ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՆ ԱՂԲԻ ՈՒ ԿԵՂՏԻ ՄԵՋ Է

Երեւանի կենտրոնը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել շինարարական աղբից ու փոշուց: Հյուսիսային պողոտայի շինարարությունը դեռ չավարտած, հիմա էլ՝ Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութի տարածքն է «փոշի արտադրում»:
Այդ խանութի փակվելուց հետո Աբովյան 22 հասցեում արդեն երկու ամիս է, ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Իսկ անցորդներն էլ այդ աղմուկի, կեղտի ու փոշու միջով գնում- գալիս են: Մինչդեռ զարգացած երկրներում շինարարները գործում են այնքան աննկատ, որ նույնիսկ հաճելի է հետեւել նրանց աշխատանքներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Տարիներ շարունակ ընթացող հանցավոր գործունեության մասին խոստովանությունները բազմիցս են հնչել բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: Դատելով ներքաղաքական իրավիճակի վերջին շրջանի զարգացման առանձնահատկություններից կարելի է ասել, որ այդ առումով Հովիկ Աբրահամյանը առաջատարի իր դիրքերը չի զիջում գործընկերներից եւ ոչ մեկին: Ինչպես Ազգային ժողովը ղեկավարելու տարիներին, այնպես էլ այժմ վարչապետի պաշտոնին իր հրապարակային հայտարարություններում նա փաստացի նորից ու նորից բացահայտում է մեզանում ձեւավորված իրողության ամենավտանգավոր եւ մահաբեր չարիքը՝ օրենքի իսպառ բացակայությունը:

Որպես այդ ողբալի փաստի առկայության ապացույց, կանգ առնենք աբրահամյանական երկու հայտնի խոստովանությունների վրա: Առաջինը՝ հենց Ազգային ժողովի խոսնակի աթոռը զբաղեցնելու ընթացքում հնչեցված «պայծառափայլ» միտքն էր, թե քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ: Այդ բանաձեւը պետք է ընկալել ոչ այնքան որպես սրամիտ աֆորիզմ, որքան քարանձավային բարբարոսությունից չտարբերվող սկզբունքներով հիմնավորված իրողություն: Չէ որ օրենքների գերակայության պայմաններում քաղաքականության ասպարեզում անխելքների հայտնվելն ի սկզբանե բացառված է, էլ չասած՝ բարձրաստիճան պատասխանատվությամբ պաշտոններ զբաղեցնելը:
Որ մեզանում նման աբսուրդային փաստերի ցանկն անսահման հայտնի է բոլորին՝ դրա ողջամիտ բացատրությունն այն է, որ բարձրագույն իշխանության լծակներն ապօրինաբար զավթած անձինք առաջնորդվում են ոչ թե ազգային շահերով, այլ անհիմն անձնական հավակնություններով եւ սեփական հարստացման կենդանական բնույթի անկուշտ մոլուցքով: Սակայն առավել ակնառու են Հովիկ Աբրահամյանի վարչապետական խոստովանությունն ու դրա հետ կապված հեղինակային մեկնաբանությունները: Խոսքը գնում է չարաբաստիկ ստվերի եւ այն արմատախիլ անելու աբրահամյանական «վճռականության» մասին: Այն, ինչ վարչապետը հնչեցրեց նշված ցավոտ խնդրի շրջանակներում, առաջինից մինչեւ վերջինը կարող է կանախատեսված ստախոսության դասական օրինակ ծառայել: Նախ եւ առաջ փաստելով տարիներ շարունակ գոյացող, գոյատեւող եւ ակնհայտ լայնացման միտումներ ունեցող ստվերի առկայությունը վարչապետը դրանով իսկ խոստովանեց, որ իրավապահ մարմինները, ինչպես եւ ողջ արդարադատության համակարգը, Հայաստանում չեն գործում որպես այդպիսին: Այլապես վաղուց արդեն հարուցված կլինեին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քրգործեր` հարկերից խուսափելու հատկանիշներով, որոնցում մեղադրյալների կարգավիճակում կհայտնվեին բոլոր նրանք, ում նորաթուխ վարչապետը հրավիրել էր հայտնի հանդիպմանը` խնդրին իբր լուծում տալու նպատակով:
Իրականում հիշյալ խոստովանության եւ դրա հետ կապված քննարկումների ու սեփական մեկնաբանությունների ֆոնին Հովիկ Աբրահամյանը փաստացի հանդես եկավ ոչ թե որպես կառավարության ղեկավար, այլ որպես հանցագործների հովանավոր: Այդ տխուր հանգամանքը լիովին ապացուցվում է, այսպես կոչված, վերջնաժամկետի հրապարակմամբ, որի իրական իմաստն ու էությունը հետեւյալն էր. «Կարող եք անհոգ շարունակել ձեր հանցավոր գործունեությունը մինչեւ հուլիսի 1-ը, բայց եթե այդ պահից չհամալրեք հարկային դաշտը, ապա ձեզնով կզբաղվեն համապատասխան մարմինները»: Վարչապետի ստախոսությունը, ինչպես հայտնի է, պսակվեց արդեն ավանդական դարձած հերթական անհեթեթություններով: Այս անգամ ամպագոռգոռ խոստումներից հրաժարվելը բացատրվեց «կախարդական փայտիկի» բացակայությամբ, ինչը նույնպես անթաքույց սուտ է: Այդ փայտիկն առկա է եւ բարձր արդյունավետությամբ գործում է քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրներում: Կախարդական փայտիկը կոչվում է Օրենքի գերիշխանություն: Ինչն, անկասկած ,հայտնի է նույնիսկ լեզվաբանական օրիգինալ նորույթների հեղինակ մեր վարչապետին:

ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ապօրինի իշխանության դատապարտյալ, Վանաձորի փակ բանտային ռեժիմի
քրեակատարողական հիմնարկ

 
Երկարաձգվում է
Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել օտարերկրյա եւ սփյուռքահայ ուսանողների ընդունելության հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշվել է սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Նիստը վարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրիահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ եւ օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաեւ նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երկարաձգվում է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Նախարարի համապատասխան հրամանն այժմ մշակվում է:
Ա. Աշոտյանը նաեւ անդրադարձել է Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին եւ ընդգծել, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում եւ յուրաքանչյուրի դիմումը քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:
Ինչ վերաբերում է պետպատվերով հատկացված տեղերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերն այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին:
Նշենք, որ օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ՝ Վրաստանից, 71՝ Ռուսաստանից, 67՝ Սիրիայից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրւթյամբ կազմել է 117:
Նիստի ընթացքում սփյուքահայ ուսանողների ընդունող հանձնաժողովը որոշել է ՀՀ պետական բուհերում առկա 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկով նախատեսված քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:
Ս.թ. օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում որոշվել է կազմակերպել սփյուռքահայ եւ օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը եւ արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

 

 




Լրահոս