ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ ՀՅԴ ԾՐԱԳԻՐԸ

Դեռեւս սեպտեմբերի 18-ին «Հայ յեղափոխական դաշնակցություն»-ը հանրությանը ներկայացրեց «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի դեմ պայքարի իր ծրագիրը: Դաշնակցականները նախ խոստացան հանրային քննարկումների միջոցով հղկել ծրագիրը, ապա իշխանություններին պարտադրել իրականացնել այն: Անցել է հինգ ամիս, սակայն ՀՅԴ կողմից ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ քայլերը տեսանելի չեն:
«Դաշնակցության» 11 հիմնադրույթների վրա հիմնված եւ շուրջ 100 քայլից բաղկացած այս ծրագիրն ընդգրկում էր Հայաստանի կյանքի բոլոր ոլորտները:
Ծրագրում ներառված էին դրույթներ, որոնք ենթադրում էին բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, նոր աշխատատեղերի ստեղծում, վճարների, հարկերի, տուգանքների միջոցով հօգուտ մասնավորի քաղաքացիներից գումարներ գանձելու երեւույթի վերացում, դատական, կրթական ոլորտների բարեփոխումներ եւ այլն:
Սեպտեմբերի 18-ին ծրագիրը ներկայացնելիս ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծել էր, որ ՀՅԴ-ն մի քանի ամիս զբաղվել է ծրագրի մշակմամբ: «ՀՅԴ-ն չի սպասելու մինչեւ ամբողջական իշխանափոխության ծրագիրն իրականացվի, այլ պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկի»,-շեշտել էր նա:
Ծրագրի ստեղծման աշխատանքների պատասխանատու եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հավաստիացրել էր, որ ծրագիրը կբյուրեղացվի, երբ քննարկումներ ծավալվեն հասարակության բոլոր խմբերի հետ: Նրա խոսքով՝ ծրագիրը ոչ թե կուսակցական, այլ ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա, որպեսզի կյանքի կոչվի: «Հույս ունենք, որ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական ակտիվ սեկտորը, լրատվամիջոցները, եկեղեցին, Սփյուռքի ներկայացուցիչները, երիտասարդությունը կներգրավվեն այդ ծրագրի քննարկման մեջ, որպեսզի այն դառնա ազգային պլատֆորմ»,-պարզաբանել էր Արծվիկ Մինասյանը:
Իսկ թե ինչպես է լուծվելու ծրագրի իրականացման հարցը, բացատրել էր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ երբ հանրային քննարկումների արդյունքում ծրագիրը վերջնական տեսքի գա, մշակված տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին: Արմեն Ռուստամյանը հավատացրել էր, որ եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետամուտ չլինի ծրագրի իրականացմանը, ապա ՀՅԴ-ն պատրաստ է հանրահավաքների միջոցով պարտադրել դրա իրականացումը:
Ծրագրի ներկայացումից անցել է արդեն 5 ամիս, սակայն հանրությունն այդպես էլ ականատես չի լինում ո՛չ ծրագրի իրականացմանն ուղղված քայլերին, ո՛չ էլ ՀՅԴ-ի խոստացած հանրահավաքներին: Ավելին` չեղան նույնիսկ հանրային լայն քննարկումներ. հրապարակային միակ հանդիպումը տեղի է ունեցել ծրագրի ներկայացումից 3 օր անց` սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների հետ: Դրանից հետո, կարծես թե, մոռացվեց արտագաղթի դեմ ուղղված, ՀՅԴ-ի հավաստմամբ, կատարյալ թվացող այս ծրագիրը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դադարին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը վստահեցրեց, թե ծրագիրը մոռացության չի մատնվել եւ ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, Համբարձումյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ ոլորտի ներկայացուցիչների հետ են դրանք տեղի ունեցել, միայն նշեց, որ հանդիպումներն իրականացվել են փորձագետների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ ամբողջական փաթեթն արդեն իսկ պատրաստ է եւ շուտով կներկայացվի հանրությանը: Որոշակի դանդաղումը Արսեն Համբարձումյանը պայմանավորեց նրանով, որ քննարկումների ընթացքը համընկել է տարեվերջի ու տարեսկզբի հետ: Նա հաստատեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է մշակված փաթեթը ներկայացնել Սերժ Սարգսյանին ու պահանջել դրա կատարումը: Իսկ թե երբ կլինի դա, ԳՄ ներկայացուցիչը չկարողացավ նշել:

ԼԻԼԻԹ ԼԱԼԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՁԿԱՆ ԱՆԵԿԴՈՏՆ ՈՒ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է կառավարության ներկայացրած ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին»: Հանձնաժողովի ղեկավար էր նշանակվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: 

Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը»:
Երեկվա քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը հարց է ուղղել, թե ինչն է պատճառը, որ միավորվում են ոչ թե հինգ, այլ ընդամենը երկու մարմինները. «Կոմիտեի ստեղծման ջատագովներից մեկը ժամանակին ես եմ եղել: Բայց մենք ունենք հինգ քննչական մարմին ու դրա փոխարեն ունենալու ենք երկուսը` ոստիկանության եւ ՊՆ քննչական վարչությունները: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ընտրել իմ կարծիքով ամենավատ միացվողները` ՊՆ քննչականն ու ոստիկանության քննչականը: Դրանից մենք մեծ բարդություններ ենք ունենալու»:
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե ապագայում ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն էլ կմիանան. «Փուլային տարբերակ է, առաջին փուլում երկու ամենամեծ քննչական մարմիններն են միավորվում, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն կմիավորվեն որոշ ժամանակ անց: Կարճ ժամանակ հետո պարզ կդառնա` այս միավորումն ինչի կբերի»:
Հարցի քննարկման արդյունքում նախագծից բազմաթիվ կետեր հանվել են, ինչի կապակցությամբ Հ. Թովմասյանն անեկդոտ է պատմել. «Մի խանութպան իր խանութի վրա ցուցանակ է դնում՝ այստեղ վաճառվում է թարմ ձուկ: Ընկերներից մեկն ասում է՝ ինչո՞ւ ես գրել այստեղ, դա ակնհայտ է, հո ուրիշ տեղ չի՞ վաճառվելու: Ջնջում է «այստեղ» բառը: Հաջորդ ընկերն ասում է՝ ինչո՞ւ ես գրել վաճառվում է, պարզ է, որ խանութում պետք է վաճառվի, հո չե՞ն նվիրելու: Դա էլ է հանում, գալիս է երրորդ ընկերը՝ ինչո՞ւ ես գրել թարմ, բա հո հին ձուկ չէ՞ր վաճառվելու: Ցուցանակի վրա մնում է միայն «ձուկ» բառը, երբ գալիս է չորրորդ ընկերն ու ասում՝ ձկանդ հոտը մի կիլոմետրի վրա գալիս է, ինչո՞ւ ես գրել»:
Ինչեւէ. հարցը կքննարկվի հաջորդ նիստում, եւ եթե հանձնաժողովի կողմից արժանանա դրական եզրակացության, ապա այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

 



ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Երեկ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել` ահազանգելով Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 3 մեքենավարների` աշխատանքից ազատման կապակցությամբ: Նրանք են՝ Անդրանիկ Գեւորգյանը, Գագիկ Գալստյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը: Աշխատակիցները վստահեցնում են, որ իրենց ազատել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու հմար: «Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների: «Դեմ եմ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլեւ վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով՝ որեւէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ»,-նշված է նախաձեռնության տարածած հայտարարությունում:
Բացի այս՝ նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին, ցուցաբերել իրենց աջակցությունը՝ աշխատանքից ազատված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական գործընթացներ սկսելու հարցում: Նաեւ առաջարկում են սկսել դրամական հանգանակություն այդ քաղաքացիներին աջակցելու եւ նրանց գործերով դատական հայցերի ծախսերը հոգալու համար:
«Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները»,-նշված է հայտարարության մեջ:
Աշխատանքից ազատված Անդրանիկ Գեւորգյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն եւ ազատված գործընկերներին հեռացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն: Այն է՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում: «Նախապես մեզ չեն զգուշացրել, բացի այս՝ մեր մյուս աշխատակցին էլ ազատել են աշխատանքից հենց աշխատանքային ժամին: Առավոտյան ներկայացել է աշխատանքի, իսկ կեսօրին նրան տեղեկացրել են, որ արդեն ազատված է: Սա մենք համարում ենք բողոքի ակցիային մասնակցելու հետեւանք: Հիմա մենք ժողով ենք անում, որպեսզի քննարկենք մեր հետագա քայլերը»,-տեղեկացրեց Անդրանիկը:

 

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս