ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐՈ՞Վ, ԹԵ՞ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ ԵՆՔ ՄԻԱՆՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը երեկ հայտարարել է, թե ոչինչ չի կարող խանգարել Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացին: «Կարծում եմ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու շուրջ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս… Այդ գործընթացին ոչ ոք չի կարող խանգարել»,- ասել է նա: Իհարկե լավ է, որ ՌԴ ներկայացուցիչն անհարթ է պատկերացնում ինտեգրման գործընթացը: Սակայն դեսպանի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2014» ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին, ասել էր, թե ԵՏՄ անդամ երկրներից ոչ բոլորն են ուրախ ՀՀ-ին այնտեղ տեսնելու համար, բայցեւ՝ նրանք վետո չեն դնում ՀՀ անդամակցությանը: Նա նաեւ հավելել էր, թե ՀՀ-ին ոչ թե շտապեցնում են ԵՏՄ մտնելու հարցում, այլ՝ «մեզնով է պայմանավորված, ոչ թե որեւէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով»: Այլ կերպ ասած, Ս.Սարգսյանը գնում է մի միություն, որտեղ իրեն ոչ բոլորն են ուրախ տեսնելու, իսկ դեսպանը դա խոչընդոտ չի համարում:

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ որոշում է ընդունել՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության վերսկսման հարցերով բանակցային խումբ ստեղծելու մասին: Ըստ այդմ, խումբը պետք է բանակցություններ վարի Եվրասիական զարգացման բանկի հետ՝ ծրագրի չորրորդ փուլը սկսելու համար: Հովիկ Աբրահամյանի երեկվա որոշումն ուշագրավ է այն առումով, որ ծրագրի իրականացումն ի սկզբանե ուղեկցվել է տարաբնույթ սկանդալներով: Չնայած պայմանագիրը ստորագրվել էր 2009թ., սակայն աշխատանքները սկսվեցին 2012թ. սեպտեմբերին նոր միայն, եւ ՀՀ կառավարությունն այն ուշացնելու համար ստիպված էր 300 հազար դոլար տուգանք վճարել, հետո ՀՀ Վերահսկիչ պալատն էր թերություններ գտել շինաշխատանքներում: 2013թ. նոյեմբերից մի քանի ամիս դադարեցվել էին աշխատանքները: Ու հիմա կառավարությունը փորձում է իրավիճակը փրկել՝ համոզելով շարունակել ծրագրի հերթական փուլը:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրն անգամ ՀՀ ՊՆ բալանսի տակ անցնելուց հետո մնում է անորոշ: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց այն հանձնել ՊՆ-ին: Ընդ որում, այդ որոշումը վարչապետի կողմից ստորագրվել ու վավերացվել էր հենց ընդունման օրը: Նման հրահանգ վարչապետը ստացել է ուղիղ Սերժ Սարգսյանից: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ներկայում Մարզահամերգային համալիրում աշխատում է շուրջ 100 հոգի, ովքեր մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել: Ու հիմա հայտնի չէ` ինչ է լինելու նրանց ճակատագիրը: Համենայնդեպս, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե այս պահին իրենք որեւէ մեկնաբանություն չունեն: Իսկ Մարզահամերգային համալիրի լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հուլիսի վերջերին` համալիրը ԴԱՀԿ կապարանակնքելուց երկու օր առաջ, ՊՆ-ն իրենց մոտ միջոցառում է անցկացրել, բայց այդպես էլ չի վճարել 60 մլն դրամ գումարը:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարանում հանդիպելու են: Մեր աղբյուրների հաղորդմամբ, ԲՀԿ-ն է նախաձեռնել հանդիպումը, քանի որ ցանկանում է վերջնական դիրքորոշում լսել ՀՅԴ-ից՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Բանն այն է, որ այդ հարցում ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն, այն է՝ նման բարեփոխումներ չպետք է լինեն, իսկ ՀՅԴ կողմ է արտահայտվում այդ բարեփոխումներին: Մեր տեղեկություններով՝ նշված երեք խմբակցությունները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներով հանդես գալ ու ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրական բարեփոխումները միս ու արյուն չստանան: Այդ հարցում անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է վճռական տրամադրված ու որոշել է անձամբ հասնել այն վերջնարդյունքին, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե հանկարծ տեղի չունենա:

 

ԱՆԻՇԽԱՆԱՓՈԽ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ հայտարարել է, թե «քանի որ իշխանությունները չեն կատարել Քառյակի 12 կետանոց պահանջները, Քառյակը պարտավոր է արդեն նախագահի հրաժարականի հարցը բարձրացնել»: Այս պահին կարծես թե ամբողջական իշխանափոխության մասին բարձրաձայնում են Քառյակի երկու ուժերը՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, իսկ ահա ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում դեռ չեն շտապում այս մասին հայտարարություններ անել: Կարծեք թե ամբողջական իշխանափոխության, կամ թեկուզ միայն կառավարության հրաժարականի պահանջը մոտ ապագայում դառնալու է այն փորձաքարը, որն էլ կկանխորոշի Քառյակի հետագա ճակատագիրը:
Թեեւ, հաշվի առնելով ոչ իշխանական ուժերի՝ անցած ամիսների գործունեությունը, չի բացառվում որ այդ պահանջի հնչեցումը կրում է զուտ իմիտատիվ բնույթ: Ի վերջո՝ չմոռանանք, որ ամիսներ շարունակ Քառյակի «երկնած» 12 կետանոց պահանջներում որեւէ խոսք չկար իշխանափոխության մասին, եւ առաջադրված էին առավելապես կենցաղային, սոցիալական բնույթի հարցեր: Սակայն անգամ դրանք իշխանությանը շատ թվացին, եւ հենց միայն կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչը չհանելով արդեն իսկ իշխանությունները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում որեւէ զիջման գնալ:
Բայց այն, ինչ ակնհայտ էր բոլորի համար, Քառյակի համար դեռ փաստ չէր, եւ նույն Ռուբիկ Հակոբյանը «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխությունների ընդունումից հետո հայտարարեց, թե իրենք համարժեք կերպով կարձագանքեն, երբ գա ժամանակը: Ասել է թե՝ Քառյակն ամեն կերպ փորձեց ձգել ժամանակը՝ Հովիկ Աբրահամյանին հնարավորություն տալով ամրապնդել իր դիրքերը: Եվ հիմա, երբ Հակոբյանը հայտարարում է, թե իշխանությունն ադեկվատ չէ, դժվար է նրան չհակադարձել՝ ի ցույց դնելով ընդդիմության վարքագծի ոչ ադեկվատությունը, որի արդյունքում հենց նույն Կուտակային համակարգի հետ կապված հանրային դժգոհության հսկայական ալիքը մարեց:
Ինչեւէ. Քառյակի առնվազն կեսի կողմից իշխանափոխության պահանջն արդեն իսկ հնչեցված է, եւ եթե առաջիկայում այդ երկու ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հետ կանգնեն դրանից՝ արդարանալով Քառյակի բոլոր անդամների միասնական դիրքորոշումը հարգելու պարտավորությամբ, դրանով նրանք ոչ միայն զգալիորեն կվտանգեն սեփական հեղինակությունը, այլեւ կասկածի տակ կդնեն Քառյակի՝ սեփական պահանջների իրագործմանը հետամուտ լինելու քաղաքական կամքն ու վճռականությունը:

 




Լրահոս