ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾԻՆ ՄԵԿ ՀԱՐՑ Է ՏԱՆՋՈՒՄ

Օգոստոսի 26-ի գիշերը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կրակել էին Աբրահամ Պողոսյանի վրա, ով առավել հայտնի է «Զինագործ Նիկոլ» անվանմամբ: Աբրահամի կինը լսել է կրակոցների ձայնը, սակայն մտածել է, թե հրավառություն է , իսկ ավելի ուշ տան դիմաց գտել են ամուսնուն՝ ընկած:

Նշենք, որ կրակոցները հնչել էին գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երբ Աբրահամը նստած է եղել իր տան բակի նստարանին: Վերջինս ոտքի, ինչպես նաեւ որովայնի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ մի փոքր ուշ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աբրահամի զոքանչը՝ տիկին Լյուսիան, Արտաշատի բժշկական կենտրոնի գանձապահն է: Մեզ հետ զրույցում տիկին Լյուսիան ասաց, որ իր փեսաները շատ լավ տղաներ են եւ այս տարիների ընթացքում ինքը որեւէ վատ բան չի նկատել նրանցից: Իսկ թե ինչն է եղել կատարվածի պատճառը, գանձապահ զոքանչը չկարողացավ պատասխանել. «Երեք երեխա ունի, նորմալ տղա է: Ինձ երբ զանգահարեցին ու ասացին, թե ինչ է եղել, ապշել էի, բայց ինչի համար են ցանկացել կրակել նրան»:
Կրակոցներից տուժած Արբահամի կնոջ՝ Աննայի խոսքով՝ Արտաշատ քաղաքում իր ամուսնուն բոլորն են ճանաչում եւ միայն դրական բաներ կարող են ասել. «Թշնամիներ ընդհանրապես չունի, շատ բարի մարդ է: Վտանգավոր որեւէ բան չի արել եւ, առհասարակ, հանցագործների հետ կապ չունի: Անգամ, չենք էլ կասկածում, թե ով կարող է լինել: Ամուսինս էլ կասկածներ չունի: Մեզ համար այնքան դժվար է, որ չենք կարողանում անգամ կատարվածը կապել ինչ-որ բանի հետ: Ամուսինս զբաղվում է դռներ, պատուհաններ սարքելով, սա չէր կարող իր գործունեության հետ կապվել, պարտք էլ չունի, չգիտեմ, կասկածներ ու վարկածներ չունենք»:
Աննայի պատմելով` իր ամուսնու ուղղությամբ կրակել են մի քանի անգամ. «Մենք տանը նստած էինք, իսկ Աբրահամը բակում էր նստած ու էդտեղ էլ կրակել են: Արտաշատում վերջին շրջանում շատ են հրավառություններ լինում ու հիմնականում երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում են այդ հրավառությունները կազմակերպում: Կրակոցները հնչել են գիշերը ժամը 12:00-ի կողմերը: Երբ լսեցի ձայները մի քիչ անիմաստ համարեցի, որ կարող է սա հրավառություն լինել ու անկախ ինձանից տանից դուրս եկա, որ տեսնեմ, թե ինչ է կատարվում: Ու ինչ տեսնեմ. Աբրահամը դռան շեմին ընկած է: Երեւի ամուսինս փախել է, որ մահացու վիրավորում չստանա, բայց կրակոցները, ամեն դեպքում, կպել են»:
Ըստ մեր զրուցակցի՝ ե՛ւ իրեն, ե՛ւ, առհասարակ, Աբրահամին մի միտք է տանջում, թե ինչո՞ւ եւ ո՞վ ցանկացավ Աբրահամին սպանել. «Ամուսինս ոչ մեկի չի նկատել, քանի որ նրան թիկունքից են կրակել, իսկ նա այդ ընթացքում միայն մտածել է կրակոցներից ազատվելու եւ փրկվելու մասին»:
Աննան պատմեց, որ կարողացել է խոսել վերակենդանացման բաժանմունքում գտնվող ամուսնու հետ, որը նրան միայն մի բան է ասել. «Ինչի համար ու ո՞վ: Ուրիշ բան չասեց: Թող առողջանա, դուրս գա վերակենդանացումից, տեսնենք՝ ինչ կասի»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ճանաչո՞ւմ եք Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Խորեն Հովհաննիսյանին, քանի որ ըստ լուրերի, հենց նա է կրակել Աբրահամին, նրա կինը պատասխանեց. «Չեմ ճանաչում նման անուն-ազգանունով մարդու ու առաջին անգամ լսեցի այդ մասին: Բայց մեզ այս պահին Աբրահամի առողջությունն է հետաքրքրում»:
Նշենք, որ Խորեն Հովհաննիսյանին հայտնաբերելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) եւ 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԵԾԻ ՇՈՒՐՋ

Անցել է շուրջ մեկ ամիս այն դեպքից, որ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ ծեծի ենթարկվեցին եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանը եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանը: Սակայն մինչ օրս նրանց տուժող չեն ճանաչել:

Նշենք , որ օրերս Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ հայտնել էր, որ քննության ընթացքում պարզվել է՝ հայ հոգեւորականներին ծեծողների մեջ հայեր են եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ մյուս կողմի մեջ հայեր եղե՞լ են, թե՞ ոչ. «Գիտեք, արդեն 1,5 ամիս է անցել, ինչ քննությունը գնում է, բայց մեզ տուժող կողմի կարգավիճակ չեն տալիս: Շատ զարմանալի է»:
Չնայած թեմի ներկայացուցիչները տեղյակ չեն հայերի կողմից իրենց ծեծի ենթարկելու փաստի մասին, այնուամենայնիվ, երեկ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասաց, որ տղաներից երկուսը եղբայրներ են՝ Խաչատուրով ազգանունով, իսկ մյուս տղան Սարգիսով ազգանուն ունի. «Տղաները նույնիսկ ասուլիսի են հրավիրված եղել, որտեղ պատմել են, թե մեքենայի կայանման տեղի համար են վիճել եկեղեցու ներկայացուցիչների հետ»:
Թե որքանով են իրական նրանց պնդումները, դեռ դժվար է ասել, քանի որ նախաքննական մարմինը փաստացի կողմերին չի տեղեկացրել եղելության մասին։ Չի բացառվում, որ վրացական հատուկ ծառայություններն են խնդրել հայկական ազգանուն ունեցողներին՝ վերցնել իրենց վրա կատարվածը, որպեսզի էթնիկ հողի վրա տեղի ունեցած բախում չորակվի կատարվածը:

Ք. Մ.

 
ԲԼԹ

«Աֆրիկյանների շենքը ոչ թե քանդվել է, այլ տեղափոխվել… Ամբողջ քարերը գույքագրվել են ու տեղափոխվել այն վայրը, որտեղ անվտանգ կլինի»:

Տարոն Մարգարյան Armlur.am

Երեւանի ներկայիս քաղաքապետը երեւի միակը չէ, որ նման գործելաոճ ունի, ու թերեւս այդ պատճառով է, որ այսօր մայրաքաղաքում գրեթե չկան պատմամշակութային արժեք համարվող շենք-շինություններ: Նրանք ամեն ինչ տեղափոխում են՝ նույնիսկ շենքերը՝ միայն թե Երեւանի կենտրոնը վերածեն հյուրանոցների մի մեծ ցանցի: Բայց չէ՞ որ պատմամշակութային արժեքն արժեքավոր է նաեւ իր տեղակայման դիրքով, իսկ երբ այն տեղափոխվում է, մասամբ կորցնում է նշանակությունը: Այս «մանրուքներն», իհարկե, դժվար թե հետաքրքրեն հայտնի «դալանագործ» Տարոն Մարգարյանին:

 

 

«Արտագաղթի համար մեղավոր են լրագրողներն ու բնապահպանները… Ես մինչեւ գյուղապետ դառնալն էլ եմ հանրապետական եղել, էդ ի՞նչ կապ ունի»:

Հայրապետ Մկրտչյան «Առավոտ»

Ինչպես է միանգամից զգացվում, որ Գնդեվազ համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական է եւ առաջնորդվում է «ցեղակրոն» սկզբունքներով: Չէ՞ որ ժամանակին հենց Սերժ Սարգսյանն էր արտագաղթի հիմնական պատճառ համարել գաղջ մթնոլորտը եւ դրանում մեղադրել լրագրողներին: Հիմա ՀՀԿ առաջնորդի միտքը կրկնում եւ զարգացնում է ՀՀԿ-ական գյուղապետը: Վերջինս մեղավորների շարքում ավելացնում է նաեւ բնապահպաններին, որովհետեւ իր գյուղի տարածքում գտնվող Ամուլսարի հանքը շահագործելու խնդիր ունի, իսկ բնապահպանները խոչընդոտում են: Հետեւաբար նրանք նույնպես մեղավոր են արտագաղթի հարցում:

 

 

«Ղազախստանում բարյացակամ են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ… Դա ձեր նախագահի կարծիքն է՝ ով է ուրախ, ով՝ ոչ»:

Այիմդոս Բոզժիգիտով 1in.am

Իարկե, Հայաստանում Ղազախստանի դեսպանը պետք է գոնե մի հայանպաստ հայտարարություն անի, որպեսզի մաքսային միությունում մեր ու այդ երկրի մերձեցումը ուշագրավ չթվա: Բայց, այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանը հիմքեր չունենար, դժվար թե ասեր, որ մեզ այնտեղ բոլորը չէ, որ սիրով սպասում են: Հիշենք միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի ընթերցումը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի կողմից, որն անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին: Ու եթե այդպես շարունակվի, դժվար թե դեսպանների մակարդակով սիրալիրության նման դրսեւորումներն արդյունք տան:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 




Լրահոս