ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ ԷԼԻ ՆԵՐՈՒՄ ԵՆ. ԻՆՉՈ՞Ւ

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել օլիգարխ Միկա Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերության եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց նրանց անշարժ գույքը պետականացնելու մասին: ՀՀ պետական բյուջեին այս ընկերությունների ունեցած 9 մլրդ դրամ պարտքի դիմաց կառավարությունն իրեն է վերցրել Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ամրագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռին: Սակայն 9 մլրդ-ը պարտքի ողջ գումարը չէ:

Նկատենք, որ սա վերջին շրջանում կառավարության կայացրած նմանատիպ երկրորդ որոշումն է. նախորդ նիստում էլ կառավարությունը «գույք պարտքի դիմաց» որոշում էր ընդունել Մարզահամերգային համալիրի՝ ՀՀ պետական բյուջեին վերջինիս ունեցած պարտքերի վերաբերյալ: Սակայն Բաղդասարովին պատկանող ընկերությունների դեպքը առանձնահատուկ է:

Ով էր Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը
Ծնունդով ղարաբաղցի, գործարար Միկա Բաղդասարովը Հայաստանում բիզնեսով սկսել է զբաղվել դեռ 1990-ականներից, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: Իսկ արդեն 1998թ. հեղաշրջումից հետո, երբ նախագահի պաշտոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, Բաղդասարովը գլխապտույտ արագությամբ սկսեց բիզնեսն ընդլայնել՝ հիմնականում օֆշորային գոտում գրանցված իր ընկերությունների անունով. նրան տրվեց հեղուկ վառելիք Հայաստան ներկրելու մեծ քվոտա, հետո իշխանությունների միջամտությամբ սնանկացված պետական «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը. դրա հիման վրա ստեղծվեց «Արմավիա»-ն, այն էլ՝ ազգային փոխադրողի կարգավիճակով: Այս գործարքներից յուրաքանչյուրն առանձին պատմություն է, մասնագետների պնդմամբ՝ առանձին քրեական գործերի նյութ: Չնայած Բաղդասարովն առաջխաղացում ապրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն նրա հիմնական հովանավորը համարվում էր Սերժ Սարգսյանը. պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները, անդրադառնալով հայ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին, Սերժ Սարգսյանի բիզնեսների շարքում մատնանշել էին Բաղդասարովի ընկերությունները՝ պարզաբանելով, որ վերջինս գործում է նրա հովանու ներքո:

Օստապ Բենդերի՝ փող աշխատելու 400 ազնիվ մեթոդները
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, հատկապես «Արմավիա» ընկերությանը տարիներ շարունակ գործունեության արտոնյալ պայմաններ էին տրված. այն ուներ ազգային փոխադրողի կարգավիճակ, ուղեւորափոխադրումներ էր իրականացնում աշխարհի 20 երկիր՝ ավելի քան 40 ուղղություններով, իսկ օտարերկրյա ավիաընկերությունները Հայաստանում գործում եւ չվերթեր էին իրականացնում միայն «Արմավիա»-ի համաձայնության դեպքում, նրա նախանշած պայմաններով: «Արմավիա»-ին տրված էին նաեւ հարկային լուրջ արտոնություններ: Բայց անգամ այսքանից հետո «Արմավիա»-ն «չարդարացրեց» իրեն. մասնագետների կարծիքով՝ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովին հաջողվել է գործունեության 10 տարում մոտ 500 մլն դոլար շահույթ կուտակել: Բայց «Արմավիա»-ն ֆինանսական դժվարությունների պատճառով 2013թ. ապրիլի 1-ից դադարեցրեց իր գործունեությունը: Հատկապես 2007-2008թ. հետո ավիաընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել ե՛ւ երկրի ներսում՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ, ե՛ւ երկրից դուրս: «Արմավիա»-ի կուտակած պարտքերի պատճառով օտարերկրյա օդանավակայանները արգելում էին հայկական ինքնաթիռների մուտքը: 2013թ. «Արմավիա»-ն փորձեց սնանկության եւ լուծարման գործընթաց սկսել, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրեց՝ հավանաբար մտավախություն ունենալով կեղծ սնանկության համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Տուր ինձ միլիոն
Սա Միկա Բաղդասարովի գործունեության խտացված պատկերն է: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. չնայած ՀՀ պետական բյուջեի նկատմամբ «Արմավիա»-ի պարտքերը շարունակաբար աճել են տարիներ շարունակ, սակայն իշխանությունները մշտապես աչք են փակել այդ ամենի նկատմամբ՝ հանդուրժելով նորանոր պարտքերի կուտակում: Օրինակ՝ «Արմավիա»-ն տարիներ շարունակ չի վճարել «օդի հարկը», որ ներառվել էր ավիատոմսի արժեքի մեջ: Ու եթե կառավարությունն ի սկզբանե «Արմավիա»-ից վերցներ իր գումարները, ապա պարտքը չէր հասնի ահռելի չափերի: Ընդ որում, դա անընդունելի է նաեւ տնտեսագիտական տեսանկյունից. պետությունը ունեցել է միլիարդավոր գումարներ, որոնք կարող էր ներդնել տնտեսության մեջ կամ այլ բնագավառներում, բայց դրանց տեր չի կանգնել, քանի որ պարտապանը Ս.Սարգսյանի հովանավորյալ Մ.Բաղդասարովն է եղել:
«Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ այս ամենից բացի, «Արմավիա»-ն 108 մլն 209 հազար դրամ պարտք էր կուտակել «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի նկատմամբ, եւ վերջիններս գումարը բռնագանձելու համար միայն 2013թ. են դիմել դատարան: «Արմավիա»-ի դեմ պարտքը բռնագանձելու պահանջով դատարան է դիմել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության հայկական մասնաճյուղը, անգամ՝ ախտահանմամբ ու մանրէազերծմամբ զբաղվող «ԵրՄԻՔ» ընկերությունը:

Սղոցեք, Շուրա, սղոցեք
Կառավարության երեկվա որոշման նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը տվել է փորձագիտական եզրակացություն, որում նշված է, որ նախագիծը չի պարունակում կոռուպցիոն գործոն: Մինչդեռ, նկատենք, որ այս ողջ գործընթացը՝ սկսած Բաղդասարովին արտոնյալ պայմաններ տրամադրելուց, նրա պարտքերն անտեսելուց եւ վերջում միայն անշարժ գույքը վերցնելուց՝ առանց իրավական հետեւանքների, ինքնին կոռուպցիայի դրսեւորում է: Եվս մեկ ուշագրավ փաստ. պարզվում է՝ 9 մլրդ դրամը Բաղդասարովի ընկերությունների՝ ՀՀ-ին ունեցած պարտքի ողջ գումարը չէ. նրանց ամբողջ պարտքը կազմում է 24 մլդր դրամ: Երեկ այդ մասին խոստովանեց նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նրա՝ եթե «Արմավիա»-ի ունեցվածքը չբավարարի պարտքը մարելուն, ապա սնանկության գործընթաց կսկսվի: Սակայն երեկ անհասկանալի մնաց, թե ինչու է Մանանդյան 41 հասցեում գտնվող շենքը գնահատվել 9 մլրդ, ինչո՞ւ կառավարությունը պարտքի միայն մի մասն է վերցնում. Սաֆարյանը որեւէ հստակ պատասխան չտվեց:
Հ. Գ. Ի դեպ, դեռեւս հայտնի չէ օտարերկրյա կառույցներին, այլ երկրների օդանավակայաններին «Արմավիա»-ի պարտքերի ճակատագիրը, որոնք հնարավոր է՝ ընկնի պետության վրա: Բացի այդ, չի բացառվում, որ Բաղդասարովի պետականացված ունեցվածքը որոշ ժամանակ անց շատ էժան գնով հայտնվի Սերժ Սարգսյանի մտերիմների ձեռքում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԴՊՐՈՑ ՉՈՒՆԵՆ
ՀՀ Լոռու մարզի Հալավար համայնքում տեւական ժամանակ է, ինչ ոչ դպրոց կա, ոչ էլ՝ աշակերտ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գյուղապետ Սարգիս Հակոբջանյանից. «Մենք այնքան աշակերտ չունենք, որ դպրոց ունենանք: Իսկ ժողովուրդն էլ մեռնում է, ծերերն են միայն մնացել: Գյուղը մեռնում է: Ճանապարհ չունենք, բուժկետն ու փոստն էլ մոտ ութ կմ հեռու են մեզանից: Երիտասարդ ընտանիք չկա, միայն իմ ընտանիքն է, իսկ երեխաներս էլ տարբեր դպրոցներ են հաճախում»: Գյուղապետ Հակոբջանյանի խոսքով՝ այս պահին գյուղում ապրում է 30 ծերացող ընտանիք: «Ժողովուրդ»-ի հարցին՝ պատկան մարմինները տեղյա՞կ են գյուղում տիրող վիճակից, նա պատասխանեց. «Չէ, ում է հետաքրքրում: Ոչ ոք էլ մտահոգված չէ մեզանով»:

 

ՀՍԿԻՉԸ՝ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴ
Նախօրեին ՀՀ բնապահպանության նախարարության շենքի իր աշխատասենյակում «մեծ շուքով» ձերբակալված ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանն ամենեւին էլ պատահական չի հայտնվել այդ նախարարությունում: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր իր երեկվա համարում, նա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մերձավորներից է: Ավելին՝ երեկ մեզ հայտնի դարձավ, որ Լաբլաջյանի եղբայրը Արամ Հարությունյանի վարորդն է: Այսինքն՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալված նախկին պաշտոնյան բնապահպանության նախկին նախարարի հովանավորյալն է եղել: Իսկ թե ի՞նչ է մտածում այս ձերբակալության մասին Արամ Հարությունյանը, երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, քանի որ Կոտայքի մարզպետը հեռախոսազանգերն անպատասխան էր թողնում: Հավանաբար մասնակցում էր էլիտար հարսանիքին. երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հարապետյանի որդու հարսանիքն էր:

 

Ա՜Յ ՔԵԶ ԲԱՆ
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նիստի ժամանակ, երբ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է հերթական նախագիծը, Հ. Աբրահամյանը խստորեն հանդիմանել է Դավիթ Հարությունյանին. «Դավիթ, ինձ հետ հավասար մի խոսի, ա՜յ քեզ բան»,- դիմելով Հարությունյանին՝ սաստել է Հովիկ Աբրահամյանը։

 

ՋԱՅԼԱՄԱԳՈՐԾԸ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է: Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ նրան պատկանող «ԱԿՎԻԼՈՆ-Մ» ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում է շուրջ 400-500 ջայլամ: Նշենք, որ ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու եւ ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժե մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը` մոտ 1000 ԱՄՆ դոլար:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՐԺԱՆԻ ՉԷ
«Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել՝ ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրդողանի կատարած հակահայ հայտարարության պատճառով, այլեւ հատկապես եթե այդ մասնակցությունը նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները։ Էրդողանը ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես Թուրքիայի վարչապետ, ե՛ւ որպես նախագահի թեկնածու, թեկուզ ակամայից, ցույց է տվել Հայաստանի եւ հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, ինչը ոչ մի ձեւով արժանի չի դարձնում նրա երդմնակալությանը՝ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը»,-ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

 

ԿՎԻՐԱՀԱՏՎԻ
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորության ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ բժիշկները Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ են գնահատում։ Սեպտեմբերի 1-ին կամ 2-ին Դավիթ Խաչատրյանը վիրահատության կենթարկվի:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
56 տարեկան հասակում մահացել է «ՎԵՄ» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Բաբաջանյանը:Նրա հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Թաղումը՝ նույն տեղից. հաջորդ օրը՝ ժամը 13:00: «Ժողովուրդ»-ը ցավակցում է Հասմիկ Բաբաջանյանի հարազատներին եւ ընկերներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

 




Լրահոս