ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՌՆՎԵԼ Է ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾԻՆ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ նոր աղմկալի բացահայտումներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին համալիրի տնօրեն Բորիս Մուրադյանը փորձում է լեզու գտնել կառավարության հետ՝ գոնե համալիրի տնօրենի պաշտոնը պահպանելու համար:

Կռիվ կինոյի սկիզբը
Հիշեցնենք, որ պատմամշակութային հուշարձանի շուրջ հյուսված խառնիփնթոր պատմության ակունքները գալիս են 2005 թվականից: Այդ տարի ՀՀ կառավարությունը որոշեց համալիրի շենքը 5,7 միլիոն դոլարով վաճառել ԲԱՄՕ (Բորիս, Հակոբ, Մուրադ, Հովհաննես Մուրադյան եղբայրներին պատկանող) ընկերությանը: ԲԱՄՕ-ն ռուսական ընկերություն է, որը հիմնադրել են մարտունեցի Մուրադյան եղբայրները: Ընկերությունն այդ ժամանակ նորոգեց Մարզահամերգային համալիրը, եւ այն վերաբացեց 2008 թվականին՝ հայտարարելով, որ ծախսել է մոտ 42 միլիոն դոլար:
Ավելի ուշ Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: ՀՀ կառավարությունն էլ որոշել էր ընդառաջել ներդրումներ կատարած Մուրադյաններին եւ տրամադրել էր խոշոր վարկը՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը տալով ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Սակայն երկու տարի անց՝ 2011-ից սկսած, ԲԱՄՕ-ն սկսեց թերանալ վարկային վճարումների հարցում: Գործադիրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ այս ընթացքում Մուրադյան եղբայրները մի քանի անգամ Սերժ Սարգսյանին, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրել են ժամանակ տալ՝ պարտքը մարելու: ՀՀ իշխանության բարձրագույն օղակներում որոշել են ընդառաջել ԲԱՄՕ-ին եւ անընդհատ երկարաձգել են կոշտ քայլերի գնալու մասին որոշման ընդունումը: Եվ այսպես՝ մոտ 3 տարի: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն անձամբ է հրահանգել մարզահամերգային համալիրը «վերցնել» ԲԱՄՕ-ի ձեռքից՝ պարտքի դիմաց: Դրա համար էլ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այս տարի հետեւողականորեն աճուրդի դրեց համալիրի շենքը եւ գնորդ չլինելու պատճառով ՀՀ կառավարության որոշմամբ շինությունն անցավ ՊՆ-ի տիրապետության տակ:

ՊՆ-ն «քցել» է համալիրին
Իսկ ինչո՞ւ են Մուրադյան եղբայրները հայտնվել ֆինանսական ծանր կացության մեջ: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մուրադյան եղբայրների՝ ՌԴ-ում գտնվող ԲԱՄՕ ընկերությունը շինարարական խոշոր մրցույթներում հաղթող է ճանաչվել։ Ավելին՝ Մուրադյանները մեծ ծավալի շինաշխատանքների մրցույթում շահել են ոչ միայն Մոսկվայում, այլեւ Սոչիում՝ 2014 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ծրագրի հետ կապված։ Սակայն նկատենք, որ շինաշխատանքների այս գործընթացում եղբայրները Ռուսաստանում հայտնվել են դատական քաշքշուկների մեջ՝ աշխատակիցների աշխատավարձերը ժամանակին չվճարելու համար:
Բացի այդ, ԲԱՄՕ ընկերության ֆինանսական դժվարությունները կապված են նաեւ Հայաստանի ու հենց համալիրի հետ: Իրականում որոշ հանգամանքներ եւս նպաստել են, որ համալիրն այսօր կանգնի լուրջ պարտքերի առաջ: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՄՀՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ մինչ ԴԱՀԿ-ի կողմից համալիրի կապարակնքումը, Պաշտպանության նախարարությունը միջոցառում է կազմակերպել համալիրում, սակայն չի վճարել անհրաժեշտ գումարը. «Ընդհանուր առմամբ ՊՆ-ն համալիրին պարտք է մոտ 60 միլիոն դրամ եւ այդ գումարը կուտակվել է մի քանի միջոցառումներ կազմակերպելու արդյունքում»: Հետաքրքիր է՝ ՊՆ-ն այդ միջոցառման կազմակերպման համար պետբյուջեից գումար դուրս գրե՞լ է, որտե՞ղ են գնացել այդ փողերը:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Բորիս Մուրադյանը փորձում է «լեզու գտնել» ՀՀ կառավարության հետ՝ գոնե համալիրի տնօրենի պաշտոնը պահելու համար, համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատուն ասաց. «Ոչ թե տնօրենի պաշտոնի հարցն է այստեղ, այլ սեփականատերն ասում է՝ թողեք համալիրը շահագործենք, շարունակենք մեր բնականոն աշխատանքը: Ժամանակ տվեք մեզ, կվճարենք պարտքը: Մենք ուղիներ ենք փնտրում խնդիրը լուծելու: Խնդիրը ժամկետն է»:

Մուրադյանները խաբե՞լ են
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մուրադյան եղբայրներից Մուրադ Մուրադյանը, ով Իրաքում ՀՀ նախկին դեսպանն էր, հետաքրքիր իրավիճակում է այդ պաշտոնը ստանձնել: Պարզվում է՝ մինչ դեսպան նշանակվելը նա Սերժ Սարգսյանին ասել է, թե իրեն աշխատավարձ պետք չէ, դեսպանատան տարածքի վարձն էլ իր միջոցներից կվճարի, եթե իրեն նշանակեն Իրաքում ՀՀ դեսպան: Սարգսյանն էլ համաձայնել է՝ պայմանով, որ դեսպանատան աշխատակիցների աշխատավարձերը կվճարի ՀՀ կառավարությունը, իսկ մյուս ծախսերը կհոգա գործարար Մուրադյանը: Սակայն տարիներ հետո, երբ ԲԱՄՕ ընկերության գործերը սկսել են վատանալ, Իրաքում ՀՀ դեսպանատունը եւս սկսել է պարտքեր կուտակել: Հավանաբար սա է պատճառը, որ Մուրադ Մուրադյանն ազատվեց դեսպանի պաշտոնից: Լուրեր կան, որ այս օրերին ՀՀ կառավարությունը մարում է դեսպանատան կուտակած պարտքերը:
Մեր հարցին, թե Մուրադ Մուրադյանի կողմից Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատանը կուտակած պարտքերը եւս պատճառ են դարձել, որ համալիրի հարցում ՀՀ իշխանություններն առավել խիստ լինեն, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց, թե սխալ է այս երկու հարցերը իրար հետ կապելը: Ավելին, ըստ նրա՝ Մուրադ Մուրադյանի օրոք Իրաքում Հայաստանի դեսպանատունը շենացել է:

Անորոշ վիճակ
Թե կողմերից որն է ճիշտ, որը՝ սխալ, թերեւս դատական իշխանության որոշելիքն է, սակայն այս իրավիճակում ամենակարեւոր հարցը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ 100 աշխատակիցների ճակատագիրն է: Ինչպես տեղեկացանք ՄՀՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանից, շուրջ 100 աշխատակիցներ հունվար ամսից սկսած աշխատավարձ չեն ստացել. «Ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր չի եղել աշխատավարձ տալ: Փակուղի ենք մտել»: Իսկ թե ինչ է մտածում այս մասին համալիրի փաստացի իրավատերը՝ ՊՆ-ն, դժվար է հասկանալ, քանի որ ՊՆ խոսնակն այս հարցով առայժմ որեւէ մեկնաբանություն չունի: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստան ներթափանցած դիվերսանտների թեմայի դեպքում:

 
ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԿՐԱԿՈՑԻՆ

Հայաստանյան մարզերում վերջին շրջանում վիճաբանություններն ավարտվում են կրակոցներով: Մի դեպքում՝ էլեկտրացանցի տեսուչն էր դարձել կրակոցի թիրախ, մյուս դեպքում՝ բարեկամներն իրար չեն հասկացել, իսկ ահա երրորդ դեպքում էլ կրակել էին Արտաշատում հայտնի դռներ սարքողի վրա:

Եվ այսպես, օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում բնակիչներ Ատոմ Սարգսյանի եւ Դանիել Կարապետյանի միջեւ լույսի խնդրի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել: Ատոմը «Մուսալեռ» մասնաճյուղի պատասխանատու Դանիել Կարապետյանի պարտականություններից դուրս խնդրանքով էր դիմել եւ ստացել էր մերժում: Ինչի հետեւանքով կրակել էր նրան:
Օգոստոսի 25-ին էլ աղմկալի կրակոցների կիզակետում էին հայտնվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքը եւ Արագածոտնի մարզի Փարպի համայնքը:
Արտաշատ քաղաքում կրակոցներն ուղղվել էին Աբրահամ Պողոսյանի դեմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ասաց, որ Աբրահամը քաղաքում զբաղվում է դռներ եւ պատուհաններ պատրաստելով. «Ընտանիք, երեխաներ ունի, նորմալ մարդ է, քրեկան հեղինակություն չէ: Իսկ թե ինչու են կրակել, չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»:
Քաղաքապետը դժվարացավ ասել կատարվածը կապվա՞ծ է Աբրահամ Պողոսյանի մասնավոր գործունեության հետ, թե՞ ոչ:
Ինչեւ, տեղեկացնենք, որ 51-ամյա Աբրահամ Պողոսյանն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) եւ 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, օգտագործելու) հատկանիշներով:
Իսկ ահա Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կրակոցների հեղինակները բարեկամներ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը. «Միայն գիտեմ, որ կրակողները մեր գյուղի թոռներ են, բայց մեր գյուղի բնակիչներ չեն: Լսել եմ, որ սրանից մի 10 օր առաջ էլի լուրջ վիճել են ու հետո այս դեպքն է տեղի ունեցել: Կոնկրետ չգիտեմ՝ ինչի շուրջ են կռվել, բայց դե ջահել տղեք են, տաքանում ու նման բաներ են անում»:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 
ԲԼԹ

«Վերջնագրի տեսքով բանակցություններ վարելն անհնար է… Սակայն մենք միշտ ասել ենք, որ մեզ հետ համագործակցել ցանկացողների առաջ մեր դռները միշտ բաց են»:

Մկրտիչ Մինասյան News.am

ՀՀԿ-ական պատգամավորը ոչ միայն ինքն է բավականին «հին», այլեւ իր հնչեցրած մտքերն ու մեկնաբանությունները, քանի որ որքան մենք ՀՀԿ-ին հիշում ենք, նրանց դռները միշտ բաց են համագործակցել ցանկացողների առաջ, սակայն այդ համագործակցությունն այդպես էլ համառորեն չի ստացվում, իրենք էլ «որքան ուզում՝ այդքան էլ խփում են»: Եվ այդքանից հետո պետք է սպասելի լինի, որ հակառակ կողմը կարող է վերջնագրեր էլ ներկայացնել: Վերջիվերջո, սա քաղաքականություն է, եւ պարտադիր չէ, որ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց «սեր բացատրվեն», կարող են նաեւ վերջնագրեր էլ ներկայացնել:

 

 

«Մանվել Գրիգորյանն առանձին կառույց ունի, իսկ նրա դիրքորոշումը՝ լինել-չլինելու տվյալ կառույցի մասին, շատ քիչ է հետաքրքրում»:

Ռուբեն Գեւորգյան «Հրապարակ»

Եթե ԲՀԿ-ական մականունավոր օլիգարխ-պատգամավորին չհետաքրքրեր ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի կարծիքը իր հիմնած՝ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցի մասին, ապա, հնարավոր է, Ռուբեն Գեւորգյանն ընդհանրապես նման կառույց չհիմներ, քանի որ ազատամարտիկների այդ կառույցը կարծես թե ԵԿՄ-ին հակակշիռ դառնալու խնդիր է իր առջեւ դրել: Այլապես Ռուբեն Գեւորգյանը կարող էր հիմնել կուսակցություն՝ հանրապետականներին ինչ-որ բան հասկացնելու համար: Եթե չի արել, նշանակում է՝ խնդիր է դրել հենց ազատամարտիկների միավորման գաղափարը անվանարկել։

 

 

«Միջոցառումներ իհարկե լինելու են… Պատմամշակութային հուշարձանների մոտ թույլատրելի կլինի, օրինակ, հոգեւոր, դասական եւ ռոք երաժշտություն, ռաբիսը կարգելվի»:

Վլադիմիր Պողոսյան News.am

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարը, ով մի առանձնահատուկ սեր ունի մշակութային հուշարձանների տարածքում «քյաբաբնոցներ» բացելու նկատմամբ, այնուամենայնիվ անդրդվելի է մնում Հայաստանի չգործող սրբավայրերը պղծելու՝ իր առաքելության մեջ: Այսինքն՝ Գառնիում ու Զվարթնոցում կրկին կանցկացվեն «փարթիներ», պարզապես ՊՈԱԿ-ի ղեկավարը մեզ մի մեծ «լավություն» է անում՝ վստահեցնելով, որ այդ վայրերում ռաբիսն այսուհետ կարգելվի, կլինի միայն ճաշակով երաժշտություն, այսինքն՝ կպղծենք, սակայն ճաշակով…

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 




Լրահոս