ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԶԱՆԳԸ ՉԻ ՀՆՉԻ
Հայաստանի բազմաթիվ դպրոցներում, որոնք մեծամասամբ գտնվում են գյուղական համայնքներում այս տարի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Արտագաղթի ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների հետեւանքները կրում են նաեւ կրթական օջախները: Թեեւ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն դպրոցների հաճախելիության հարցում առաջատարը մնում են խոշոր քաղաքաներն ու Երեւանը: Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են:
«Ժողովուրդ»-ը փորձեց որոշ համայնքապետերից ճշտել, թե ինչպիսի պատկեր է ստեղծվել իրենց համայնքում եւ այս տարի առաջին դասարանի քանի՞ աշակերտ են ունենալու: Սակայն, ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի հարցումները, ՀՀ մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա:
Այսպիսի պատկեր է օրինակ՝ Շիրակի մարզի Կաքավասար գյուղում. համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ իրենց համայնքի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենալու: «Հարեւան գյուղերից երկու ընտանիք կա, խնդրել եմ, որ գան այստեղ մնան: Նույնիսկ տնով էլ ենք ապահովում: Բայց չգիտեմ կգա՞ն, թե՞ ոչ: Սպասում ենք»,- լրացրեց գյուղապետը: Նույն մարզի Բարձրաշեն համայնքը լիկվիդացվել է, իսկ բնակչության կեսը հաստատվել է Իսահակյան գյուղում: Այս պատճառով փակվել է նաեւ գյուղի դպրոցը:
Իսկ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի դպրոցը դեռ նախորդ տարի էր փակվել՝ առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Ավելի բարձր տարիքի փոռեցի 7 աշակերտները հաճախում են հարեւան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում եւս այսօր դպրոցը փակված է, մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ, իսկ նույն մարզի Տավրուս համայնքն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Արմավիրի մարզի Կողբավան համայնքն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Նույն վիճակում է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:
«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու են մարզում դպրոցները փակվում: «Մենք հիմա ամփոփում ենք տվյալները, այս պահին հստակ թիվ չկա իմ ձեռքի տակ: Բայց մարզում առաջին դասարանի աշակերտների ռեալ աճ կա: Մեր մարզում միայն Բարձրաշենում է, որ դպրոցը փակված է եւ Փոքր Սեպասարում ունենք տարրական դպրոց, որն ուներ երեք-չորս աշակերտ: Հիմա տնօրենն ինքնակամ աշակերտներին տեղափոխում է հարեւան գյուղի՝ Մեծ Սեպասարի դպրոց: Բայց ցանկացած աշակերտի ի հայտ գալու դեպքում, Փոքր Սեպասարի դպրոցը կարող է գործել»,- պնդեց Մինասյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարհյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մարզում առաջին դասարանի աշակերտների թվի աճ կա. «2013-ին եւ 2014-ին մեր մարզում որեւէ դպրոց չի փակվել: Իսկ Բարեպատ համայնքի դպրոցն արդեն երեք տարի է, ինչ փակված է, բայց շենքը դեռ մնում է»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 0.4%-ով: Դպրոցների օպտիմալացման շրջանակներում փակվել են Երեւանի թիվ 25, Գեղարքունիքում՝ Բարեպատի, Շիրակում՝ Բարձրաշենի, Վայոց ձորում՝ Փոռի հիմնական դպրոցները, Արագածոտնում՝ Ապարանի ֆիզմաթ վարժարանը: Շիրակում Ախուրյանի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ավագ դպրոցները միավորվել են համապատասխանաբար Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան եւ Երեւանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցների հետ: Իսկ 2012-2013 ուսումնական տարում կասեցվել է Երեւանի ոչ պետական «Էթերա» տարրական դպրոցի գործունեությունը:
Հաշվետու տարում քաղաքային բնակավայրերում գործել են 315 հիմնական, 102 ավագ, 837 միջնակարգ դպրոցներ, ինչպես նաեւ 16 վարժարաններ: Գյուղական բնակավայրերում գործել են 146 հիմնական, 7 ավագ եւ 701 միջնակարգ դպրոցներ: Քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախել է 223844 աշակերտ: Իսկ գյուղական բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների թիվը կազմել է 144864, որից 76342-ն՝ արական սեռի: Քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 21536, իսկ գյուղական բնակավայրերում` 19294 ուսուցիչ:
Չնայած որ մարզպետարանի պատասխանատուները պնդում են, թե իրենց մարզերում առաջին դասարանցիների թվի աճ կա, գյուղական բնակավայրերի փակված դպրոցները հակառակն են փաստում:
Եվ եթե արտագաղթը մեր հանրապետությունում նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
20 ՄԻԼԻՈՆԸ ԲԱՇԽԵԼԻՍ
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղի մանկապարտեզի շենքը ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանող պատը կառուցելու համար Կարմիր Խաչի միջազգային ընկերությունը օգոստոսի 20-ին շինարարության մրցույթի հայտարարություն է տվել: Պատը կառուցելուց զատ, մրցույթում հաղթող կազմակերպությունը նաեւ պետք է մանկապարտեզի խաղահրապարակ կառուցի: Նախորդ ուսումնական տարի Այգեպարի մանկապարտեզ է հաճախել 23 երեխա, մանկապարտեզն ունի 6 աշխատակից: Երեխաների սնունդը հոգում է Հայ օգնության ֆոնդը, սաների ծնողներն էլ ամսական 1000 դրամ են տալիս: Քանի որ մանկապատեզի պաշտպանիչ պատի շինարարարության հայտարարությունը նոր է տրվել, մրցույթի հաղթողը 1 ամիս հետո է որոշվելու: Հետեւաբար՝ սեպտեմբերի 1-ին պատը կառուցված չի լինի: Գյուղապետն ասաց, որ վերջին գնդակոծություններից հետո մանկապարտեզի պատերին գնդակների նոր հետքեր են ավելացել: Այդինյանը չգիտի, թե սեպտեմբերի 1-ին քանի երեխա կհաճախի գյուղի մանկապարտեզ: «Ժողովուրդ»-ը Այգեպարի գյուղապետից հետաքրքրվեց, թե ադրբեջանական գնդակոծությունից վնասված ունեցվածքի փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված 20 միլիոն դրամից որքա՞ն գումար է տրվել Այգեպարին: Նա ասաց, որ այդ հարցը այգեպարցիները բարձրացրել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանի՝ Այգեպար կատարած այցի ժամանակ: Մարզպետի տեղակալն ասել է, որ Այգեպար համայնքի ղեկավարը ադրբեջանական գնդակոծության վնասները ճշտող հանձնաժողով պետք է կազմի եւ տվյալները ներկայացնի Տավուշի մարզպետարան, որը դեռ չի արել: Անդրանիկ Այդինյանն ասում է, որ առաջիկայում Այգեպար պետք է ժամանեն ոստիկանության քննիչներ, ովքեր պետք է կազմեն ադրբեջանական զինուժի պատճառած վնասների մասին արձանագրություններ: Նրա խոսքերով՝ նախկինում բանվորական ավան Այգեպարում կան բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքների ազբոշիֆերները ազերիների գնդակներից փշրվել են: Գյուղապետն ասում է, որ չգիտի, թե ում անվան դիմաց գրի այդ շենքերին պատճառված վնասները: Այգեպարում ադրբեջանական գնդակոծությունից վառվել է մեկ ավտոմեքենա, երկու տուն, բազմաթիվ տներ վնասվել են: Այդինյանը չգիտի, թե հատկացված 20 միլիոն դրամից քանի միլիոնն է տրվելու Այգեպարին: Այդ պատճառով էլ չի կարողանում Տավուշի մարզպետարան ներկայացրել գնդակոծության պատճառած վնասների տվյալները: Իսկ Այգեպարին պատճառված վնասը մեծ գումար է կազմում: Ա. Այդինյանն ասաց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այժմ արտասահմանում է գտնվում եւ ինքը սպասում է նրա վերադարձին, որպեսզի մարզպետի կողմից այդ հարցին լուծում տրվի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼՈՒՐԵՐ
ԿՄՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՋՐԻ
Սեւանա լճի աղտոտումը վտանգավոր է Հայաստանի բոլոր քաղցրահամ ջրերի համար: Այդ մասին երեկ հայտարարեց ջրային ռեսուրսների փորձագետ, Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Քնարիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Սեւանա լճի մակարդակի անկումը մեծացնում է ափամերձ հատվածի աղտոտվածության վտանգը: Իսկ աղտոտումը կարող է ավելի խորը՝ Հայաստանի խմելու ջրի հիմնական մակերեւույթներ ներթափանցել:
Հովհաննիսյանը հավելեց, որ կառավարությունը շեշտը դրել է Սեւանա լճի մակարդակի պլանային բարձրացման վրա, սակայն դանդաղեցնում է ափամերձ հատվածի կառույցների ապամոնտաժումը, ինչը մեծապես բարձրացնում է աղտոտման ռիսկերը:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ներկայացրած տվյալներով՝ լճում ջրի մակարդակը, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 9 սմ-ով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դոնեցկի «Շախտյոր»-ի հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն էր հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո եւ համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: «Ժողովուրդը»-ը ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում է, որ նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչեւ 19 ու մինչեւ 17 տարեկանների հավաքականներ եւ հանդես է եկել այդ թիմերի կազմում: ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը, թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: ՀՀ ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է Մակեդոնիայում եւ պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ:
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ընկերուհու՝ Արիանա Կաոլիի հետ հանգստանում է Հարավային Կարոլինայի (ԱՄՆ) ծովափում: Հայաստանի ուժեղագույն շախմատիստը լուսանկարները տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը կմասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք «Sinquefield Cup» մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարի հաղթողը կստանա 100 հազար դոլար: