ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԴԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎՐԱ»

Նախօրեին ղազախական Tengrinews լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ Մինսկում կայացած գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում հանդիպելու են Մաքսային միության երկրների ղեկավարները, որի ընթացքում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը: «Ժողովուրդ»-ն այդ առիթով զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այժմ էլ հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ին որոշվելու է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը: Ըստ Ձեզ, այս անգամ, ի վերջո, ստորագրվելո՞ւ է անդամակցության պայմանագիրը, թե՞ հնարավոր է` հարցը դարձյալ հետաձգվի:
-Անկեղծ ասած, Ղազախստանի նախագահի հայտարարությունը չէի համարի միանշանակ հեռանկար հոկտեմբերի 10-ի հանդիպման համար, որովհետեւ, կարելի է ասել, Ղազախստանի նախագահը զգուշավոր լավատեսություն է արտահայտել, ավելին՝ նա չի ասել, թե հոկտեմբերի 10-ին ՀՀ-ն կմիանա ԵՏՄ-ին, այլ՝ որ հոկտեմբերի 10-ին հավանաբար կքննարկվի Հայաստանի հարցը: Սա նշանակում է, որ դեռեւս կան հարցեր, եւ ընդամենը Ղազախստանի նախագահն ապահովագրում է իրեն ու դիվանագիտական էթիկայից ելնելով հայտարարում, որ Ղազախստանը դեմ չէ: Նազարբաեւը թերեւս մեկ խնդիր ուներ լուծելու, դա էլ այն էր, որ Ալիեւի հետ իր փոխհարաբերությունները պահպանի, ինչի համար էլ նախագահների վերջին հանդիպման ժամանակ նա ընթերցեց նրա նամակը: Դա էլ հստակեցրեց, որ ԼՂՀ-ն ԵՏՄ-ի մաս չի կարող կազմել: Այդպիսով, կարծես թե, նա բավարարել է թե՛ Ադրբեջանին, թե՛ իրեն վերաբերող խնդիրները: Դա է պատճառը նաեւ, որ Նազարբաեւն ասել է, թե ինքը դեմ չէ այդ անդամակցությանը: Ես կարծում եմ, որ այս անգամ դեմ արտահայտվելու խնդիրը դրված է լինելու Բելառուսի վրա: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այս անգամ էլ Բելառուսը ինչ-ինչ խնդիրներ կներկայացնի, եւ չեմ տեսնում 100 տոկոսանոց անդամակցության հեռանկար:
-Այսինքն, պետք չէ՞ վստահ լինել, որ հոկտեմբերի 10-ին, ի վերջո, անդամակցության պայմանագիրը կստորագրվի:
-Հիմնական խնդիրները դեռեւս մնում են չհամաձայնեցված, չմոռանանք նաեւ, որ անդամակցության դեպքում գործելու են այլ չափանիշներ: Ու այդ առումով դեռեւս հանրության, բոլորիս համար անհայտ է, թե այդ պայմանագրի որ հատվածներին է ՀՀ-ն միանում եւ ինչպիսի անցումային դրույթներ կսահմանվեն նրա համար, որովհետեւ ակնհայտ է, որ ՀՀ-ն չի կարող միանգամից փոխել իր տնտեսության հիմնասյուն համարվող չափանիշները: Հարց է նաեւ, թե մյուսները կհամաձայնվե՞ն այդ անցումային դրույթներին, թե՞ ոչ: Այս կտրվածքով դեռեւս չեն հնչել հայտարարություններ, որ այդ բոլոր խնդիրները լուծված են:
-Մինչեւ այսօր անհայտ է մնում նաեւ ՀՀ-ի անդամակցության դեպքում ԼՂՀ-ի կարգավիճակը…
-Այո, դեռեւս հստակ չէ, թե ինչ իրավիճակ է առաջանալու, եթե ՀՀ-ն անդամակցի այդ տարածությանը, պարզ չէ, թե Արցախն ինչ կարգավիճակ է ստանալու: Եթե Հայաստանի համար սահմանվեն արտոնյալ պայմաններ, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը, ենթադրենք՝ 10 տարի չբարձրացվեն ավտոմեքենաների մաքսադրույքները, ապա փաստացի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ որեւէ խնդիր չի ծագելու, անգամ եթե ԼՂՀ-ն ԵՏՄ-ի մեջ չլինի, որովհետեւ այդ դեպքում մենք որեւէ փոփոխություն չենք կատարի, որը կստեղծի այդ տարբերությունը ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի տնտեսական համակարգերի միջեւ:
-Իսկ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ որեւէ տեղաշարժ այս պահի դրությամբ տեսնո՞ւմ եք:
-Իմ կարծիքով՝ անցած ամիսներին հետեւյալը տեղի ունեցավ, ՀՀ-ն ասում էր, որ իրեն արտոնություններ տրվեն, ինչին չէին համաձայնվում Բելառուսն ու Ղազախստանը: Ու արդյունքում սեղանին կրկին դրվեց ԼՂՀ-ի խնդիրը, Հայաստանն էլ տվեց նման հավաստիացում, որ Ղարաբաղը չի անդամակցի տնտեսական տարածությանը: Եվ ես կարծում եմ, որ դրա դիմաց Հայաստանը փորձեց կորզել այդ արտոնությունները: Փաստացի Հայաստանն այս ամբողջ ամիսներին ձգտում էր դա անել, որպեսզի որեւէ տարբերություն չառաջանա: Հստակ հայտարարվեց նաեւ, որ ԼՂՀ հարցով պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ քաղաքական մասով էլ այդպիսի խնդիր ՀՀ-ն իր հետ չի տանում տնտեսական տարածություն: Նաեւ պետք է հասկանալ, որ սա դրական է: Իհարկե, Հայաստանը կցանկանար, որ ԼՂՀ-ն դե ֆակտո լիներ եվրասիական տնտեսական միության մաս, բայց պետք է հասկանանք, որ եթե տնտեսական համակարգերը մնում են նույնը, միեւնույն է՝ ԼՂՀ-ն դե ֆակտո դառնում է դրա մասը: Ուզեն, թե չուզեն ԼՂՀ-ն դառնում է տնտեսական տարածքի մի մաս: Բայց ես այդքան էլ լավատես չեմ, որ այս հարցն այդքան արագ կլուծվի:

 

 
ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՔԱՌՅԱԿԻ ՀԵՏ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս հաճախակի հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ: Մեր տեղեկություններով` դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին:

Ըստ մեր տեղեկությունների` դեսպանը խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ երբեմն նաեւ ճաշկերույթների է մասնակցում` սեղանի շուրջ քննարկելով իրենց անելիքները: Տեղեկություններ կան, որ այդ հանդիպումները նախաձեռնում է անձամբ դեսպանը` փորձելով հասկանալ, թե ինչպիսի ծրագրեր ունի Քառյակը, եւ ինչու չէ` հնարավորության դեպքում նաեւ դրանք ուղղորդել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հաճախակի հանդիպումների նպատակը պարզել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում. «Ռուսաստանի դեսպանի՞ հետ. անկեղծ ասած, առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում: Չէ, մենք նման հանդիպումներ չենք ունեցել ու առաջին անգամ է, որ նման բան եմ լսում: Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք, քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որեւէ տեղեկություն չունեմ»: Պատգամավորն, այնուամենայնիվ, ասաց, թե որպես դեսպան` գուցե Վոլինկինը հետաքրքրվում է Քառյակի գործունեությամբ, բայց հանդիպում, քննարկում իրենք չեն ունեցել. «Բնականաբար մամուլով հետեւում է, բայց այլ ձեւ ես չգիտեմ, հանդիպումներ մեզ հետ չեն եղել»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց ՌԴ դեսպանի հետ հանդիպումների մասին տեղեկությունը. «Որեւէ հանդիպում Քառյակի մյուս անդամների հետ եղե՞լ է` ես տեղյակ չեմ, բայց «Ժառանգություն» խմբակցությունը դեսպանի հետ հանդիպում չի ունեցել: Թե՛ միայնակ, թե՛ Քառյակի որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում տեղի չի ունեցել»:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում: «Առավելեւս` Քառյակի հետ կապված»,-եզրափակեց պատգամավորը:
Մեզ չհաջողվեց ստանալ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներից որեւէ մեկի մեկնաբանությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՎԱՍԱՐ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ մեկնաբանելով, թե ինչու Հայաստանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է ԱԳ նախարարի մակարդակով, ցնցող բացահայտում է արել: Նախ` նա հայտարարել է, թե Նալբանդյանի մասնակցությունը պայմանավորված է Սերժ Սարգսյանի ընտրությամբ: Իսկ ո՞վ է Թուրքիայից մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հարցին փոխնախարարը պատասխանել է. «Իրենք մասնակցել են դեսպանի մակարդակով, որը նստած է Թիֆլիսում»,- ասել է Քոչարյանը: Այսինքն` հարեւան Թուրքիան Սերժ Սարգսյանի երդմնակալությանն ուղարկել է Վրաստանում իր դեսպանին, իսկ ահա Հայաստանը` ԱԳ նախարարին, ինչը կարելի է սուբորդինացիայի խախտում համարել: Մանավանդ, երբ ՀՀ ԱԳ նախարարին Ս.Սարգսյանն ուղարկել է մասնակցելու Էրդողանի երդմանն այն դեպքում, երբ վերջինս նա հայտարարել էր, թե իր համար վիրավորական է հայ լինելը, ինչին ի պատասխան Ս.Սարգսյանն էլ ասել էր, որ իրենց համար էլ դա վիրավորական կլիներ:

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը որոշել է դիմել խորամանկության` կոծկելով օֆշորային ընկերությունների հետ իրենց գործարքները: Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում որոշում էր կայացրել համաձայնություն տալ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման վերաբերյալ համաձայնագրին: Այդ որոշման նախագծից պարզվել էր, որ Հայաստանում 600 մլն դոլար արժողության ծրագիր իրականացնող ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում` Վիրջինյան կղզիներում: Իսկ ահա վարչապետի կողմից հաստատված կառավարության որոշման մեջ չկա Վիրջինյան կղզիներում գրանցման հասցեն, այլ միայն նշված է Լոնդոնում ընկերության գործունեության հասցեն: Խոստովանենք, սա ինքնին կասկածելի է եւ անուղղակի կերպով մատնում է, որ այս գործարքի մեջ ինչ-որ բան այն չէ:

 

ԳԼՈՒԽԸ ՎՆԱՍԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ի գիշերը Կարապի լճի մոտ մի քաղաքացի անհասկանալի առարկա է նետել լճի տարածքում կանգնած երկու երիտասարդների ուղղությամբ: Հայկազ անունով մի երիտասարդ հարվածից ստացել է գլխի լուրջ վնասվածք: Նրա ընկերները ոչ մի կերպ չեն կարողացել կտրել հոսող արյունը: Ու երբ ոստիկանները նրան օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք, պարզվում է՝ հրաժարվել է հաղորդում տալ:




Լրահոս