ԿԳ նախարարը չընդունեց ԵՊԼՀ ռեկտորի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  չէր ներկայացել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտական ընդլայնված արտահերթ նիստին։ Նիստին չէր ներկայացել նախարարության և ոչ մի ներկայացուցիչ։ Նիստի նպատակն էր քննարկել ՀՀ ԿԳՆ-ի կողմից 12.04.2012 թ-ին կազմված “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների” մասին ակտը: Նիստին հրավիրվել էին նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և նրա՝ 19.03.2012 N 190 Ա/Ք հրամանով վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները, որոնցից մի քանիսն էին ներկայացել: Քանի որ համալսարանի ֆակուլտետային և գիտական, կառավարման և հրավիրյալ այլ խորհուրդների անդամները մեծամասամբ ներկա էին, ըստ այդմ էլ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը նկատեց, որ քվորում կա և կարելի է նիստն անցկացնել: ԿԳՆ-ի կողմից բացահայտված խախտումների հետ հիմնականում համաձայն չլինելու մասին բուհը պատրաստվել էր նախապես: 
Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Սուրեն Զոլյանի միջև: Պատճառն Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին: Այնուհետև նախարարությունն անցկացրել էր վերահսկողություն և որոշ խախտումներ արձանագրել:




Լրահոս