ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՄԽԻԹԱՐՈ՞ՒՄ Է

Շաբաթ օրը «Բազե-2014»-ի փակման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել էր նաեւ ՀՀ ընդդիմադիր ուժերի գործունեությանը: Պատասխանելով ընդդիմության խոստացած «թեժ աշնան» մասին հարցին` Ս. Սարգսյանն ասել էր. «Իսկ դուք նման մի տարի հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իր հրաժարականի պահանջների հնչեցմանը, ըստ Ս. Սարգսյանի՝ «Իշխանության խնդիրը լուծվում է ընտրություններով, այլ տարբերակները օրենքից դուրս են: Խնդրեմ, դժգոհություն ունեն, թող արտահայտեն: Ուզում են իրենց դժգոհությունը շատ ավելի ազդեցիկ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես բազամաթիվ ցույցեր եղել են Հայաստանում: Հանրահավաքները, բողոքի ակցիաները թող լինեն, ես դեմ չեմ, կարեւորը, որ դրանք տեղի ունենան օրենքի շրջանակներում: Մեր երկիրը, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա, պետք է կռվեն գաղափարները, ոչ թե ոստիկաններն ու ապստամբները»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանին կոչ արեց ժամանակից շուտ չուրախանալ ինչ-որ հաջողություններով, քանի որ ՀՀ ընդդիմությունը համախմբված աշխատում է:
-Տիկին Սարգսյան, անդրադառնալով ընդդիմության խոստացած թեժ աշնանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդ խոստումն ամեն աշուն էլ տրվում է ընդդիմության կողմից, սակայն իրականում այդպեսդ էլ թեժ աշուն չի լինում: Կարելի է ասել` Ս. Սարգսյանը հեգնել է ընդդիմության գործելաոճը: Մի՞թե այս անգամ էլ է նա իրավացի դուրս գալու եւ խոստացված «թեժությունը» դարձյալ չի լինելու:
-Ուրեմն ասեմ, որ Սերժ Սարգսյանն արդեն ակնկալում է, որ ընդդիմությունը կկարողանա իր հարցերը լուծել: Չեմ կարծում, որ ինքը միայն արեւի պայծառ շողեր է զգալու, վստահ եմ, որ շուտով գալու է նաեւ պատասխան տալու ժամանակը ու թող ինքն այդ պահի մասին մտածի: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունը կար ու ավելի ուժեղ է լինելու, ուղղակի ինքը, որպես երկրի ղեկավար, այդպես էլ չգիտակցեց, որ ուժեղ ընդդիմություն ունենալը բխում է երկրի շահերից: Եվ եթե ինքն այսօր ասում է, թե ուժեղ ընդդիմություն չկա, ուրեմն դրա պատճառները եւս թող իր մեջ փնտրի, թե ինքն ինչ կերպ փորձեց ոչնչացնել ընդդիմությունը, բայց, փառք Աստծո, որ նրան դա ամբողջապես չհաջողվեց: Կարծում եմ` ընդդիմությունը դեռ ցույց կտա, որ կարողանում է ե՛ւ միավորվել, ե՛ւ երկրում առկա խնդիրներին լուծում տալ: Իսկ երբ այդ պահը հասունացավ, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այդ առումով էլ պետք է ուրախանա:
-Իսկ ընդդիմության խոստացած «թեժ աշնան» նախադրյալները տեսնո՞ւմ եք:
-Մենք կարող ենք ակնկալել թեժ աշուն, բայց իրավիճակը շատ դեպքերում չի նպաստում այդ թեժությանը: Հիմա նորից այդ փորձը պետք է կատարվի, ու միշտ չէ, որ ընդդիմության փորձերը կարող են ձախողվել:
-Սերժ Սարգսյանը նշել էր նաեւ, որ եթե ընդդիմությունն ու հատկապես ՀԱԿ-ը ուզում է, որ իր դժգոհությունը շատ ավելի ազդեցիկ լինի, ապա կարող է փողոց դուրս գալ: Իրոք` եթե ընդդիմությունը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, ինչո՞ւ փողոց դուրս չի գալիս:
-Ուրեմն, եթե ՀԱԿ-ը գոյություն չունենար, ինքը ՀԱԿ-ի մասին այդքան հաճախ չէր խոսի: Կա ՀԱԿ խմբակցությունը, կա Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մի մեծ բանակ, որը ե՛ւ փողոցային, ե՛ւ հանրահավաքային պայքարի փորձ ունի, ու ավելի քան վստահ եմ, որ այդ փորձը, որն ունի ՀԱԿ-ը, չունի ոչ մի քաղաքական ուժ: Ու եթե ինքն այժմ ՀԱԿ-ի մասին խոսում է որպես անցյալ, ապա կարծում եմ, որ ինքն ընդամենը իրեն մխիթարում է: Ես խորհուրդ կտայի այդքան հանգիստ չլինել, վերջ ի վերջո ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը գալու է ու ինքն էլ այդ պատասխանը տալու է: Ընդդիմությունը կար, կա եւ շարունակելու է լինել ու ավելի համախմբված, ավելի հզոր: Իրականում ամենահզոր ընդդիմությունը, որն այսօր գոյություն ունի ՀՀ-ում, դա հայ ժողովուրդն է: Նախ պետք էր սկսել նաեւ նրանից, որ մենք օգոստոսին հանրահավաքներ չենք անում, որովհետեւ մարդիկ տարբեր տեղերում հանգստանում են, համախմբելը դժվար է: Սեպտեմբերին նոր սկսվելու է այդ գործընթացը ու տրամաբանական է, թե ինչու սեպտեմբերին, քանի որ մինչեւ սեպտեմբերի վերջ ՀՀ կառավարությանը ժամանակ է տրվել:
-Այսինքն, ընդդիմության այսօրվա գործելաոճը Դուք ճի՞շտ եք համարում:
-Եթե դուք ունեք կամ կարող եք առաջարկել այլ գործելաոճ, կամ այլ քայլեր, հաճույքով մենք կհետեւենք ձեր խորհրդին: Բոլորը խոսում են, բայց ոչ մեկն ավելին չի անում, քան արվում է խորհրդարանական խմբակցությունների, քաղաքական ուժերի կողմից: Բոլորը փորձում են միայն քարկոծել ու Քառյակի կարեւորությունը նսեմացնել, բայց ոչ մեկը չի անում ավելին, քան անում է Քառյակը: Եթե կա մեկ այլ միավոր, որ ավելին է աշխատելու, մենք հաճույքով կմիանանք նրանց: Բնականաբար իշխանությունն իր շարքերը պահելու համար փորձում է իրեն ինքնավստահ պահել ու արհամարհական խոսել ընդդիմության մասին, բայց վստահ եմ, որ ավելի անհանգիստ են, քան փորձում են ցույց տալ:

 
ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրերս հայտարարել էր, թե պատրաստվում է սեպտեմբերի 8-ից հացադուլ սկսել ՀՀ նախագահի նստավայրի առջեւ: Հայրիկյանը նշել էր, որ ինքը պահանջելու է ՀՀ իշխանությունների հրաժարականը, քանի որ այլեւս անհանդուրժելի է դառնում նրանց գործելաոճը: Կարճ ժամանակ անց, սակայն, ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, թե դեռեւս չի կողմնորոշվել հացադուլ անելու հարցում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Պարույր Հայրիկյանի հետ՝ պարզելու , թե նա ինչ որոշում է կայացրել:

-Պարոն Հայրիկյան, ինչո՞ւ չեք կողմնորոշվում հացադուլ անելու հարցում, նախ` հայտարարեցիք հացադուլի մասին, այնուհետեւ նշեցիք, որ դեռեւս վերջնական որոշում չունեք: Ի վերջո, հացադուլ անելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Բավականին հետաքրքիր արձագանքներ եմ ստանում նաեւ դրսից՝ ոչ ԱԻՄ-ականներից, դե ինձ համար կարեւորը ԱԻՄ ղեկավարության դիրքորոշումն է, որպեսզի հակասություններ չլինեն: Բայց նաեւ կողքերից բավականին հետաքրքիր առաջարկներ են եղել՝ միանալու եւ այլն: Դրա համար ես ինձ ժամանակ եմ տվել: Մի բան ինձ համար ակնհայտ է, պետք չէ այսպես անտարբերության մատնել, համենայնդեպս առաջին հայացքից այդպես է, ինչը որ անում է մեր հանրությունը, որովհետեւ խոհանոցներում քննադատական խոսք ասելը կամ մեկ-երկու հոդված գրելը, դա դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է տպավորիչ ինչ-որ բան արվի: Տպավորիչ այն առումով, որ մարդիկ տեսնեն, թե այն, ինչն այսօր կատարվում է՝ անթույլատրելի է: Բայց այս պահին ես մնում եմ իմ կարծիքին, ինձ որեւէ մեկը չի համոզել հակառակը՝ հացադուլ անելու հետ կապված: Բայց դա ընդամենը նախնական ծրագիր է:
-Ասացիք, որ այլ առաջարկներ կան հացադուլի հետ կապված: Խնդրում եմ նշեք, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ են արվում:
-Օրինակ՝ Տիգրան Խզմալյանի բաց նամակը, ինքն ակնկալում է, որպեսզի մեծ կոչ անեմ, ժողովրդին, բոլոր ազատամիտ, ազատախոհ մարդկանց հրավիրեմ տեւական միջոցառումներին մասնակցելու համար:
-Բայց ի՞նչ եք ակնկալում, արդյոք ՀՀ իշխանությունները ականջալուր են լինելու Ձեր կոչին, Ձեր հացադուլին: Ըստ Ձեզ, այդ հացադուլից հետո իշխանությունները սթափվելո՞ւ են, թե՞ հրաժարական են տալու:
-Սա բողոքի ցույց է, ես ինչ-որ բանի կարիք չունեմ ու ոչ էլ մեծ երեւույթ եմ համարում, հարյուրավոր հացադուլներ եմ արել, սա բողոքի ցույց է՝ կոնկրետ առիթով: Թեկուզեւ մեկ հայի համար, բայց ես պարտավոր եմ իմ բողոքն արտահայտել: Ամբողջ կյանքս ապրել եմ միլիոնավոր հայերի համար՝ համարելով, որ իրենք արժանապատիվ մարդիկ են: Հիմա այս ամենին, որ մենք հասել ենք` նաեւ մեր ներդրմամբ, պետք է շարունակենք մեր հաջորդ քայլերը:
-Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երկու անգամ հացադուլ արեց, սակայն որեւէ արդյունքի չհասավ: Կարծում եք, Ձեզ կհաջողվի՞ ինչ-որ բան անել:
-Ես ընդամենը բողոքի ցույց եմ անում: Կգա ժամանակը` կխոսենք: Առայժմ այսքանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

ԼՈՒՐԵՐ

ԿՄԵԿՆԵՆ ԹՈՒՐՔԻԱ
«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ն առաջիկայում 5 հոգուց բաղկացած խումբ կուղարկի Թուրքիայի Հանրապետություն: «Ժողովուրդ»-ը փորձեց միավորման նախագահ Բորիս Մուրազիից հետաքրքրվել, թե խումբն ի՞նչ միջոցներով է մեկնելու Թուրքիա: «Եզդիների ազգային կոմիտեն ու «Սինջար»-ը դրամահավաք անցկացրեցին եւ հիմա այդ խումբը պետք է հավաքված գումարը տանի Թուրքիա: Այդ գումարով, առաջին հերթին, տեղում պետք է անհրաժեշտ գնումները կատարեն՝ Իրաքից Թուրքիա անցած եզդիներին օգնելու համար: Բացի այդ, այդ խումբը պետք է գրանցի ու արձանագրի այն եզդիների տեղահանման պատմությունը, որոնք Իրաքից Թուրքիա են անցել, թե ինչ մարդկային կորուստներ են ունեցել: Այդ տվյալները պետք է արխիվացվեն»,-ներկայացրեց Բորիս Մուրազին:
Ի դեպ, եթե դեպի Իրաք վիզայի խնդիր չառաջանա, ապա հնարավոր է՝ այդ խումբը մեկնի նաեւ Իրաք:

 

ԴԱՀԿ-Ի ԴԵՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ երբ մեծ աղմուկ բարձրացավ, ԱԺ ՀՀԿ խմբակցության երեք պատգամավորներ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 11-ին ԱԺ-ում շրջանառության մեջ էին դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկում են լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում: Օրենսդիրներն առաջարկում են օրենքում ավելացնել հետեւյալ կետը. «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը կամ բաց թողնված օգուտը»: Այսինքն, եթե այս օրինագիծն ընդունվի, այսուհետ ԴԱՀԿ-ն իրավունք չի ունենալու քաղաքացիների բանկային հաշվի վրա կալանք դնել, այլ դա կարվի այն գումարի չափով, ինչքան անհրաժեշտ է բռնագանձել՝ չվճարված ինչ-որ տուգանքի դիմաց: Մինչդեռ լավ կլիներ, որ պատգամավորները մտածեին քաղաքացու ապրելու իրավունքի մասին եւ ԴԱՀԿ-ին իրավունք վերապահեին չվճարված գումարը բռնագանձել, օրինակ, 3 ամսվա ընթացքում, որպեսզի մարդն ապրելու հնարավորություն ունենա:
Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանի քառօրյայում այս նախագիծը կմտնի մեծ օրակարգ եւ ընդունման դեպքում 24- ժամյա ռեժիմում կգործի:

 




Լրահոս