ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՈՏԼԱՆԴԱՑԻ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԱՅԳԻՆ

Շոտլանդիայի գյուղերից մեկում՝ Քաոլի սրտում գտնվող 64-ամյա Ռոբերտ Ռաեի այգին մի քանի մրցանակների է արժանացել իր գեղեցիկ դեկորացիայի համար: Այն թոշակառուի ութ տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է: Տան առջեւի այգում տեղադրված տարօրինակ իրերով ու բնական մեծության խրտվիլակներով մեծ հավաքածուն բոլորովին նոր իմաստ է տվել դեկորատիվ կանաչապատմանը: Ռոբերտ Ռաեն վերջին տասնամյակի մեծ մասն անցկացրել է այգու ներկայիս տեսքի վրա աշխատելով՝ ցանկանալով իր համար նոր զբաղմունք գտնել սրտի կաթվածի պատճառով աշխատանքը թողնելուց հետո: Ռաեն սկսել է այգեգործությամբ զբաղվել՝ ժամանակ անցկացնելու եւ ապաքինմանը նպաստելու համար, բայց շուտով այն դարձել է լիարժեք հոբբի: Առաջին իրը, որ հայտնվել է հավաքածուում, այգու համար նախատեսված վարորդով մոտոցիկլետի քարե արձանն է եղել: Նա այնուհետ սկսել է այլ իրեր ավելացնել, եւ շուտով նրա երեխաներն ու թոռները նույնպես սկսել են իրեր գնել նրա հավաքածուն հարստացնելու համար: Այժմ հավաքածուն այնքան մեծ է, որ Ռաեն կորցրել է հաշիվը, թե քանի իր կա այգում: Ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում այստեղ՝ հիանալու նրա ստեղծած հավաքածուով:

 

 

ԼՈՒՐԵՐ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՓԱՌԱՏՈՆ
Օգոստոսի 25-30-ը Իտալիայում անցկացվող «Էմիլիա Ռոմանա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 30 մլն դրամ:

 

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԸ
Բրիտանական «Post Office Media Centre»-ը վերլուծել է Եվրոպայի 12 գլխավոր քաղաքները մշակութային միջոցառումների՝ օպերաների, համերգների, թանգարանների տոմսերի արժեքների տեսանկյունից, եւ եկել այն եզրահանգման, որ եվրոպական ամենաթանկ մշակութային քաղաքը Լոնդոնն է:
Եթե Լոնդոնում, որտեղ նախորդ տարի եղել է 16.8 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ, պատկերասրահներ, թանգարաններ, պատմական վայրեր, օպերա եւ բալետ այցելությունը 2 մարդու համար արժեցել է 430 դոլար, ապա Վարշավայում, այդ նույն փաթեթն արժե ընդամենը 118 դոլար, այսինքն՝ մոտ 4 անգամ էժան:
Լոնդոնից հետո Եվրոպայի ամենաթանկ մշակութային քաղաքներից են Փարիզը, Բարսելոնան եւ Ամստերդամը, իսկ ամենաէժանները, Վարշավայից հետո, Բուդապեշտը, Պրահան եւ Դուբլինը:

 

ՇՓՈԹԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՏ
Իսպանիայում քաղաքացիական պահակախմբի աշխատակիցները Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին մարդկանց առեւտրով զբաղվող հանցագործի տեղ են դրել: Դեպքը տեղի է ունեցել, երբ թագավորը հանգստանալիս է եղել Մարոկկոյի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա կիսաանկլավում:
Երկու մոտորանավակ եւ երեք հիդրոցիկլետ տեսած պահակախմբի աշխատակիցները որոշել են ստուգում անցկացնել: Նրանք խնդրել են նավի վրա գտնվող անձանց ներկայանալ, քանի որ չեն ճանաչել թագավորին:
Որոշ ժամանակ անց Մուհամմեդ VI-ը զանգահարել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպին: Վերջինս կապվել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության հետ: Արդյունքում՝ պահակախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները գնացել են Մարոկկոյի թագավորի մոտ եւ ներողություն խնդրել:

 

ՍՏԱԼՈՆԵՆ` ԻՐ ՄԱՍԻՆ
Կինեմատոգրաֆիայի վետերան Սիլվեստեր Ստալոնեն պլանավորում է սեփական կյանքի մասին ֆիլմ թողարկել: Այս մասին հայտնի է դարձել դերասանի մորից՝ Ջեկի Ստալոնեից, ով պատմել է որդու նոր նախագծի մասին: «Սիլվեստերը սեփական կենսագրության հիման վրա սցենար է գրում: Նրա օրակարգում է «Ռեմբո»-ի հիմնգերորդ մասի նկարահանումը, այնուհետեւ նա կսկսի աշխատել «Անսանձները 4»-ի վրա, իսկ ընթացքում կզբաղվի իր մասին ֆիլմի աշխատանքներով»,-լրագրողների հետ կիսվել է դերասանի 92-ամյա մայրը:

 

ԱՌԱՆՑ ԳՐՔԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ
Ֆլորիդայում երկուշաբթի բացված նոր գրադարանը ներկայանում է արեւաշող կամարակերպ տանիքով եւ ընթերցանության համար նախատեսված հարմարավետ աթոռներով, սակայն` առանց որեւէ գրքի:Ամբողջապես թվային գրադարանը գտնվում է Ֆլորիդայի Ճարտարագիտական համալսարանի ֆուտուրիստական գմբեթավոր տեսք ունեցող կառույցի կազմում: Համալսարանի գրադարանների տնօրեն Քեթրին Միլլերի խոսքով՝ 550 ուսանողի համար նախատեսված 135 000 էլեկտրոնային գրքերը հնարավոր է կարդալ պլանշետի կամ դյուրակիր համակարգչի օգնությամբ՝ ըստ ընթերցողի ընտրության:
Առանց գրքերի գրադարանը հազվադեպ հանդիպող երեւույթ է ամերիկյան քոլեջներում, սակայն այս նոր միտումը կարող է հաջող ապագա ունենալ: Այստեղ առկա միակ գրասեղանը գրադարանավարի սեղանն է, որտեղ ուսանողներին կսովորեցնեն օգտվել թվային նյութերից:

 




Լրահոս