ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԻՄ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻՑ ԳՈՀ ԵՄ»

ՀՀ ժողովրդական արտիստ, Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը փետրվարի 16-ին կդառնա 60 տարեկան։ Եվ «Ժողովուրդ»-ը ներկայացնում է սիրված արվեստագետի հետ կայացած հարցազրույցը։

-Զգո՞ւմ եք, որ 60 տարեկան եք դառնում։
-Երիտասարդ տարիքում այդ թիվը շատ մեծ էր թվում…
-Ու գուցե նաեւ՝ շատ հեռու։
-Ոչ միայն հեռու, այլեւ 60 տարեկաններն ինձ համար շատ պատկառելի, հասուն տարիքի մարդիկ էին։ Մի անգամ տատիս հարցրի. «Տա՛տ, զգո՞ւմ ես, որ 90 տարեկան ես»։ Պատասխանեց. «Լաո՛, սիրտս 18 տարեկան է»։ Հիմա ես էլ զգում եմ, որ մարդու սիրտը չի ծերանում, հոգին չի մեծանում տարիքով, մարմինն է ծերանում, եւ Աստված շռայլորեն մարդուն պարգեւած բոլոր բարիքները կամաց-կամաց սկսում է ետ առնել։
-Եթե նորից ամեն ինչ սկսեիք, նույնը կանեի՞ք, թե՞ ինչ-որ բան կփոխեիք։
-Իմ անցած ճանապարհից, ապրած կյանքից գոհ եմ, երջանիկ։ Վստահեցնում եմ Ձեզ, որ նախախնամության մատը միշտ խառն է եղել. հաճախ մի բան որոշել եմ անել, բայց չեմ արել, եւ ինքնաբերաբար ուրիշ բան է եղել, որը շատ ավելի լավն էր, քան ես մտադիր էի անել։ Եվ այս օրերին, ինչպես ամեն Նոր տարի, միշտ ետ ես նայում անցած տարում արածներին եւ չարածներին ու առավելապես ափսոսում ես չարածների, չհասցրածների համար։ Իսկ հիմա, երբ չգիտեմ՝ դիմացս ինչքան կա, երեւի թե ավելի կշտապեմ հնարավոր առավելագույնը անել։
-Ձեր ձեռքբերումները շատ են, բայց հատկապես ի՞նչը կառանձնացնեիք։
-Ինձ համար անսահման թանկ է Աշուղ Ջիվանին, եւ իմ երիտասարդության տարիներից մի մեծ հատված նվիրեցի նրա ձեռագրերի ուսումնասիրությանը ու բնավ չեմ ափսոսում. արդեն հրատարակել եմ այդ ձեռագրերից քաղված անտիպ, անհայտ մնացած երգերը։ Ընդ որում, այդ ձեռագրերի թանաքը գնալով անհետանում է թղթի վրայից, եւ գուցե տասնամյակներ հետո ձեռագրերը դառնան անընթեռնելի։ Ու ես լավ եմ զգում, որ իմ կյանքից կարեւոր եւ լուրջ մաս եմ նվիրել այդ ձեռագրերը փրկելուն։ Ձեռքբերում եմ համարում Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, կոնսերվատորիայում ուսանելը, Վաղարշակ Սահակյանի «Սայաթ-Նովա» անսամբլում, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլում երգելը… 1992-ից վերականգնեցինք, եւ ղեկավարում եմ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։ Անսամբլի ձեռքբերումները, այն ղեկավարելը համարում եմ մեծ պատիվ եւ ձեռքբերում նաեւ ինձ համար։ Ու նաեւ՝ մեծ պատասխանատվություն։
-Չորս դուստր ունեք, թոռներ, Ձեր գործի շարունակողը կա՞։
-Չորս դուստր ունեմ եւ ինձ համարում եմ աշխարհի բախտավոր մարդկանցից, երկու տղա թոռնիկ ունեմ… առայժմ՝ Տիգրանը եւ Հայկը։ Տիգրանս 15 տարեկան է, ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի թառի բաժինը եւ կարծես ուզում է հետեւել իմ ցուցումներին։ Սիրում է իր նվագարանը, ազգային ժողովրդական աշուղական երգը, երաժշտությունը, պարապում շատ ջանադրաբար, եւ հույս ունեմ, որ պտուղները պիտի քաղեմ։ Թառը իմ սիրելի նվագարանն է, բայց, ցավոք, այսօրվա սերնդից քչերն են ցանկանում թառ նվագել, եւ ես իմ ընտանիքի միջոցով ուզեցի նաեւ լրացնել այդ մեծ բացի մեզ հասանելիք փոքրիկ, մի պտղունց բաժինը։ Եվ աղոթում եմ Աստծուն, որ Տիգրանս դառնա լուրջ արվեստագետ, լուրջ երաժիշտ եւ, ինչու չէ, լուրջ թառահար։ Իսկ Հայկը դեռ 3 տարեկան է։
-Ամանորից քիչ ժամանակ է անցել, ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին։
-Փափագս է, որ մեր հայրենիքը լինի հարատեւ խաղաղության մեջ, ժողովուրդն ապրի իրեն արժանի բարեկեցիկ կյանքով, որպեսզի մեր աշխատանքն էլ տեղ հասնի։ Մենք երգում ենք ժողովրդի համար, եւ տա Աստված՝ այնպես լինի, որ մեր ժողովուրդը երգ լսելու, երգով ապրելու սիրտ ունենա։ Հոգսերը նահանջեն, եւ կյանքը թելադրի ապրել արվեստով, ապրել գեղեցիկով, ապրել գեղեցիկի ձեռքբերումով։ Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ դահլիճում, համերգ ունեցանք, եւ համերգի հովանավոր Շուշանիկ Սարգսյանը մի առիթով ասաց, որ իրենք այնքան ապրուստ ունեն, որ ապահովել են զավակներին, թոռներին, միգուցե նաեւ թոռների երեխաներին եւ հավելեց. «Դրանից ավելին մեզ պետք չէ, ի՞նչ պիդի էնենք»։ Եվ ընտանիքով մտածել են, որ պետք է գեղեցիկ ապրեն։ Իսկ իրենց համար գեղեցիկ ապրելը աջակցելն է հայ մշակույթին, «Սայաթ-Նովա» անսամբլին, Սայաթ-Նովայի արվեստը հասանելի դարձնելն է մեր ժողովրդին ամենուրեք։ Եվ, ինչու չէ, նաեւ այդ արվեստով մեր ժողովրդին ներկայացնելը օտարներին։ Ահա Սարգսյան ընտանիքի գեղեցիկ ապրելու բանաձեւը, եւ ցանկալի է, որ այն ընդունվի նաեւ այլ մեծահարուստների կողմից։

 

 

 

 

 

 

 

ՎԱԼԵՆՏԻՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐԻ ՀԵՏ

Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին կարծում է, որ մեր ազգին հատուկ է երկակի մտածողությունը, որի դրսեւորումներից է, օրինակ, Սուրբ Սարգսի ու Վալենտինի տոները խառնելը. «Չնայած Սուրբ Սարգիսը համամարդկային անձ է, բայց ժողովրդի սիրած սուրբն է, ում մասին ստեղծվել են ավանդապատումներ, առասպելներ, պատմություններ, որոնցով կարողացել են ճիշտ դաստիարակել երիտասարդությանը։ Դրանք շատ լակոնիկ են, պարզ, հեքիաթային, եւ երիտասարդը կարդալիս զգում է, թե ինչպիսին ինքը պետք է լինի։ Բացի այդ՝ նաեւ մարտիրոսվելու խորհուրդը կա»։
Ըստ նրա՝ Սուրբ Սարգիսը բազմաթիվ խորհուրդներ ունի՝ ծնունդը, սերը, բռնավորին օգնելը, վայրի գազաններին անվնաս դարձնելը. «Եթե մեկի եղբայրը մի գյուղից մեկ այլ գյուղ պիտի գնար, դիմել է Սուրբ Սարգսին, որպեսզի օգնի՝ բքին, բորանին անցնել ճանապարհը։ Ու երբ գայլերը հարձակվել են, Սուրբ Սարգիսը քարացրել է նրանց։ Նույնիսկ անգրագետ լինելով՝ մարդիկ կարողացել են այս հավաքական կերպարով դաստիարակվել որպես քրիստոնյա»։
Դիտարկմանը, որ այսօր Սուրբ Սարգսի տոնն ընկալվում է զուտ որպես սիրո տոն ու խառնվում է Ս. Վալենտինի տոնի հետ, որի խորհրդանիշերը շատ-շատ են, մեր զրուցակիցը արձագանքեց. «Դա բիզնես է եւ բացարձակապես կապ չունի մեր հոգեւորի հետ։ Սուրբ Սարգսի համար էլ կարող են բացիկներ, այլ խորհրդանիշեր պատրաստել, նվիրել եւ ակնկալիքներ ունենալ. Սուրբ Սարգսի տոնը հույսի, հավատի եւ սիրո տոն է։ Երիտասարդները ամբողջ տարին են պատրաստվել այդ տոնին, կարդացել են, ուսումնասիրել, աղջիկները ձեռագործներ են արել, նվիրել իրենց սիրո էակին։ Մեկ կամ մի քանի օրում հնարավոր չէ երիտասարդությանը բացատրել1600 տարվա մշակույթը»:
Ազգագրագետը հիշեցրեց, որ Գարեգին Բ-ի Կոնդակով այն ընդունվել է որպես նորապսակների եւ սիրո տոն. «Կրկնակի հարսանեկան ծես է արվում, որն ունի իր խորհուրդը, յոթ տեսակի սերմերից պատրաստված իր սինին։ Չէ՞ որ ի սկզբանե սերմն է կյանքում, սերմից է սկսվում ամեն ինչ։ Մեր ժողովրդի համար Քրիստոսից հետո արագահաս Սուրբ Սարգիսն է եղել օգնական մարդուն, նրա գաղափարը մինչ քրիստոնեությունն էլ է եղել, նրա երեք խորհուրդը բնության հետ է կապված, իսկ հայերս էլ բնապաշտ ենք, եւ դրա խորհուրդն անցել է նրանից։ Եթե այդ ամենը բացատրվի, երիտասարդները կսիրեն իրենց արմատները, բայց չգիտեն, իսկ Վալենտինն էլ ավելի թեթեւ, ավելի կենցաղային է, դա են նշում ու այդպես ավելի բթանում։ Ասես՝ կենաց ծառ պատրաստի՛ր, սիրո ծառ, չեն կարող. նույնիսկ գաղափար չունեն արական, իգական գույների՝ կարմիրի ու կանաչի մասին։ Այդ ամենի մասին դասատուները չգիտեն, ինչպե՞ս կարող են երեխաներին սովորեցնել»։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՔԱՎՈՐԻՆ»

Փետրվարի 23-ին Արամեն հանրությանը կներկայացնի իր «քավորին»: Բնականաբար, խոսքը նոր տեսահոլովակի մասին է, որում խաղում է հումորային հայտնի ու սիրված դերասան, իսկ թե ով, փակագծերն ամբողջովին կբացվեն տեսահոլովակի պրեմիերայի օրը: Երգիչն իր «Քավոր» ստեղծագործության էկրանավորումը վստահել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանին: Երգում, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, ասվում է. «Քավո՛ր ջան, արի՛, առանց քավոր, մեկ է, ոչ ոք չի պարի», եւ քանի որ խոսքը պարելու մասին է, հենց նրա պարով էլ հոլովակում ամեն ինչ ասվում է: Պարային համարներով հագեցած տեսահոլովակում նկարահանվել է Լոնդոնից հրավիրված պարող եւ խորեոգրաֆ Աարոն Շիկամարու Չարլզը, պարային շարժումներով ակտիվ է լինելու նաեւ Արամեն:

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

Երգիչ Նարեկ Մակարյանն օրերս վիրահատվել է: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է անցել: Նարեկը հիվանդանոցից տուն կգնա մի քանի օրից, իսկ հիմա նրան են այցելում հարազատներն ու ընկերները, որոնց ուշադրությունից երգիչը շոյված է. «Վիրահատությունս պատճառ դարձավ հասկանալու, որ լավ ու կամեցող մարդիկ շատ են: Նույնիսկ անծանոթներն են զանգում հիվանդանոց ու հետաքրքրվում իմ առողջական վիճակով: Բժշկական անձնակազմն էլ լավ է վերաբերում, չնայած վատ առիթով ինձ տեսան, բայց խնդրում էին իրենց համար երգել»: Վիրահատությունից հետո Նարեկը կշարունակի նկարահանվել «Պրեմիերա» երաժշտական նախագծում:

 

ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ

Բրիթնի Սփիրսն իր մազերի նոր երանգով կրկին զարմացրել է երկրպագուներին: Իր մուգ մազերով նկարները երգչուհին օրերս հրապարակել է «Ֆեյսբուք»-ի էջում եւ Instagram-ում: Հիշեցնենք, որ 32-ամյա երգչուհին հիմա ելույթներ է ունենում Լաս Վեգասում իր Piece of Me շոուով: Երկու տարի ժամկետով պայմանագիրը նրան կբերի 30 մլն դոլար:




Լրահոս