ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵԹԵ ԱՅՍՕՐ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ»

Արդեն հայտնի է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը Սահմանադրական բարեփոխումներին դեմ են: Բացառությամբ ՀՅԴ-ի, որը թեեւ հայտարարել է, որ դրական է վերաբերվում բարեփոխումներին, սակայն, այդուհանդերձ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակել: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի այդ բարեփոխումները կյանքի չկոչվեն: Տեղեկություններ կան անգամ, որ առաջիկայում խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հանդես են գալու համատեղ բողոքի ակցիաներով: Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ են արտահայտվում Սահմանադրական բարեփոխումներին: Մտավախություն չունե՞ք, որ նրանք կարող են տապալել Սահմանադրական բարեփոխումների հետ կապված Ձեր ծրագրերը:
-Նախ ասեմ` եթե փորձում են Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը որոշակի քաղաքական շահարկման առիթ դարձնել, ապա դրա մեկնարկը շատ շուտ է տվել: Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ դեռեւս հայեցակարգի նախագիծ՝ սեղանին, որպես քննարկման առարկա դրված չէ: Թե ի՞նչ ուղղությամբ կլինի, ի՞նչ ընթացք կունենան բարեփոխումները, այդ հարցերը ունեն հաջորդականության փուլեր: Հայեցակարգի նախագիծը երբ պատրաստ կլինի ու կներկայացվի նախագահին, այդ ժամանակ հաջորդականությամբ նաեւ կմշակվեն բարեփոխումները: Եվ դրանից հետո արդեն այդ բարեփոխումների հայեցակարգը կդրվի շրջանառության մեջ, ապա կուղարկվի Ազգային ժողով եւ այդ ժամանակ մեր քաղաքական թիմերը կարող են իրենց տեսակետն արտահայտել՝ արդեն առարկայական ձեւով, այլ ոչ թե բավարարվելով ընդամենը քաղաքական գնահատականներ հնչեցնելով: Միայն դրանից հետո կարող են լինել մասնագիտական քննարկումներ, իսկ մենք այդ ամենի կողմնակիցն ենք: Չեմ ուզում այս պահին ավելի քաղաքական անդրադարձ կատարել այդ հայտարարություններին, ընդամենը կասեմ, որ Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեի միջոցով ու Սահմանադրություն ընդունողն էլ մեր ժողովուրդն է, ով անմիջական ընտրության միջոցով իր կամքն արտահայտում է: Պետք չէ այժմ բախտագուշակությամբ զբաղվել, այդ ամենի պատասխանը պետք է թողնել հետագային:
-Այդուհանդերձ` արդեն այսօր հստակ է, որ Աժ-ում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, կատեգորիկ դեմ է բարեփոխումներին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ հարցում վճռական է տրամադրված, դա Ձեզ չի՞ մտահոգում:
-Դե ուրեմն ԲՀԿ-ն շատ ավելի մոտ է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբին, նախագահական ինստիտուտին ու հատկապես նախագահին, որովհետեւ միգուցե իրենք ավելի տեղյակ են, թե ինչ փաստաթուղթ է լինելու, ինչ հայեցակարգ է ներկայացվելու: Եթե այսօր չկա որեւէ փաստաթուղթ, ինչի՞ն են դեմ: Ընդամենը հայեցակարգի նախագիծ, տեսակետներ, բացեր, որոնք առկա են այսօրվա Սահմանադրության մեջ: Ու այս 10 տարիների ընթացքում հասարակության զարգանալու, աշխարհի գլոբալացման, այս բոլոր երեւույթների արդյունքում մենք տեսնում ենք, որ Սահմանադրությունը ենթակա է որոշակի փոփոխության: Երկու տեսակետ կա. կամ մասնակի փոփոխությունների պետք է ենթարկվի այդ բացերը շտկելու ճանապարհով, կամ ընդհանրապես անցնենք նոր Սահմանադրության, նոր գաղափարախոսության ընդունման: Եթե իրենք արդեն գիտեն, թե ինչ ուղղությամբ է գնում, ինչ փոփոխությունների է ենթարկվելու, դրա հետ կապված մասնագիտական առարկություններ ունեն ու փորձում են որոշակի գործողություններ կատարել՝ բոյկոտել, չգիտեմ միտինգներ, ցույցեր եւ այլն, ես այստեղ որեւէ բան չունեմ ավելացնելու: Բայց եթե որեւէ պրոցես չի սկսվել մենք ինչ մտավախություն կարող ենք ունենալ:
-Իսկ պատրա՞ստ են իշխանությունները զիջումների գնալ….
-Ես արդեն նշեցի, որ եթե ինչ-որ մեկը սերտ հարաբերություններ ունի բարեփոխումների խմբի հետ… տեղի ունեցող իրադարձություններից, գաղափարներից տեղեկություն ունի, ապա մենք դեռեւս որեւէ հստակ բան չգիտենք: Այդ ամենն իմ նշած երկու ինստիտուտների տիրույթում է: Եվ եթե այդ հարցը դեռեւս ԱԺ-ում չէ, ես չեմ կարող ասել, թե իրենք որտեղից գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հայեցակարգը: Իսկ եթե դա քաղաքական ակցիա է, որն իրենք են կազմակերպել, ապա այս պահին ես չեմ ցանկանում այդ քաղաքական ակցիային անդրադառնալ:

 

ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՍԴ ԴԻՄԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները հանդիպելու են, որպեսզի քննարկեն Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՅԴ դիրքորոշումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ հարցի հետ կապված առայժմ որեւէ հստակություն չկա, ու կարելի է ասել` ԲՀԿ-ն հետաձգել է հարցի քննարկումը, մինչեւ ՀՅԴ-ն կկողմնորոշվի: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն ժամանակ է տվել ՀՅԴ-ին:

Երեկվա հանդիպմանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները փորձել են ՀՅԴ-ականներից պարզել, թե ինչու են նրանք կողմ արտահայտվում Սահմանադրական բարեփոխումներին ու խնդրել են առաջիկայում ներկայացնել այս հարցի շուրջ ՀՅԴ վերջնական որոշումը:
Այնուհետեւ ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության անդամները քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ դիմելու հարցը: Բանն այն է, որ ՍԴ դիմելու հարցում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միակարծիք են, իսկ ահա Քառյակի մնացած երկու անդամները ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը դա անիմաստ են համարում: «ԲՀԿ-ն ավելի հակված է, որ այդպիսի քայլի գնանք: Մենք այն տեսակետին ենք, որ ՍԴ-ի միջոցով կարող ենք հասնել այս նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելուն: Հակված ենք, որ մենք ԲՀԿ-ի հետ կդիմենք Սահմանադրական դատարան: Մեզ համար կարեւոր էր, որ առաջին հերթին հենց իրենց հետ հանդիպեինք»,-երեկ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կուտակային կենսաթոշակային համակարգը հակասահմանադրական ճանաչելու հարցով կրկին ՍԴ դիմելն անիմաստ գործ է համարում: ՀԱԿ-ում կարծում են, որ դարձյալ անիմաստ ժամանակ են ծախսելու ու որեւէ բանի չեն հասնելու: Սակայն այդ հարցը որոշել են եւս մեկ անգամ քննարկել խմբակցության անդամների հետ ու վերջնական որոշման հանգել: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամները ժողով են անելու` քննարկելու իրենց անելիքները:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում եւս այդ հարցը «օդում» կախված է մնում: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք դեռեւս վերջնական որոշում չունեն. «Մենք Քառյակում վերջնական այդ հարցը չենք քննարկել, բայց մեր նախնական տրամադրվածությունն այն է, որ անիմաստ է նորից դիմել, մենք մեկ անգամ դիմել ենք ու արդյունքները տեսել ենք: Բայց կրկնում եմ՝ մենք վերջնական հարցը չենք քննարկել Քառյակում»,- ներկայացրեց Հակոբյանը` հավելելով, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում Քառյակի անդամները հանդիպելու են` հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելու համար:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

ԼՈՒՐԵՐ

Փոխում է ու փոխում
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նշանակումից հետո համակարգում կադրային փոփոխություններ են սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս աշխատանքից ազատվել է նաեւ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Վիկտոր Մարտիրոսյանը: «Ժողովուրդ»-ը նախարարի մամլո խոսնակ Թեհմինա Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել Մարտիրոսյանի ազատման պատճառը: «Վիկտոր Մարտիրոսյանը մոտ երեք ամիս առաջ իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Մոտ երկու ամիս առաջ ԾԻԳ-ի տնօրենի ԺՊ է նշանակվել Գրիշա Հովհաննիսյանը, մինչեւ համապատասխան մրցույթի անցկացվելը»,- պատասխանեց մամլո խոսնակը:

 

Չի փոխվել ոչինչ
Սեպտեմբերի 8-9-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Այս առիթով Երեւանում նախատեսվում են բողոքի մի շարք ակցիաներ ու երթեր անցկացնել, որի կազմակերպիչն է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ նման մի բողոքի ակցիա անցկացվեց նախորդ տարի դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս բողոքի ակցիային մասնակցել էր նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Ժողովուրդ»-ը Սաքունցից հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ է նաեւ Մեդվեդեւի դեմ կազմակերպվող բողոքի ակցիային. «Միանշանակ ես գտնում եմ, որ Մեդվեդեւը ՀՀ քաղաքացիների կողմից պետք է համարվի պերսոնա նոն գրադա: Դա մեր վերաբերմունքն է եւ դիրքորոշումը: Երբ Պուտինն իմացավ, որ Հայաստանը Սերժ Սարգսյանը չէ, այնպես էլ Մեդվեդեւը պետք է դրանում համոզվի: Այսինքն՝ Պուտինի դեկտեմբերի այցից հետո Հայաստանում տրամադրությունները չեն փոխվել»:

Գարեջրի դատարկ շշով
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին, գիշերը 04:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի բակում լուրջ իրարանցում է եղել: Մի խումբ հարբած տղաներ լեզվակռիվ են սկսել միմյանց հետ, իսկ ավելի ուշ լսվել են կոտրվող շշերի ձայներ: Ըստ ականատեսների՝ վիճողները եղել են 4 հոգի՝ Վլադիմիրը, էդգարը, Գրիգորը եւ Համլետը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Համլետը ոստիկանությունում է ասել է, թե ինքն է վիճել Վլադիմիրի հետ եւ գարեջրի շշով հարվածել նրա գլխին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ կատարվում է քննություն:

 




Լրահոս