ԻՍԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համար իրավապահները յուրօրինակ «ֆլեշ մոբ» են իրականացրել՝ մոտ 2 ժամ տեւողությամբ «արարով» ձերբակալելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանին: Վերջինիս հագցրել են ձեռնաշղթաներ եւ հարկ-հարկ իջեցրել մինչ պատժախուց տանող ավտոմեքենան: Նկատենք, որ այս ակցիան զգուշացում էր ոչ այնքան մյուս նախարարությունների աշխատակիցներին, որքան Կոտայքի մարզպետ նշանակված բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բանն այն է, որ Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի մերձավորը, ում նախարարությունում անվանում էին «ռեկետ խմբի ղեկավար»: Նա իսկապես անթաքույց գումարներ է հավաքել՝ ինչքան հրահանգվել է: Եվ այն արարքը, որում մեղադրվում է, թերեւս ամենամեղմն է:
Տեղեկացնենք, որ նա ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով: Իսկ հուլիսի 22-ին էլ ձերբակալվել էր ՀՀ ԲՆ տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ, 1-ին կարգի մասնագետ, Զ. Կարապետյանը, ով մի խումբ քաղաքացիների թույլատրել էր արգելված վայրից սեւ հող տեղափոխել եւ այդ գործողություններին չխոչընդոտելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն:
Մինչ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրենքի երկիր կառուցելու քարոզչությամբ է զբաղված, նրան պատկանող ընկերությունը անօրինականություն է գործում եւ տուգանվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում ՕԵԿ նախագահի ընկերությունն իհարկե սիմվոլիկ, բայց, այնուամենայնիվ, տուգանվել է 50.000 դրամով: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Դրանից հետո էլ նույն «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն ներմուծել է գարու ածիկ, որի վերաբերյալ սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել՝ դարձյալ արժանանալով տուգանքի: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկրի» առաջորդի «Հայասի» կոնյակի գործարանը Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի պահպանությունը եւ շրջակա միջավայրը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում միջին անվանական աշխատավարձն աճել է 7.4 տոկոսով: Նույն տվյալների համաձայն՝ 6 տոկոսով էլ աճել է պետական, եւ 8.9 տոկոս` մասնավոր հատվածի աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս թվերն իրականության հետ առնչություն չունեն, ավելի ճիշտ` աշխատավարձի բարձրացում տեղի է ունեցել, բայց միայն փաստաթղթերով: Բանն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն փոփոխություն արեց նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում` բարձրացնելով դրա շեմը: Դրանից հետո մասնավոր ընկերությունները փաստաթղթում ամրագրեցին ավելի բարձր աշխատավարձ, սակայն աշխատողին շարունակեցին վճարել այնքան, որքան մինչեւ օրենսդրական փոփոխությունն էր: Ինչ վերաբերում է պետական հատվածի աշխատավարձերի բարձրացմանը, ապա այստեղ եւս լուրջ բլեֆ է թաքնված։ Կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ անելով ու բարձրացնելով սոցիալական վճարի չափը, ըստ էության, աշխատավարձերի բարձրացման էֆեկտը հավասարվեց զրոյի:
Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը խիստ մտահոգ լինելով սահմանային լարվածության դեպքերով, որոշել է ուրիշների հաշվին բարեգործություն անել: «Ժողովուրդ»-ին Արթիկից լուրեր հասան, որ ոստիկանապետը տեղի բնակիչներին ու «խանութպաններին» հորդորել է սննդամթերք ու ծխախոտ հավաքել, որպեսզի ուղարկեն դիրքերում կանգնած զինվորներին: Բնակիչները, բնականաբար, հավաքել են այն, ինչ կարողացել են, եւ ոստիկանապետը հայտարարել է, թե անձամբ կուղարկի շփման գիծ, որտեղ այդ ամենի անհրաժեշտությունը կա: Սակայն պարզվում է՝ Տ. Պետրոսյանը ոչինչ էլ չի ուղարկել դիրքեր: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Պետրոսյանից պարզել, թե ինչու է նման քայլի դիմել ու որտեղ է պահվում «հավաքված» սնունդը: Մեր զրուցակիցն ասաց, թե տեղյակ չէ. «Էդ պրոցեսը, որ եղել է, ես արձակուրդում եմ եղել, հիմա էլ արձակուրդում եմ, արդեն մեկ ամիս է: Տեղյակ չեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Ջերմուկում եմ: Ու բացառում եմ, որ կարող էր նման բան լինել, թեկուզեւ իմ տեղակալների կողմից: Հերյուրանք է»:
Անդամակից
Ղազախական Tengrinews լրատավական գործակալության փոխանցմամբ, Մինսկում կայացած գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախ լրագրողներին տված բրիֆինգում ասել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում հանդիպելու են Մաքսային միության երկրների ղեկավարները, որի ընթացքում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը: Ահա այս տեղեկատվությունը հիմք ընդունելով` երեկ ողջ լրատվական դաշտն արդեն հեղեղված էր Հայաստանի առաջիկա անդամակցության մասին վերլուծություններով ու մեկնաբանություններով:
Մինչդեռ հիշեցնենք, որ տակավին վերջերս` Սոչիում կայացած հայտնի հանդիպումից հետո տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, Հայաստանի` այս տարի ԵՏՄ-ին անցամակցելու վերաբերյալ հարցին պատասխանել էր բառացիորեն հետեւյալ կերպ. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երեւի ստորագրման մասի՞ն է…. Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչեւ աշուն: Տեսնենք»: Այսպիսով` մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին խոսք չի կարող լինել, եւ աշնանը նախատեսվում է ընդամենը պայմանագրի ստորագրումը: Սակայն, չգիտես ինչու, անգամ իշխանական քարոզչամեքենան առավել արժանահավատ է գնահատում Ղազախստանի նախագահի` վերը նշված հայտարարությունը` մոռանալով Սերժ Սարգսյանի ասածի մասին:
Իսկ դրա պատճառը, թերեւս, հասկանալի է. առաջին անգամ չէ, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ ՀՀ իշխանությունների նախանշած ժամկետները հետաձգվում են, իսկ ընթացակարգերն էլ` փոփոխվում: Ի վերջո` հիշենք, որ հենց մայիսի վերջին Աստանայում կայացած գագաթաժողովում էլ Ս. Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց անդամակցության պայմանագիրը ստորագրել արդեն հունիսի 15-ին, սակայն ինչպես տեսանք` որոշում կայացնողները հարցն առկախեցին: Էլ չասած, որ մինչ Աստանան ՀՀ իշխանությունները պնդում էին, թե Հայաստանը դառնալու է ԵՏՄ հիմնադիր անդամ, սակայն ինչպես տեսանք` ԵՏՄ-ն հիմնադրվեց առանց մեզ:
Եվ հիմա` Նազարբաեւի այս հայտարարությունից հետո պաշտոնական Երեւանի լռությունը թերեւս ավելորդ անգամ սխալված չլինելու զգուշությամբ է պայմանավորված: Ինչի արդյունքում, սակայն, ՀՀ քաղաքացիների համար այդպես էլ անհասկանալի է մնում. ի վերջո Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրելով անդամակցության պայմանագիրն արդյոք արդեն իսկ համարվելու է ԵՏՄ լիիրավ անդամ, թե ոչ: Թեեւ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արդեն իսկ սովորական է դարձել սեփական երկրի ճակատագրի հետ կապված կարեւորագույն որոշումների մասին դրսից եւ առավելապես օտարների շուրթերով տեղեկանալը: Սպասենք Նազարբաեւի հաջորդ ասուլիսին: