007թ. փետրվարի 22-ին ընդունվեց եւ 2007թ. ապրիլի 28-ին ուժի մեջ մտավ նաեւ «ՀՀ դատական օրենսգրքի ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքը, որը 26.05.2008թ. ընդունված ՀՕ-72-Ն ՀՀ օրենքով լրացվեց 2.1-րդ հոդվածով՝ սահմանելով հետեւյալ իրավակարգավորումը. «Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի ե՛ւ 1-ին, ե՛ւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամյա հավելավճար նրա՝ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Վերջում դատավորներն ահազանգում են. «Վերջին տարիներին, սակայն, ընդունվեցին մի շարք իրավական ակտեր, որոնք ակնհայտորեն եւ էականորեն վատթարացրեցին դատավորների իրավական դրությունը»:
Հաջորդիվ կներկայացնենք նամակից դուրս՝ արդեն բանավոր դժգոհությունները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են դատավորների շրջանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՔԿՀ-Ի ՉՀԵՏԱՔՐՔՐՎՈՂ ՊԵՏԸ
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում էր տվել այն մասին, որ 2007-2008թթ., աշխատելով «Հրազդան» ՔԿՀ-ին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու համար հերթափոխի պետերին գումար է տվել: Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստվել էին նյութեր, եւ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել: Այնուհետեւ դատապարտյալը դիմում էր հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իր կողմից նախկինում գրված դիմումին ընթացք չտալ, քանի որ այն գրել է հոգեկան անկայուն վիճակում:
Իհարկե, դրանից հետո դատապարտյալը ցուցմունք էր տվել այն մասին, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը իրականում գրել է «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցների եւ դիմակավորված մի խումբ անձանց սպառնալիքների, բռնությունների արդյունքում, նրանց թելադրանքով:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել ՔԿՀ-ում: Պարզվեց` ՔԿՀ-ն ընդհանրապես հացի գործարան չունի, եւ այն, ինչ գրված է, աղավաղված է. «Այդտեղ վրիպակներ կան, դրա համար էլ մենք չենք հետաքրքրվում»:
Սա նշանակում է, որ ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել գոյություն չունեցող հացի գործարանի գոյություն չունեցող աշխատակցի հաղորդման հիման վրա՞:
ԼՈՒՐԵՐ
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` 29-ամյա Դավիթ Վարդանյանը, ասել է, որ ինքը թմրամիջոցը ոչ թե Իրանում է գնել, այլ Ագարակի գազալցակայանում մեքենան կայանած իրանցիներից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Դավիթը ձերբակալվել էր մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոց անցկացնելու պահին:
Նկատենք, որ Դավիթի՝ երեկ դատարանում տված ցուցմունքների եւ ոստիկանությունում տված բացատրագրում առկա խոսքերի մեջ լուրջ հակասություններ կան, քանի որ մինչ երեկ Դավիթը պատճառաբանում էր, թե իրեն խաբել են, քանի որ ինքը հայերեն գրել չգիտի: Սակայն երեկ արդեն խոստովանել է, որ թմրանյութ է ունեցել, ավելին` այն ձեռք է բերել գազալցակայանում հանդիպած իրանցիներից: Մինչդեռ դատավարությանը ներկայացած Ագարակի գազալցակայանի աշխատակիցները երեկ միաբերան վստահեցրել են, որ երիտասարդին իրենց կայանում չեն տեսել, եւ իրենց մոտ բացարձակապես իրանական մեքենաներ չեն լիցքավորվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց սույն գործով դատավոր Նապոլեոն Օհանյանից հետաքրքրվել, թե արդյոք իրեն չի կաշկանդում այն փաստը, որ ամբաստանյալի աթոռին նախարարի որդի է նստած: «Ո՛չ, չի կաշկանդում»,-հակիրճ վստահեցրեց դատավորը:
ՉԻ ՀԱՄՈԶՎՈՒՄ
Արդեն երկու օր է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող, Անիի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, հացադուլ է հայտարարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրա դատապաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ խոսել է Հարությունի հետ, փորձել է համոզել դադարեցնել հացադուլը, սակայն ապարդյուն: Հիշեցնենք, որ Հարությունը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Իր այդ ծայրահեղ քայլով նա փորձում է ապացուցել, որ ինքը կապ չունի այդ սպանության հետ:
ԲԼԹ
«Ո՞վ չի սիրում. ես անձամբ շատ հարգում եմ իրեն, շատ հարգանք ունեմ իմ նախագահի նկատմամբ, թե չէ՝ սիրել-չսիրելը ո՞րն է, հո հնդկական կինո՞ չի»:
Մելիք Մանուկյան «Հրապարակ»
ԲՀԿ-ական գործարար-պատգամավորը, ում նաեւ Շշի Մելո են ասում, այլ տարբերակ չունի էլ, նա պետք է շատ հարգի Սերժ Սարգսյանին, քանի որ «այլընտրանքում» այդպես է ընդունված. գործարար հատվածը պետք է առանձնահատուկ հարգանք ցուցաբերի ՀՀԿ վերնախավի նկատմամբ: Ու այս հարցում ԲՀԿ-ականների համար օրինակ է ծառայում իրենց առաջնորդը, որը հոտնկայս խմում է Ս. Սարգսյանի կենացը, նաեւ գնում օդանավակայան՝ վերջին պատվով ճանապարհելու: Իսկ մնացած տեղերում էլ ընդդիմություն է խաղում` այլոց դեմքով: Մի խոսքով, այնպիսի սցենարներով, ինչպես հնդկական կինոներում թերեւս կգտնվեն:
«Ընդհանրապես ՄՄ-ն տնտեսական կառույց է, սակայն այն հանգամանքները, որում այսօր գտնվում է ՀՀ-ն, թույլ են տալիս մտածելու, որ ՄՄ անդամակցության հարցն ունի նաեւ քաղաքական բաղադրիչներ»:
Գագիկ Մինասյան «Առավոտ»
Այսքան ամիսներ անցնելուց հետո նո՞ր են հանգամանքները թույլ տալիս մտածելու, որ ՄՄ անդամակցության հարցն ունի նաեւ քաղաքական բաղադրիչներ, թե՞ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանին միայն հիմա է թույլատրվել խոսել այդ մասին: Ի սկզբանե էլ պարզ էր` տնտեսական շահը չէ, որ այսպես «մաքսատենչ» է դարձրել մեր իշխանություններին, հատկապես որ առ այսօր այդ հարցում տնտեսական շահի հեռանկարները տեսանելի չեն: Պարզապես ՀՀ նախագահի աթոռը պահպանելու համար գնացինք դեպի ՄՄ:
«Ժողովրդին էլ ենք հասկանում, մեղադրելու չի, բայց մեզ էլ մեղադրելու չի, էնպես որ մեկս մեկով, մի քիչ մենք ենք նեղվելու, մի քիչ իրանք: Ապրենք, տեսնենք՝ երբ կլավանա մարդկանց սոցիալական վիճակը»:
Արթուր Հարությունյան «Նյուզ»
Գագիկ Ծառուկյանի ՀՀԿ-ական դարձած սանիկը՝ Պալաչ մականունով, որը վաղուց լավ հարաբերությունների մեջ չէ իր քավորի հետ, ավելին` ինքնուրույն գծատեր է դարձել, որդեգրել է իր մյուս գծատեր ընկերների դավանած սկզբունքը՝ վնասով ենք աշխատում, գիծը փակելու ենք, եթե գինը չբարձրացվի եւ այլն: Նախ՝ եթե ձեռնտու չլիներ, վաղուց գիծը չէր աշխատի, եւ երկրորդը՝ ի՞նչ է նշանակում «մի քիչ մենք ենք նեղվելու, մի քիչ իրանք»: Ընդունենք, թե գծատերերը նեղվեցին, նրանք նեղվելու տեղ ունեն, իսկ ժողովուրդը որքա՞ն նեղվի, դեպի ո՞ւր նեղվի եւ մինչեւ ե՞րբ, երբ արդեն նեղվելու տեղ էլ չունի:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ