ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՆԴՈՆԻ ԿԱՌՆԱՎԱԼԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում յուրաքանչյուր տարի օգոստոսին անցկացվում է աշխարհի ամենախոշոր կառնավալներից մեկը, որը զիջում է միայն Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին: Առաջին անգամ կառնավալն այստեղ անցկացվել է 1960-ականների կեսերին «Վեսթ Ինդիա» համայնքի անդամների կողմից, որոնցից շատերը 1950-ից ապրել են այս թաղամասում:
Լոնդոնյան իշխանությունները դրական են վերաբերվում կառնավալին՝ այն համարելով մշակութային բազմազանության տոն՝ կարիբյան մշակույթի լավագույն ավանդույթների գերակշռությամբ:
Յուրաքանչյուր տարի կառնավալին ներկա է լինում ավելի քան 1 մլն մարդ:

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է
Նիդեռլանդական ռադիոյի ծրագրերում օրերս հատկապես շատ են հիշում համաշխարհային մեծության հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Ներկայացվում են նաեւ մեծ կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին ծանոթություններ, ժամանակագրական տեղեկություններ:
Օրինակ՝ «Discover classical» ռադիոկայանով հնչել է հատված «Սպարտակ» բալետից` Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, տեւական ժամանակ առաջին ռադիոկայանով հնչել է հատված «Գայանե» բալետից: Ա.Խաչատրյանին են անդրադարձել նաեւ միջազգային այլ ռադիոկայաններ՝ մասնավորապես Նյու Յորքի հանրային ռադիոն նրա 4 գործ է եթեր հեռարձակել: «BBC Music classical» ռադոկայանը եւս հետ չի մնացել եւ իր ծրագիրը համալրել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի հայտնի գործերով, նաեւ սեփական կայքում զետեղել նրա մասին ընդարձակ հոդված:

 

ԿԼԻՉԿՈՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն ու նրա հարսնացուն՝ դերասանուհի Հայդեն Պանետյերին, անհայտ պատճառներով չեն կարողացել իրականացնել իրենց հարսանեկան պլանները: Հայտարարվել էր, որ զույգը պետք է ամուսնանա օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը: Օգոստոսի 25-ին մարզիկը ծրագրում էր ուղեւորվել Ավստրիա ու շարունակել մարզումները բուլղարացի Կուրբատ Պուլեւոյի հետ հանդիպումների համար: Ավելի վաղ՝ մայիսին, դերասանուհին հայտնել էր մամուլին, որ ինքն ու Կլիչկոն հարսանիքը տեղափոխել են անորոշ ժամանակով: Նշենք, որ 24-ամյա դերասանուհին Կլիչկոյից երեխայի է սպասում:

 

«ՖՈՐՍԱԺ-6» ՖԻԼՄԻ ՊԱՏՃԵՆԸ
Բրիտանացի Ֆիլիպ Դենքսը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման «Ֆորսաժ-6» ֆիլմի պատճենը տարածելու համար: Նա փողոցային մրցարշավորդների մասին ֆիլմի պատճենը ձայնագրել է կինոթատրոնում, ինչից հետո այն տեղադրել է տոռենտներում: Հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական գործակալության տվյալներով՝ պատճենը ներբեռնվել է 700 հազար անգամ, ինչի հետեւանքով իրավատերը՝ «Universal Pictures» ընկերությունը, կորցրել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգ: Իսկ Դենքսի հանցակից Մայքլ Բելը, ով մասնակցել է ֆիլմի ձայնագրությանը, պատժվել է 120-ժամյա հասարակական աշխատանքների:

 
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ
Ռեփեր 50 Cent-ի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի միջեւ սկանդալ է հասունանում: Երաժիշտն «Instagram»-ում տեսանյութ է տեղադրել, որում հայտարարել է, որ 750.000 դոլար կվճարի մարզիկին, եթե վերջինս կարողանա «Հարի Փոթեր» գրքից բարձրաձայն մեկ էջ կարդալ՝ առանց որեւէ սխալի:
«Ֆլոյդ, հետաքրքիր է, կընդունե՞ս արդյոք իմ մարտահրավերը: Ես կտամ քեզ 750.000 դոլար, որը դու կկարողանաս նվիրաբերել ցանկացած բարեգործական կազմակերպության, եթե կարողանաս «Հարի Փոթեր» գրքից մեկ էջ կարդալ եւ չսխալվել»,-հայտարարել է ռեփերը, ով բարկացել է մարզիկի՝ ավելի վաղ իր հասցեին արած վիրավորական արտահայտություններից:
Եթե նույնիսկ Մեյվեզերն ընդունի ռեփերի «մարտահրավերը», նրա համար դա անելն այնքան էլ հեշտ չի լինի: Դատելով համացանցում տեղադրված ձայնագրություններից՝ մարզիկն, իսկապես, մեծ դժվարությամբ է կարդում:

 

ՄԵԿ ԷՋԸ` 68.000 ԴՈԼԱՐ
Բրիտանական աճուրդում Ղուրանից՝ մուսուլմանների Սուրբ գրքից պոկված էջը վաճառվել է անհավանական գնով՝ 68.000 ԱՄՆ դոլարով, հայտնում է CNN-ը: Լոնդոնի Bargain Hunt Auctions-ը նմուշը ստացել է Ավստրալիայից՝ Մելբուռնից: Հետաքրքրական է, որ էջը նախապես գնահատվել է 37-55 ԱՄՆ դոլար: Էջի երկու երեսներն էլ տեքստ են պարունակում: Նույն աճուրդը մի քանի ամիս առաջ վաճառել էր Ղուրանից մեկ այլ էջ, որի համար այն ժամանակ վճարել էին 27.000 դոլար:

 

ՄԱՀԱՑՈՒ ԱՊՈՒՐԸ
Չինաստանի ռեստորաններից մեկում օձը խայթել է գլխավոր խոհարարին 20 րոպե անց այն բանից հետո, երբ վերջինս կտրել է սողունի գլուխը՝ օձի ապուր պատրաստելու համար: Այն խորտիկ է համարվում Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում:
Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ պարզվել է, որ խոհարարին խայթել է գլխատված օձը, եւ նա մահացել է մինչ հիվանդանոց հասցնելը, որտեղ կարող էին հակաթույն ներարկել: Վերջինիս խոսքով՝ հնդկաչինական կոբրայի խայթոցից սովորաբար տուժածի մոտ շնչահեղձություն է սկսվում, քանի որ նեյրոտոքսինը պարալիզացնում է շնչառական համակարգը:
Ոստիկանապետը տեղի ունեցածը որակել է որպես դժբախտ պատահար:

 




Լրահոս