ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Նորք-Մարաշ վարչական շրջանում

Առաջին հայացքից թվում է, թե այս մեքենայի վարորդը տաքսի է վարում եւ ուղեւորներ փոխադրում: Բայց երբ նկատվում է հետեւի ապակուն փակցված «18+» արտահայտությունը, փոքր-ինչ կասկածելի է թվում մատուցվող ծառայությունների ցանկը:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե սոցիալական փաթեթի շրջանակներում աշխատակիցների հետ ինչ ժամկետով է կնքվում առողջության ապահովագրության պայմանագիրը: Եվ ընդհանրապես, ե՞րբ է այն ուժի մեջ մտնում:

Լիանա Համբարձումյան (27 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից 15 օր հետո: Նախորդ ապահովագրական տարվա համար սոցիալական փաթեթի շրջանակներում կնքած առողջության ապահովագրության պայմանագիր ունենալու դեպքում պայմանագիրն ուժի մեջ է մտնում ոչ շուտ կամ ոչ ուշ, քան նախորդ ապահովագրական տարվա համար կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
«Ռեսո» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ Կենտրոնական բանկի՝ ՀՀ տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա ունի 9 ապահովագրական ընկերություն, սակայն փաստացի գործում եւ հաշվետու է 7-ը: 2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 1.1 մլրդ դրամ, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների՝ 4.0%, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ կապիտալի՝ 11.2%: Շահույթով է աշխատել 6 ընկերություն: Ավելացնենք, որ ապահովագրական ընկերություններն իրենց գումարների մոտ 60%-ը ստացել են ԱՊՊԱ-ից, մոտ 18%-ը՝ հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրությունից, եւ 10%-ը՝ առողջության ապահովագրումից:

 

 

ՀԱՐՑ. 2 տղաներս էլ ծնվել են արատով. մեկն ի ծնե ունի թոք-սրտային ատրեզիա՝ ֆալոիտետրադայի նման արատ, 2 անգամ շումբավորված է,հիմա վիճակը կայուն է, բայց մինչեւ 1 տարին լրանալը պետք է վիրահատություն կատարվի: Մյուսն ունի հենց կոնկրետ ֆալոիտետրադա: Նրանց հաշմանդամության կարգ հասնո՞ւմ է:

Գասպարյան Արմեն, Արման (Մազմանյան 2, բն. 22)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ առողջապահության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների 2006թ. «Բժշկական հաստատությունների կողմից անձանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը եւ տրվող ուղեգրի ձեւերը հաստատելու մասին» 580/100 համատեղ հրամանի հավելվածի 3-րդ կետի՝ «Մինչեւ 18 տարեկան երեխային «հաշմանդամ երեխա» կարգավիճակի տրման համար բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը (Ձեւ N 088-1) լրացվում է համապատասխան հիվանդանոցային բուժհաստատության, մասնագիտացված կենտրոնների կամ դիսպանսերների կողմից վերջին 6 ամսվա ընթացքում տրված եզրակացության կամ էպիկրիզի հիման վրա, որտեղ պետք է նշվի նաեւ տվյալ ֆունկցիայի խանգարման ծանրության աստիճանը:
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.2006թ. «Բժշկասոցիալական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի՝ «Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Նույն կարգի 10-րդ կետի համաձայն՝ անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, որին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ սահմանված կարգով տրված բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ UNICEF-ի տվյալների՝ Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ կամ օրական ընդամենը 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում աղքատության շեմը կազմում է 97,1 դոլար` ամսական մեկ շնչի հաշվով):

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել է եւ հեռացել ՀՀ-ից, ապա նա կարո՞ղ է պետական բյուջե համապատասխան վճարները մուծել միջնորդավորված եղանակով՝ առանց նախապես Հայաստան վերադառնալու:

Մարգարիտա Եղիազարյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տեղեկացնում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնելու դիմումներ, ինչպես նաեւ կատարելու վճարներ: Ավելին, նա կարող է լիազորել նույն անձին՝ ստանալու իր զինվորական գրքույկը: Խուսափած քաղաքացու անունից կարող է հանդես գալ նաեւ նրա ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ առանց որեւէ լիազորագրի (ամեն դեպքում, լիազորագրի առկայությունը պարտադիր է լինելու զինվորական գրքույկը ստանալու ժամանակ):
Ստացվում է, որ խուսափած քաղաքացու համար նախապես Հայաստան վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրեական հետապնդումը դադարեցվելուց, զինվորական հաշվառման վերցվելուց եւ զինվորական գրքույկը միջնորդավորված ստանալուց հետո:
ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում ցանկալի է՝ երիտասարդները պատկերացնեն ծառայության կարեւորությունն ու գիտակցեն, որ երբեք պետք չէ խուսափել պարտադիր զինծառայությունից:




Լրահոս