«ԴԵՂԱՏՈՄՍ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԿԼԻՆԻ»
Երեկ «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը Հոկտեմբերյան քաղաքում նիստ էր հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նիստին մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը, Ապարանի ջոկատի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանը, Սամվել Հովսեփյանը (Ադմիրալի Սամոն), Սուրեն Սարգսյանը եւ այլք: Մեր տեղեկություններով՝ նիստը տեւել է մոտ 2 ժամ, Ռ. Գասպարյանն ու Մ. Եղիազարյանը ելույթ են ունեցել ու ասել, որ այլեւս անհնար է հանդուրժել այն, ինչ այսօր կատարվում է երկրում: Իսկ վերջում հայտարարել են, որ որոշ ժամանակ հետո իրենք կրկին հավաքվելու են:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մանվել Եղիազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու են ազատամարտիկներով որոշել նման հանդիպումներ ունենալ:
-Պարոն Եղիազարյան, «Ազատամարտի նվիրյալներ միավորում»-ն ինչո՞ւ էր որոշել հենց Հոկտեմբերյանում նիստ անցկացնել: Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ եք քննարկել նիստի ժամանակ:
-Հոկտեմբերյանում մեր մարտական ընկերների հետ էինք հավաքվել, քանի հոգի էինք՝ չեմ կարող ասել, խոսել ենք Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որոշել ենք համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Խոսել ենք մեր հայրենիքի, արտագաղթի, սոցիալական ու տնտեսական խնդիրների մասին: Ելույթները տարբեր էին, այսինքն՝ այն մարդիկ, որոնց հետաքրքրում է հայրենիքը, նրա ճակատագիրը, համախմբվել են մեր շուրջը: Մենք մեր հանդիպումների մեկնարկը տվել ենք հենց Հոկտեմբերյան քաղաքից, կարծում եմ՝ այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Ու այժմ էլ որեւէ հրատապ բան չի եղել, որ կարծեն, թե մեր հավաքը դրա հետ է կապված: Ասենք, մեր երկրորդ հանդիպումը կարող է լինել Ապարանի կողմերը ու այդպես շարունակաբար:
-Ներկայում պառակտում է սկսվել անգամ ազատամարտիկների միջեւ, որոնք օր օրի բաժանվում են տարբեր խմբերի: Մի՞թե ճիշտ եք համարում նման «բաժանումները»:
-Հասկացեք մի բան, որ այդ պառակտումը եղել է արհեստածին, բայց քանի որ ազատամարտիկների ոչ մի խումբ ռեալ չի ասում, թե ինչ պետք է արվի՝ դեղատոմս չի առաջարկում, բնական է, որ այդ պառակտումները լինելու են: Իսկ երբ այդ ամենը լինի, արդեն կհստակեցվի թե՛ խումբը, թե՛ ձեւը, թե՛ ազատամարտիկների հիմնական ուղղությունը: Ամբողջ Հայաստանի թե՛ քաղաքական դաշտը, թե՛ զինվորկանանների ու ազատամարտիկների դաշտը պառակտված է ու դուք ինքներդ եք տեսնում, թե մեր իրականությունում ինչ է կատարվում: Իսկ դրանից էլ ազատամարտիկները անմասն չեն մնա, քանի որ այսօրվա որոշիչ ձայներից մեկը կարող է լինել ազատամարտիկների այն կառույցը, որը կարող է ժողովրդի կողքին կանգնել ու սատար լինել մեր հայրենիքին: Հայաստանում սկսել է աշխատել «բաժանիր, որ տիրես» թեզը: Զարմանալու բան չկա, մարդիկ պետք է իրենց գողոնը պահեն, իրենց աթոռը պահեն, այսօր այնքան դժվար է գլուխ հանել, թե ով է մարդը, ով է պատվեր կատարողը: Ախր այսօրվա դրությամբ ոչինչ չանել էլ չի լինի:
-Այսինքն, ըստ Ձեզ, այլեւս անհնա՞ր է, որ գոնե ազատամարտիկները համախմբված հանդես գան ու այդ պառակտումը տեղի չունենա: Դրա հետեւանքը կարող է լինել միայն այն, որ ընդամենը անառողջ մրցակցություն առաջանա նաեւ ազատամարտիկների «դաշտում»: Դա՞ է ազատամարտիկների նպատակը:
-Հասկանում եք, մարդիկ կան, որ շատ հեշտ վաճառվում են, իսկ նման դեպքերում շատ դժվար է լինում այդ համախմբումը: Եթե մարդ կապիկ է, անողնաշար է, չունի իր հիմնական պատկերը, ապա նման դեպքում ինքը չի կարող լավ կռվող լինել, համախմբվել գաղափարի շուրջ ու մինչեւ վերջ պայքարել հանուն այդ գաղափարի, հանուն իր հայրենիքի: Նա, ով քամելեոն է, նա չի կարող լինել հրամանատար: Ինչպե՞ս կարող է տղամարդը, որ կռվել, պայքարել է իր հայրենիքի համար, դառնա սողուն, լրտես, մենք չենք կարող նման դեպքում նրանց հետ ճակատ դուրս գալ, ինչ-որ բանի համար պայքարել: Դա անհնարին բան է:
-Ազատամարտիկների քայլերը ճի՞շտ եք համարում, երբ արդեն մոռանալով, թե հանուն ինչի են պատերազմի դաշտ գնացել, այժմ էլ սկսել են միմյանց դեմ պայքարել, գլխավոր նպատակ դիտելով, թե ում ջոկատը որ խմբին կմիանա, կամ ում կհաջողվի ղեկավարել այդ խումբը:
-Ոչ, իհարկե, ոչ: Ուղղակի այլընտրանք չկա, դրա համար էլ նման ձեւով ենք որոշել պայքարել հանուն մեր հայրենիքի, հանուն նրա, որ կարողանանք մի արդյունքի հասնել, ինչից կօգտվի մեր ժողովուրդը: Բայց եթե պետք լինի, մենք կարող ենք նրանց էլ հավաքել իրար գլխի, կանչենք նրանց էլ ու հասկանանք, թե իրականում ով ինչ է ցանկանում անել, բայց մենք այսօր ունենք սա, դրա համալ էլ սա ենք անում:
-Օրերս ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը հանդիպման էր հրավիրել բոլոր ազատամարտիկներին, սակայն Դուք հրաժարվել էիք գնալ: Ինչո՞ւ եք նեղացել Ս. Օհանյանից:
-Եթե մարդիկ կան, որ այնտեղ ներկայացնում են «Արաբո»-ն ու իրենք աշխատում են ՊՆ-ի հետ, ես չեմ համագործակցում իրենց հետ, եթե կա նման կառույց, ապա ինչ իմաստ ունի իմ գնալը: Բավարարվեք նրանցով: Ես չեմ նեղացել, ես ընդամենն ասել եմ՝ բավարարվեք այդ կազմակերպությունով, որն արդեն 10 տարի է՝ համագործակցում է ձեզ հետ:
ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՓՉԱՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայրենի Ազգային ժողովն ու ՀՀ նախագահի աշխատակազմը պետական բյուջեից գումար չեն խնայում իրենց մեքենաների նորոգման համար: Բանն այն է, որ միայն օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի աշխատակազմը մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման համար 4 անգամ դիմել է «մասնագետների»: Իսկ ահա ՀՀ ԱԺ-ն մեքենաների եւ սարքավորումների մեկանգամյա ընթացիկ նորոգման համար ծախսել է 2 միլիոն 300 հազար դրամ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է օգտվել հիմնականում «Կարկոմավտո» սերվիսի ծառայություններից: Նշենք, որ այդ ընկերությունը «Արմենիա Լադա» անվամբ հիմնադրել էր Ռաֆայել Շահմուրադյանը: Նրա սպանությունից հետո ընկերությունը, որն այժմ անվանափոխվել եւ կոչվում է «Կարկոմավտո», ղեկավարում են նրա երկու որդիները՝ Կարեն եւ Աշոտ Շահմուրադյանները։
Այս ընկերությունը Հայաստան է ներկրում անգլիական աշխարհահռչակ «Range Rover», ֆրանսիական «Peugeot», «Chevrolet», «Nissan» եւ «Renault» մակնիշի ավտոմեքենաները, եւ նկատենք՝ «Կարկոմավտո»-ի մատուցած ծառայությունները շատ թանկ արժեն:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ապա այստեղ հիմնականում օգտվել են «Տոյոտա Երեւան» ընկերության ծառայություններից, որի սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը: ՀՀ նախագահի աշխատակազմը մեկ անգամ էլ օգտվել է «Եվրովագեն» ընկերության ծառայությունից, որի սեփականատերը Մանվել Դարբինյանն է: Հիշեցնենք, որ Մ. Դարիբինյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ տարել է իր հայտնի «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մեքենան, որը Մ. Դարբինյանի ընկերության սեփականությունն էր։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ մեքենան չի գտնվել դատախազության հաշվեկշռում, թեեւ դրա վրա դրված են եղել պետական համարանիշեր եւ 2005թ.-ից Ա. Հովսեփյանը երթեւեկել է հենց այդ մեքենայով:
Նշենք նաեւ, որ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման համար ՀՀ նախագահի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ծախսել է մոտ 2 հազար դոլար:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԸ
«Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որը պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը հերթական անգամ Հայաստան է ներմուծել 3554.25 կգ քաշով ալկոհոլային խմիչք եւ սահմանված ժամանակում այդպես էլ հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Սակայն այդ հսկայական քաշով խմիչքի համար նա տուգանվել է ընդամենը 50.000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ նույն Եղիազարյանը հուլիս ամսին հայտարարագրել էր 2 հազար 784 շիշ՝ 0,5 լիտրանոց օղի: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությանը միավորված Պետեկամուտների կոմիտեն պարզել էր, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1 776 շիշ՝ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց եւ 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10մլն 490 հազար դրամ: Բայց դարձյալ «Սարգիս Կարոլինա» ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով:
ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ
Արդեն մեկ տարուց ավել է, ինչ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրեն չունի: Սերժ Սարգսյանի համակուրսեցի, 66-ամյա Աշոտ Գնդոյանը դեռեւս նախորդ տարի ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից նշանակվել է տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար: Ավելացել է եւս մեկ աշխատանքային հաստիք՝ առաջին տեղակալ, որն էլ կատարում է տնօրենի պարտականությունները: «Ժողովուրդ»-ը փորձեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտությունների գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանից հետաքրքրվել՝ ՊՈԱԿ-ի տնօրենի համար այլ թեկնածու չկա՞, որ Գնդոյանն է ԺՊ-ի կարգավիճակով «յոլլա տանում», նա պատասխանեց. «Գնդոյանը որ դուրս գա, հավատացած եղեք՝ ՊՈԱԿ-ում քաոս կտիրի: Գնդոյանից բացի, ոչ ոք չի կարող խնդիր լուծել: Ո՞վ կարող է փոխարինել նրան: Այս պահին պատրաստված մարդ չկա»:
ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՊԵՏՔ
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, առաջարկում է չնստել եւ սպասել, որ Ադրբեջանը նախահարձակ լինի, այլ պետք է նախազգուշացնելու համար հարձակում գործել: «Այս լարվածությունը երկար ձգվել չի կարող, մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակում գործի, որ հետո մենք պատասխան տանք: Ժամանակն է եկել, որ մենք նախազգուշական հարձակում գործենք Ադրբեջանի վրա»,- երեկ կայացած ասուլիսին հայտարարել է նա: Ըստ գեներալ-մայորի՝ ռազմական գործիչների մոտ կան իրենց օրենքները՝ չսպասել. «Սա զսպանակի էֆեկտն է, անընդհատ զսպել, զսպել, պահ է գալիս, որ նյարդերը տեղի են տալիս»: