«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է :
Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը: Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս՝ հատկապես մանկավարժների, սովորողների ու նրանց ծնողների ջանքերն ուղղվելու են մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»: