ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՆՐԻ ԴԵՖԻՑԻՏՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Մեր հանրապետությունում կաթի արտադրությունը խիստ սեզոնային բնույթ ունի, ինչի պատճառով պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ: Ձմեռային ամիսներին մթերվող հումքն արդեն սպառվում է, եւ, բնականաբար, պակասում է նաեւ պանրի արտադրության ծավալը: Բացի այդ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն էականորեն ազդել է նաեւ այս ոլորտի տնտեսվարողների գործունեության վրա:
ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Բանն այն է, որ հիմա կաթ չկա, իսկ շուկայում «Իգիթ»-ի անցյալ տարվա պանիրն է սպառվում:
Նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն է արդեն ազդել պանրի գնագոյացման վրա: Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա: Ժողովուրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, ի վիճակի չեն, մեկը մեկի հետ շաղկապված է: Ինչի չգիտե՞ք, թե ինչ է մեր երկրի վիճակը: Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի: Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է: Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարում»:
Նշենք, որ «Իգիթ» պանրի արտադրամասը գազով է աշխատում: Եվ, բնականաբար, անցյալ տարվա համեմատ գազի վարձավճարների շեշտակի ավելացումը զգալի հարված է եղել ընկերության բյուջեին: «Եթե այսպես շարունակվի, արտադրամասերը կփակվեն: Մենք էլ մի կերպ կարողանում ենք աշխատել, քանի որ մեծ ներդրումներ ենք արել, եւ երկար տարիներ է, ինչ աշխատում ենք: Մեր ընկերությունն էլ վարկային մեծ պարտավորություններ ունի: Բացի այս՝ գյուղացիները սկսել են քիչ թվով անասուն պահել, քանի որ անասնակերն էլ է թանկ, եկամուտ չեն ունենում: Բոլորն անհույս վիճակում են՝ թե՛ արտադրողը, թե՛ սովորական քաղաքացին: Լույսի նշույլ չկա՝ էս երկրի հետ կապված: Մարդիկ ինչ-որ բանի են սպասում, բայց ինչի` իրենք էլ չգիտեն»,-հուսահատված նկատեց մեր զրուցակիցը:
Այն, որ ՀՀ-ում կաթի արտադրությունը կրում է սեզոնային բնույթ, նշեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ կաթի արտադրության ամենացածր ծավալները նկատվում են նոյեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում` ամսական 20-30 հազար տոննայի սահմաններում, մինչդեռ մարտ-ապրիլ ամսից այն սկսում է ավելանալ եւ արդեն մայիս-հունիս ամիսներին հասնում ամենաբարձր մակարդակին` ամսական կազմելով 70-85 հազար տոննա կամ շուրջ 3 անգամ ավելի, քան նոյեմբեր-փետրվարին:
«Դրան համապատասխան, կաթի մթերման գները տարբեր են. նոյեմբերից փետրվար ամիսներին մթերման գներն ամենաբարձրն են` 1 կգ-ն 180-200, նույնիսկ 220 դրամ, իսկ ապրիլից սկսած, երբ ավելանում են կաթի արտադրության ծավալները, վերամշակող ձեռնարկությունները նվազեցնում են կաթի մթերման գները` հասցնելով 150-160 դրամի: Այդ իսկ պատճառով պանրի զգալի մասը արտադրվում է ցածր գնով ձեռքբերված կաթից (սկսած ապրիլ ամսից): Դրան համամասնորեն ձմռան ամիսներին պանրի արտադրության ծավալները ցածր են, որոշ վերամշակողներ նույնիսկ նոյեմբերից-մարտ ամիսներին պանիր չեն արտադրում»,-ներկայացրեց վարչության պետը` ավելացնելով, որ սրանով է պայմանավորված այդ ամիսներին նկատվող պանրի սակավությունն ու սահմանափակ տեսականին:
Ինչ վերաբերում է պանրի ներմուծմանն ու արտահանմանը, ապա վարչության պետի ներկայացմամբ` վերջին 2 տարիներին կտրուկ ավելացել են պանրի արտահանման ծավալները: 2012թ. հանրապետությունից արտահանվել է 904 հազար տոննա պանիր (2011թ.-ի համեմատ` 2 անգամ ավելի), իսկ 2013թ.-ին` 1541 տոննա կամ նախորդ տարվանից 1.7 անգամ ավելի: Նկատենք, որ պանրի ներկրումն անհամեմատ ավելի շատ է. 2013թ. ՀՀ է ներկրվել 1243.7 տոննա պանիր: «Հանրապետություն են ներկրվում հիմնականում այնպիսի պանրատեսակներ, որոնք մեր երկրում չեն արտադրվում կամ էլ արտադրվում են սահմանափակ քանակությամբ (պինդ պանիրներ, համեմունքներով, մրգերի, բանջարեղենի, մսամթերքի խառնուրդներ պարունակող պանիրներ եւ այլն): Ի դեպ, աշխարհում հայտնի պանիրների մի քանի հարյուր տեսակներից մեր երկրում արտադրվում է ընդամենը 3 տասնյակ տեսականի»,-տեղեկացրեց Ա. Հովհաննիսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ԴԵՌ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի» Դիլիջանի մասնաճյուղի մոտ արձակված կրակոցների հետեւանքով վիրավորված 34-ամյա Արտավազդ Թամրազյանը Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր: Նա Թեղուտի գյուղապետի որդին էր: Կռվի մեկ այլ մասնակից, Դիլիջանի 33-ամյա բնակիչ Նավասարդ Աբգարյանը եւս Դիլիջանի բժշկական կենտրոնում կատարված վիրահատությունից հետո մահացել էր: Ն. Աբգարյանը Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր, մեծահարուստ Արմեն Աբգարյանի՝ «Ցոլակի Արմենի» եղբոր որդին էր: Դիլիջանում կատարված հանցագործության կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել Թեղուտի գյուղապետի մյուս որդու` Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ: Դիլիջանում տեղի ունեցած «ռազբորկայից» հետո բավական ժամանակ փակ էր Թեղուտ գյուղի մուտքի մոտ գտնվող, գյուղապետ Արարատ Թամրազյանի ընտանիքին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանը: Մի քանի օր առաջ գազալցավորման կայանը վերսկսել է աշխատանքը: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ Արագած Թամրազյանը դեռեւս չի հայտնաբերվել:

 

Ե՞ՐԲ ԴԱՏԱԽԱԶ ԿՆՇԱՆԱԿՎԻ

Ավելի քան երկուսուկես ամիս է, ինչ Տավուշի մարզը դատախազ չունի: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այդպես էլ չի կողմնորոշվում մարզի դատախազի ընտրության հարցում: Մեր ունեցած տեղեկություններով՝ Տավուշի դատախազությունում թափուր աշխատատեղերի պատճառով դատախազության աշխատակիցները աշխատում են գերծանրաբեռնված: Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 28-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը: Նա մեզ ասել էր, որ հրաժարական է տալիս առողջական խնդիրների պատճառով: Նկատենք, սակայն, որ նա նախկինում չէր գանգատվում առողջությունից եւ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում էր: Դեռ մինչեւ 49-ամյա Աննա Մանթաշյանի հրաժարականը, նրա տեղակալներ էին նշանակվել Ներսես Չիլինգարյանը, Արամ Դոլինյանը եւ Յուրա Բաղյանը: Վերջինս անցյալ տարվա նոյեմբերին էր Կոտայքի մարզից Տավուշի դատախազություն աշխատանքի տեղափոխվել: Այժմ հենց նա էլ ժամանակավորապես կատարում է Տավուշի մարզի դատախազի պարտականությունները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆՈՐԻՑ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է

Փետրվարի 13-ի դրությամբ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում նվաճած մեդալների հաշվարկով առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան. 10 մեդալ, որից 7-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե եւ 1-ը՝ բրոնզե։ Իր մեդալների քանակը չի ավելացրել Կանադան, որը 4-ական ոսկե ու արծաթե, 2 բրոնզե մեդալով շարունակում է մնալ երկրորդ տեղում։ Առաջատար տասնյակում են Նորվեգիան, Հոլանդիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ամենալավ արդյունքն ունի Բելառուսը, որը նվաճել է մեկ ոսկե մեդալ եւ մեդալների հաշվարկով 15-րդն է։ Իսկ ահա Հայաստանի մարզիկների ու միակ մարզուհու համար, ամենայն հավանականությամբ, գլխավորը մնում է եզրագծին հասնելը։ Եվ փետրվարի 13-ին այդ հերոսական քայլը կատարեց գյումրեցի Կատյա Գալստյանը, ով կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում 70 մասնակիցների մեջ զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը։ Երեկ վարկանիշային միավորներով օլիմպիական ուղեգիր նվաճած աշոցքցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը մասնակցեցին 15 կմ երկարությամբ դասական ոճի մրցումներին: Նշենք նաեւ, որ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23-ին հանդես կգա նաեւ 50 կմ ազատ ոճի դահուկավազքում: Ինչ վերաբերում է լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանին, ապա նա փետրվարի 19-ին եւ 22-ին իր ունակությունները կդրսեւորի հաջորդաբար հսկա ոլորավայրէջք եւ հատուկ ոլորավայրէջք մրցաձեւերում: Հույս ունենանք, որ այս անգամ էլ նրանք հերոսաբար կհասնեն եզրագծին։

 

ՄՐՑԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Փետրվարի 13-ին Բյուրեղավանի «Քեթրին» մարզակումբում ավարտվեց սուսերամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Բյուրեղավանի 115 սուսերամարտիկներ: Խոցասուսեր մրցաձեւում հաղթողներ դարձան Էմմա Պողոսովնան («Քեթրին» ակումբ), Մանվել Հովհաննիսյանը (Արաբկիրի մարզադպրոց), ճկասուսեր մրցաձեւում՝ Արփինե Աթոյանը («Քեթրին» ակումբ), Մայքլ Հովհաննիսյանը (Երեւանի հրաձգության մարզադպրոց), իսկ թրասուսերում՝ Խաչիկ Արիստակեսյանը (ՀՄՄ Նորագավթի մարզադպրոց):

 

ԶԲԱՂՎՈՒՄ Է ԲԻԶՆԵՍՈՎ

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, թիմի մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ թեեւ Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկ»-ի նախկին հարձակվողն անցած տարի պրոֆեսիոնալ մարզչի արտոնագիր էր ստացել, այնուամենայնիվ որոշել է թողնել մարզչական գործունեությունը: Մինչեւ Սարգիս Հովսեփյանի նշանակումը «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նա կատարում էր այդ պարտականությունները, բացի այդ` մարզել է Հայաստանի 17 տարեկանների հավաքականը:
Մեզ հետ զրույցում Վարազդատ Ավետիսյանը ասաց, որ ներկայումս զբաղվում է բիզնես գործունեությամբ եւ մարզիչ աշխատելու ժամանակ պարզապես չի մնում։

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս