ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԵՌՔԻ ԳՆԴԱԿԻ ԹԻՄԻ ԱՎԱԳԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմի ավագ Դավիթ Հովակիմյանի մահվան գործով երեկ ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: 11 ամիս անց դեպքից նոր դրվագներ են բացահայտվում:

Նախ հիշեցնենք, թե ինչպես էր դեպքը տեղի ունեցել: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմը գնացել էր Վանաձոր՝ մրցումների ու չեմպիոն էր դարձել: Դավիթի հոր՝ Հակոբ Հովակիմյանի խոսքով՝ իր որդին հոկտեմբերի 11-ի գիշերը մարզիչի՝ Հրաչ Մխիթարյանի հետ իրենց հատկացված սենյակում է եղել, ու նրան զանգահարել են Ալավերդի քաղաքի թիմից մի տղա եւ օգնության կանչել: Ավելի ուշ Դավիթի ընկերները զանգահարել էին Երեւան եւ Դավիթի հորն ասել, որ իր որդին կռիվ է արել եւ նրան խփել են:
Սպանված Դավիթի ծնողները դեռեւս այն ժամանակ ասել էին, որ տղայի կյանքը կարող էին փրկել, եթե Վանաձորի բժիշկ Ղուկասյանը ճիշտ ժամանակին բացեր եւ տեսներ՝ դանակի հարվածը ծակե՞լ էր իր որդու սիրտը, թե` ոչ: Ինչեւէ, տղայի սպանության գործով կալանավորվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Կունգորցեւը:

Նոր բացահայտումներ 11 ամիս անց
Այս պատմության մեջ շատ անհասկանալի եւ մութ կետեր կան: Նախ՝ կալանավորված Կարենը բարձրաձայնեց, որ ինքը կապ չունի Դավիթի սպանության հետ: Ավելի ուշ, Վանաձորում լուրեր էին պտտվում, որ սպանությունը կատարել է Վանաձոր քաղաքի Ազգային անվտանգության աշխատակից Արտակ Բաբայանի անչափահաս տղան, ով նույնպես զբաղվում է սպորտով:
Իսկ ահա դեպքից 11 ամիս անց գործի շրջանակներում ձերբակալվել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանը` մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ Դավիթի ծնողներին չեն բավարարել «Բժշկի մասնագիտական պարտականությունները ճիշտ չկատարելու մասին» առաջին փորձաքննության եզրակացության արդյունքները: Նրանք պահանջել են երկրորդ անգամ փորձաքննություն անցկացնել, որտեղ նշանակված հանձնաժողովը բժիշկ Ղուկասյանին ցույց է տվել 10-ից ավելի սխալներ, որոնք նա թույլ է տվել իր մասնագիտական պարտականությունների կատարման արդյունքում: Մինչդեռ 2013-ին բժիշկ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե Դավիթի վիճակը բարդ էր եւ իրենք բժշկության կանոնները պահպանելով ամեն ինչ արել են տղայի կյանքը փրկելու: Բայց պարզվում է՝ այդ օրերին նա ստում էր, քանի որ դեպքից 11 ամիս անց տղային փրկելու հարցում ոչ այդքան ճիշտ վարվելու համար բժիշկը հայտնվեց ճաղերի հետեւում:
Սպանողն ազատության մեջ է
Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սպանված տղայի հարազատներն այս ամիսների ընթացքում հետեւելով գործի քննությանը, հասկացել են, որ իրենց որդուն սպանողը Կարեն Կունգորցեւը չէ: Բանն այն է, որ մինչ օրս հայտնաբերված չէ այն դանակը, որով սպանել են Դավիթին: Ավելին՝ սպանված տղայի հարազատներին հայտնի է դարձել, որ Կունգորցեւի գրպանում արյան հետք է եղել, սական փորձագիտական եզրակացությամբ ապացուցվել է, որ այն Դավիթի արյունը չէ: «Այս ընթացքում որեւէ ապացույց չկա, որ Կարենն է սպանել Դավիթին: Քննիչները հիմնվել են միայն կռվի մասնակից երեխաների խոսքի վրա: Մենք հասկացել ենք մի բան, որ Կարենը Դավիթի սպանության հետ կապ չունի, իսկ թե ով է սպանել մեր տղային, անհասկանալի է: Ավելին՝ ստուգվել են կռվի բոլոր մասնակիցների հեռախոսազանգերը եւ որեւէ կապ չի գտնվել Դավիթի ու կռվի մասնակից Կարենի հետ»: Մեզ հասած տեղեկություններով՝ սպանված 15-ամյա տղայի ծնողները ոստիկանությունում եւս հայտարարել են, որ Կարենն առնչություն չունի սպանության հետ:
Տեղեկացնենք, որ այս գործը վերը նկարագրված դրվագների քննության եզրակացությամբ մոտ 15 օրից կմտնի դատարան: Դատելով ստեղծված իրավիճակից, կարելի է ասել՝ 15- ամյա տղայի իրական սպանողը դեռեւս ազատության մեջ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել:

Մեզ հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել. «Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե՝ դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին խփել: Ես հեռակա այդ տղաներին տեսել եմ, սակայն անձամբ չեմ ճանաչում: Միայն կարող եմ ասել, որ ինձ ծեծի ենթարկողները բնիկ Ծովագյուղից են: Ոչ մի բացատրություն չէին տալիս, միայն ասում էին, թե՝ իրավունք չունեք Երեւանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ: Ինձ ասում էին՝ մեզ հետաքրքիր չէ՝ ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»։
Ըստ Արկադի Կիրակոսյանի՝ գրասենյակը նախատեսված է անվճար բուժամբուլատորիա սարքելու համար. «Կատարվածի մեջ քաղաքական որեւէ տարր չեմ տեսնում: Միայն կարող եմ ասել, որ այս տղաների մեջ պրինցիպի բան կար, որ քաղաքի տերը իրենք են եւ օրենքն իրենց հետաքրքիր չէ»:
Կուսակցության ղեկավարը չցանկացավ նշել իրեն ծեծողների անունները՝ ասելով, թե ինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իրեն տրվել է դատաբժշկի ուղեգիր. «Ոստիկանությունը մանրամասն կպարզի, թե ովքեր են այդ տղաները, որից հետո հստակ կհրապարակվի»:
Իսկ ահա Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ միջադեպից, քանի որ քաղաքում չի եղել. «Կփորձեմ հասկանալ, թե ինչ է եղել, նոր կկարողանամ խոսել, ամենայն անկեղծությամբ նոր լսեցի, ոչինչ չգիտեի»:

Ք. Մ.

 
ԲԼԹ

«Մենք այլընտրանքային ԵԿՄ չէինք ստեղծում, այլ «Նվիրյալների միություն» կազմակերպություն, սակայն փորձեցին քաղաքականացնել այն, իբր դա Ծառուկյանինն է»:

Ռուստամ Գասպարյան News.am

Այլեւս արժեզրկելու բան չէր մնացել, հիմա էլ անցան ազատամարտիկ հասկացության արժեզրկմանը: ԲՀԿ-ական պատգամավորը հավանաբար սխալմամբ կարծում է, թե ազատամարտիկը նույն քաղաքական գործիչն է, ազատամարտիկների կազմակերպություններն էլ՝ կուսակցություններ, որ Հայաստանում ամեն օր յուրաքանչյուրը կարող է գրանցել: Այդ պատճառով էլ կուսակցություններին վաղուց արդեն լուրջ չեն ընկալում: Հիմա էլ ԲՀԿ-ականները նույնը փորձում են անել ազատամարտիկների հետ՝ իրականում ՀՀԿ-ի հետ մրցակցելու համար, եւ դեռ զարմանում են, որ իրենց նախաձեռնությունները կապում են Գագիկ Ծառուկյանի հետ:

 
«Մտավախություն չունեմ, որ նոր օրենքի կետերը կարող են հակասահմանադրական ճանաչվել, ՍԴ բոլոր դիրքորոշումները, նախորդ օրենքի հետ կապված, հաշվի են առնվել»:

Արտեմ Ասատրյան Yerkir.am

Իհարկե, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ոչ մի մտավախություն էլ չի կարող ունենալ, քանի որ փորձն արդեն ցույց տվեց, որ մեր կառավարությունը պարզապես կարող է հաշվի չառնել ՍԴ որոշումները եւ իր ուզածն առաջ տանել: Նման դեպքերում, բնականաբար, հայտարարում են, որ հաշվի են առնում, ինչպես կուտակայինի նախորդ օրենքի դեպքում, եւ տեղում փոխում են մի քանի ձեւակերպումներ, օրինակ՝ «պարտադիր»-ը դարձնում են «պարտադիր, բայց ոչ պարտադրված» եւ շարունակում խաբել հանրությանը: Իսկ Արտեմ Ասատրյանի ֆունկցիան այստեղ այդ խաբեությունը լղոզված ձեւով ներկայացնելն է:

 
«Եթե մարդիկ կան, ովքեր կարծում են, թե «Փարքինգ սիթի»-ն գերշահույթով է աշխատում, թող գան գնեն ու իրենք այդ «գերշահույթը» ստանան»:

Վազգեն Հարությունյան «Հրապարակ»

Խե՜ղճ «Փարքինգ սիթի»: Փաստորեն, ըստ ընկերության տնօրենի, մայրաքաղաքի վարորդներին թալանելու սուրբ գործը եկամտաբեր չէ, գերշահույթներ չի բերում, իսկ Հայաստանում կամ պետք է ունենալ գերշահույթ թալանելու միջոցով, կամ էլ բիզնեսով չզբաղվել: Միգուցե ժողովուրդը օգնության ձե՞ռք մեկնի այս համեստ ընկերությանը, ասենք՝ համազգային դրամահավաք կազմակերպելու միջոցով: Կամ ավելի լավ առաջարկ «Փարքինգ սիթի»-ի տնօրենին. ինչո՞ւ մեկ ժամ կայանելու համար ընդամենը 100 դրամ, դարձրեք 200, ինչպես ժամանակին քաղաքապետարանը տրանսպորտն էր ուզում թանկացնել, եւ գերշահույթներ ստանալ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս