ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵ՞Լ
Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ: Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ դատարանի աթոռին որպես մեղադրյալ առայժմ կանգնած է միայն մեկը:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
Դեռեւս 2012թ-ին զինվորները բացահայտել էին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում մատուցված ճաշի մեջ եղել է հնդկական գոմեշի սառեցված միս: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ, ինչի շրջանակներում կալանավորվել էր 5 անձ՝ կապանցի գործարար, «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետը (փոխգնդապետ), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորը եւ այդ զորամասի պահեստարանի պետը (ենթասպա), ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետը (փոխգնդապետ): Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասով («Խարդախություն, խաբեություն»), իսկ զինվորականները՝ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով` («Անփույթ վերաբերմունք»):
Ավելի ուշ բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխվեց ստորագրությամբ՝ երկրից չհեռանալու մասին:
Ուշագրավ զուգադիպությամբ, աղմկալի այս գործի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ արվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով պատասխանատու էր բանակի սպառազինության եւ գնումների գործընթացի համար: Իսկ ահա ավելի ուշ, Ս.Սարգսյանը հրապարակավ տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է բանակի բարձրաստիճան սպան պարտք լինի բանակին:
Թե էլ ովքեր էին ներգրավված բանակին մատակարարված գոմեշի մսի գործի մեջ, այդպես էլ չպարզվեց: Համենայնդեպս, չհրապարակվեցին այլ անուններ, բացի վերը նշված 5-ից:
2 տարի քննեցին
Ու մինչ ՊՆ Քննչական ծառայությունը շուրջ երկու տարի քննում էր այս գործը, մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, իր միջոցներով ՀՀ ՊՆ կարիքների համար կառուցեց 150 տոննա տարողությամբ, 73.362.390 դրամ արժողությամբ սառնարանային համալիր: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ալբերտ Օգանջանյանն ասել էր, թե ինքնագլուխ չի գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը. «Ես հո դա ինքնագլուխ չեմ արել: Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»:
Սակայն ո՛չ արված փոխհատուցումը, ո՛չ էլ նրա հնչեցրած «հովանավորչության» մասին հաղորդումը, որ ինքնագլուխ չի գործել, չփրկեցին գործարար Օհանջանյանին: Այսօր Ալբերտ Օհանջանյանը միայնակ կանգնած է դատարանի առաջ: Նրա գործով առաջին դատական նիստ նշանակված է Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին: Թե ինչ ճակատագիր է սպասվում գործարարին, դեռ վաղ է կանխատեսել: Ըստ մեղադրանքի՝ Օհանջանյանին սպասվում է 4-8 տարվա ազատազրկում: Թեեւ նա հույս ունի, որ փոխհատուցումից հետո մեղադրանքը կմեղմվի:
Ուր անհետացան մյուսները
Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում այս գործով մյուս մեղադրյալներին: Ինչո՞ւ նրանց գործը տարանջատվեց Օհանջանյանի գործից եւ մինչ օրս դատարան չի մտել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը, թերեւս, այն է, որ Պաշտպանության նախարարությունում դեռեւս շարունակվում են պետությանը հասցված վնասի չափի հաշվարկները: Այսինքն՝ վնասն այնքան մեծ է, որ 2 տարի է հաշվում են, չի ավարտվում գործընթացը:
Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն էլ այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը եւ էլի մի քանի բաներ: Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը, որից հետո նոր Փայտյանի ենթակաների գործը` ի դեմս ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետի, նյութատեխնիկական գծով տեղակալ մայորի, այդ զորամասի պահեստարանի պետ, ենթասպայի, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետի գործը կմտնի դատարան:
Արդեն մի քանի օր է, «Ժողովուրդ»-ը փորձում է Փայտյանից պարզաբանումներ ստանալ իրավիճակի մասով, բայց անօգուտ: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին կամ էլ լսելով հարցն անջատում է հեռախոսը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՆՊԱՐՏ Է
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կրկին հաղթող դուրս եկավ: Դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը հնավոր բոլոր օղակները օգտագործում է տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, թե Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին՝ պատճառաբանելով, թե աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե, տնօրենը հերքում էր եւ հայց է ներկայացրել դատարան Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Սակայն Նատալյան էլ իր հերթին էր նույնաբովանդակ հայցով դիմել դատարան՝ դպրոցի տնօրենից պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում:
Իսկ մինչ այդ Նատալյան ոստիկանության Արաբկիրի բաժին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, եւ քրգործ չէր հարուցվել: Նա հանգիստ չէր նստել եւ դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ նրա բողոքը բավարարվել էր, եւ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրգործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ):
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրգործը կարճվեց ՀՀ քր. դատ. օր. 35 հոդվածի հատկանիշներով: Հանցադեպ չկա:
Դե իհարկե, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներն ու թոռները հենց Չեխովի անվան դպրոց են հաճախում, ուստի դժվար չէր կռահել, որ տնօրենի արարքների վրա պետք է աչք փակեին քննիչները: Ի վերջո, Սարուխանյանն էլ պաշտոնյաների երեխաների վարքի եւ ունակությունների վրա է աչք փակում: Այնպես որ, համագործակցությունն ակնհայտ է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾ «ՌԻՉ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄՈՏ
«Ժողովուրդ»-ի տեղեկություներով` օգոստոսի 24-ին` գիշերը ժամը 2:15-ի սահմաններում, Կարապի լճի հարեւանությամբ գտնվող «Ռիչ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ ականատեսների` միջադեպի կիզակետում եղել են Իսպանիայի 3 քաղաքացիներ, որոնք անհասկանալի պատճառներով սկսել են սրճանանում ծեծել միմյանց: Գիշերը` նշված ժամին, սրճարանի հարեւանությամբ այնպիսի իրարանցում է սկսվել, որ ոստիկանները մի կերպ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը՝ օտարերկրացիներին ոստիկանություն բերման ենթարկելով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տեղեկացանք նաեւ, որ իսպանացիները Հայաստանում զբաղվում են ճանապարհաշինարարությամբ:
ԲԼԹ
«Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայից՝ մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությանը, եւ, հավանաբար, մասնակցությունը կլինի ԱԳ նախարարի մակարդակով»:
Սերժ Սարգսյան tert.am
Սերժ Սարգսյանը հաճախ է ինքն իրեն հակասում: Ոչ հեռավոր անցյալում նա հայտարարել էր, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է, իսկ այսօր նույն մարդու երդմնակալության արարողությանն ուզում է ԱԳ նախարարին ուղարկել: Հիշո՞ւմ եք՝ բացի այդ, նույն Էրդողանը հայտարարել էր, որ իր համար վիրավորական կլիներ հայ լինելը: Նման հարաբերությունների եւ ակնհայտ հակակրանքի այս պայմաններում Թուրքիայի նախագահի համար ճոխ չի՞ լինի մեր այդքան բարձրաստիճան ներկայությունը, հատկապես որ դիվանագիտական հարաբերություններ էլ չունենք այդ երկրի հետ:
«Սրանք տնտեսվարման նորմալ պրոցեսներ են, բայց մենք ընդունում ենք վարչապետի դիտողությունը, ուղղակի լինում են չնախատեսված դեպքեր»:
Արթուր Առաքելյան Armlur.am
Ինչպես տեսնում ենք, իշխանական օղակներում ընդամենը փոխվում են մարդիկ, իսկ մնացած ամեն ինչ մնում է նույնը: Նախկին վարչապետն էլ էր սիրում ժամանակ առ ժամանակ ցուցադրական «զայրանալ», դիտողություններ անել կառավարության անդամներին: Նախարարներն ու փոխնախարարներն էլ, ինչպես այս դեպքում տրանսպորտի փոխնախարարը, չեն նեղսրտում վարչապետի դիտողություններից, ընդունում են դրանք եւ շարունակում աշխատել նույն ոճի մեջ՝ անուշադիր ու անփույթ, իմիջիայլոց, քանի որ միշտ լինում են Արթուր Առաքելյանի ասած «չնախատեսված դեպքերը»:
«Ես վաստակել եմ, եղել եմ լավ ուսխորհրդի նախագահ: Ես համեստություն չեմ անի, իմ ժամանակ լուծվել են բազմաթիվ խնդիրներ»:
Սեւակ Խաչատրյան News.am
Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակված նախկին ուսխորհրդի նախագահն իրոք համեստություն անելու կարիք չունի, քանզի իր անհամեստ պահվածքին մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ: Եվ ճիշտ է ասում, որ բազմաթիվ խնդիրներ է լուծել. օրինակ՝ Տարոն Մարգարյանի թեկնածուականի «պաշտպանության» ժամանակ նա հիանալի կազմակերպեց եւ տեղում լուծեց լրագրողների աշխատանքը խոչընդոտելու խնդիրը: Իր սիրելի կուսակցության ներկայացուցիչներին նման ծառայություններ մատուցելուց հետո, իհարկե, Սեւակ Խաչատրյանը լավ ուսխորհրդի նախագահ էլ կհամարվի, բուհի պրոռեկտոր էլ կնշանակվի:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ