ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՔ Է ԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ՄԱՐՈՒՄ

ՀՀ կառավարությունը շարունակում է ավելացնել Հայաստանի պետական պարտքը: Գործադիրի երեկվա նիստում որոշում է կայացվել հավանություն տալ ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցկության (ՄԶԸ) միջեւ 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին: Համաձայն այդ փաստաթղթի՝ ՄԶԸ-ն Հայաստանին տրամադրելու է 21.2 մլն դոլար վարկ: Հիմա ամենակարեւոր հարցը. ինչ նպատակներով է ծախսվելու այդ 21.2 մլն դոլարը։ Ըստ համաձայնագրի՝ այդ գումարով պետք է իրականացվի սոցիալական պաշտպանության ծառայության տարածքային գրասենյակների վերանորոգում, աշխատակիցների վերապատրաստում, ուսումնական ձեռնարկների մշակում, կենսաթոշակային համակարգի արդիականացում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում մշտադիտարկման ու գնահատման ստորաբաժանման կարողությունների հզորացում, եւ այլն, եւ այլն: Նշենք, որ, սովորաբար, արդյունավետ են համարվում այն վարկերը, որոնք ուղղված են տնտեսական ծրագրերին, այսինքն` որոնք շահույթ են ապահովում: Մինչդեռ այս դեպքում այդպես չէ: Ինչպես նկատեցիք, այդ ծրագրերից «ատկատ»-ի եւ գումարների փոշիացման «լուրջ հոտ» է փչում: Ի վերջո, շատերը դեռ չեն մոռացել արտագաղթը կանխելու համար Արտեմ Ասատրյանի ղեկավարած նախարարությանը տրամադրված 1 մլրդ դոլարի ճակատագիրը, որի արդյունավետության մասին անգամ ծիծաղելի է խոսել: Բայց ցավալին այն է, որ պարտքով վերցված ու անհասկանալի նպատակներով ծախսված այդ գումարները ստիպված ենք լինելու վճարել մենք՝ քաղաքացիներս, սեփական գրպանից:

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս շատ հաճախ հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ: Դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ՝ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին: Ըստ մեր տեղեկությունների՝ դեսպանը երբեմն նաեւ ճաշկերույթների է մասնակցում նրանց հետ, քննարկում իրենց անելիքները: Սակայն այդ ուժերը, բնականաբար, հերքեցին լուրը: «Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք: Քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որեւէ տեղեկություն չունեմ»,- ահա այսպես արձագանքեց «Ժողովուրդ»-ի հարցադրմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

 

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել Միկա Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերության եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններից գոյացած 9 մլրդ դրամ պարտքի դիմաց վերցնել Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը: Սակայն Բաղդասարովը պետությանը պարտք է մոտ 24 մլրդ դրամ: Երեկ այդ մասին խոստովանեց նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նկատենք, որ չնայած Բաղդասարովին մշտապես տրվել են գործունեության արտոնյալ պայմաններ, իշխանությունները տարիներ շարունակ աչք են փակել նրա արարքների վրա՝ հնարավորություն տալով նորանոր պարտքեր կուտակել, այնուամենայնիվ, երեկ ֆինանսների փոխնախարարը չկարողացավ հստակ մեկնաբանել, թե ինչու պետությունը ժամանակին տեր չի կանգնել իր պարտքերին: Թեեւ՝ դժվար չէ կռահել. Բաղդասարովը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, ով չարդարացրեց իրեն: Հիմա մնում է սպասել՝ հասկանալու, թե ով կգրավի Բաղդասարովի տեղը տնտեսական դաշտում:

 

Օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանին նշանակելուց հետո համալսարանը որոշել է աշխատանքից ազատել 7 հավաքարարներին: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են Ս. Խաչատրյանին բարձր վարձատրել ու հանուն նրա «զոհաբերել են» 7 աշխատակցի: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր այս տեղեկությունը ճշտել թե՛ Սեւակ Խաչատրյանից, թե՛ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն վերջիններս համառորեն չէին պատասխանում հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՏՊՀ-ում, Սեւակի գլխավորությամբ ՀՀԿ երիտթեւը հարձակվել էր լրագրողների վրա ու արգելել մտնել բուհ, որպեսզի Երեւանի քաղաքապետը չխայտառակվեր:

 

ՃԱՆԱՉՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի նախաշեմին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը նախօրեին ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւ: Պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած բանաձեւում ասվում է, որ Կալիֆոռնիան աջակցում է Ղարաբաղի` անկախ եւ ժողովրդավար ապրելու ձգտմանը եւ կոչ է անում ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ նախագահին` սատարել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերված անկախությանը: Այսպիսով` Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ թվով հինգերորդ նահանգը, որը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը:
Իհարկե այս բանաձեւը, ինչպես եւ նախորդ չորս նահանգների ընդունած փաստաթղթերը, որեւէ իրավական նշանակություն չեն կարող ունենալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման փոփոխության հարցում, սակայն որոշակի դրական քաղաքական ֆոն, դրանք, այդուհանդերձ, ստեղծում են, ինչի կարեւորությունը, թերեւս, չարժե թերագնահատել: Ընդունված բանաձեւն արդեն իսկ ողջունել են ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները: Եվ ուշագրավ է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր հայտարարությունում այս բանաձեւը գնահատել է որպես Ադրբեջանի կողմից ՀՀ եւ եռանախագահների` հիմնախնդիրը կարգավորելու ջանքերը խոչընդոտելու պատասխան` ընդգծելով, որ համանման բանաձեւերը ճանապարհ կհարթեն դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում: Արդյոք դա այդպես է, արդյոք ԱՄՆ հայաշատ այս նահանգի Սենատի քվեարկությունը առավելապես հենց տեղի հայկական համայնքի գործադրած ջանքերի արդյունքը չէ: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ, սակայն ի հակառակ ադրբեջանական քարոզչամեքենայի բարձրացրած հիստերիայի, թե այս բանաձեւը «գնվել է ԱՄՆ ազդեցիկ հայկական սփյուռքի կողմից», հարկ է նկատել, որ այդ դեպքում, թերեւս, Կալիֆոռնիան պետք է լիներ առաջին նահանգը, որը ճանաչում էր ԼՂՀ անկախությունը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, ավելի վաղ` 2012-2013թթ-ին, դա արել են ամենեւին էլ ոչ հայաշատ Լուիզիանա, Մեն, Մասսաչուսեթս եւ Ռոդ Այլենդ նահանգները:
Ամեն դեպքում` պարզ է մեկ բան. ինչպես այս, այնպես էլ ԱՄՆ մնացած չորս եւ Ավստրալիայի ամենամեծ` Նյու Սաութ Ուելս նահանգի` ավելի վաղ ընդունած բանաձեւերը պաշտոնական Երեւանի դիվանագիտական ջանքերի արդյունքը չեն: Եվ, թերեւս, հենց այս պատճառով էլ ՀՀ արտգործնախարարությունը որեւէ կերպ, քարոզչական նպատակներով չի օգտագործում այս բոլոր նահանգների ճանաչումները: Ինչեւէ. սա դրական եւ նշանակալի ազդակ է, որի բացասական արդյունքները, հուսանք, չեն հանգեցնի ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության է՛լ ավելի ամրապնդմանը:

 




Լրահոս