1939-ի սեպտեմբերի 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1939թ. սեպտեմբերի 1-ին սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևել է մինչ 1945թ. սեպտեմբերի 2-ը:

Դա պատերազմ էր երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը։ Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը)։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքում և չորս օվկիանոսում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։

Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն, թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։




Լրահոս