“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց համակիրներն ահազանգում են, թե որոշ կուսակցություններ “Ժառանգությանը” դարձրել են թիրախ: “Դա անում են անթաքույց և շատ տգեղ ձևով, և այն աստիճան, որ դռնդուռ ընկած ոչ թե իրենց ծրագրերը՝ այլ “Ժառանգության” սև PR-ն են իրականացնում”,- ասել է նա:Արմեն Մարտիրոսյանը չխուսափեց անուններ նշել՝ ասելով, որ դա անում են “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները։ “Հստակ ասեմ, որ ՀԱԿ ներկայացուցիչներից ոմանք այսպիսի վարքագիծ են դրսևորել, անունը չեմ տա, մեր կուսակցության ներկայացուցչի դուռը ծեծել են և ասել, թե “Ժառանգությունը” ծախվել է”,– ասել է նա:Իսկ թե ո՞ւմ է ծախվել “Ժառանգությունը” հարցին՝ Արմեն Մարտիրոսյանը էական չհամարեց պատասխանել: Ամեն դեպքերում նա հավատացրեց, որ իրենք այն ուժն են, որ երեք նախագահների մեջ չեն տեղավորվում և 2013-ին ունենալու են նախագահի իրենց սեփական թեկնածուն:
“Ժառանգությունը” լինելով ընդդիմադիր, հստակ ներկայացրել է նրանց շահը և երբեք խաղերով չի հանդես եկել”,- ասել է Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց, որ բնակիչների հետ հանդիպումներից հետո իրենք հասկացել են, որ “Ժառանգությունը” ԱԺ-ում ավելի շատ տեղեր կունենա, քան նախապես ենթադրում էին:”Այն թիվը, որ նախապես ասում էինք, իսկապես համեստ էր: Մենք առաջատարը կլինենք համամասնական ցուցակի”,- ասել է “Ժառանգության” պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: