ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԼԻՔԳՅՈՒՂԸ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Չնայած բնապահպանների եւ տեղի բնակիչների բազմիցս հնչեցրած ահազանգերին եւ մտահոգություններին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից հունիսի 30-ին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն «Մեգո գոլդ» ընկերության ներկայացրած ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի նոր պոչամբարի նախագծին: Սա հիասթափություն եւ խորը վրդովմունք է առաջացրել ոչ միայն բնապահպանների, այլեւ Մելիքգյուղի բնակիչների մոտ: Այս առիթով, Մելիքգյուղի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են նախարարին:

«Սա բնապահպանության ոլորտի օրենսդրությունը եւ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական եզրակացություն տալու բոլոր ընթացակարգերը խախտած, բնապահպանության նախարարության գործառույթներին հակառակ՝ կեղծիքով եւ խաբեությամբ ստեղծված, ապա մեր ժողովրդից եւ հասարակությունից թաքցված Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի առանց նախագիծ, ապօրինաբար «Մեգո Գոլդ»-ի կողմից հանքարդյունահանվող 3-րդ պոչամբարի դրական եզրակացության հանդեպ Մելիքգյուղի արձագանքն է: Մելիքգյուղը շոկային իրավիճակում է: Արդեն հասկանալով, որ օրենքները գործում են միայն ի շահ «հզորների» եւ որեւէ ձեւով չեն պաշտպանում Հայաստանի շարքային քաղաքացիների օրինական շահերը, մի ամբողջ համայնքի մատնելով կործանման` անտեսում եք նաեւ ազգային շահերը»,-մասնավորապես ասված է բաց նամակում:
Ի դեպ, բնապահպանները Թուխմանուկի հանքավայրի նոր պոչամբարի նախագծին տրված փորձաքննական դրական եզրակացության մասին տեղեկացել են «Մեգո գոլդ»-ի պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 3-րդ պոչամբարի կառուցման մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում: Ամիսներ առաջ բնապահպաններն ու Մելիքգյուղի բնակիչները «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ից պահանջում էին ներկայացնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ամբողջական նախագիծը: Այդ թվում նաեւ` 3-րդ պոչամբարի կառուցման նախագիծը: Նշենք, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն իսկ առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կան:
Մելիքգյուղ համայնքի բնակիչները վստահ են, որ բնապահպանության նախարարը տեղեկացված է եղել նախատեսվող պոչամբարի կառուցման հետ կապված իրական խնդիրների, վտանգների, հասարակական եւ մասնագիտական կարծիքների մասին: Սակայն, չնայած այդ ամենին, դրական եզրակացությունը տվել է՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» ՀՀ օրենքը, որի 11 հոդվածի համաձայն՝ լիազորված մարմնի կողմից հասարակական լսումներից հետո 20-օրյա ժամկետում կայացվում է որոշում մասնագիտական եզրակացության եւ հասարակական քննարկումների արդյունքների արձանագրությունների հիման վրա փորձաքննական եզրակացություն տալու մասին:
Բնապահպան Գրետա Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղի ունեցածից վրդովված ասաց. «Ուղղակի անտեսվել է մի ամբողջ համայնքի բնակչության գոնե բավարար, բարվոք միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը: Մինչդեռ հեկտարներով հանդ ու դաշտ է քանդվում, ապականվում, ծանր մետաղները եւ թունավոր տարրերը սփռվում են փոշու տեսքով ու ջրերի հետ, որոնք կուտակվում են Ապարանի ջրամբարում, ապա հոսում են դեպի Արարատյան դաշտավայր՝ Արարատի ու Արագածոտնի մարզերի շատ համայնքներ ոռոգելու համար: Պոչամբարների ավելացման դեպքում ընդմիշտ կորցնելու ենք գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները»:
Իսկ ահա Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ ինքը հիմա էլ ընկել է անհարմար դրության մեջ: «Ես ի՞նչ անեմ, որ հիմա էլ բոլոր պատկան կառույցները կարծես թե դրական եզրակացություն են տալիս: Մինչդեռ այդքան ժամանակ բոլոր փորձագետները գալիս էին ստուգում ջուրը, հողը ներկայացնում էին փորձաքննության ու պարզում էին, որ ճիշտ չի լինի 3-րդ պոչամբարի, ընդհանրապես ոսկու հանքավայրի շահագործումը: Այ մարդ, բայց հիմա արի ու տես, որ բոլորն էլ հակառակն են պնդում՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է: Բայց ես ձեզ ասեմ, որ հիմա էլ բնակիչների մի մասն ինձ է մեղադրում, թե դու թույլ չես տալիս գնանք ու հանքավայրում աշխատենք: Այս պատկերն է մեր համայնքում: Հիմա ես չեմ, դուք եք, ասեք տեսնեմ՝ ինչպե՞ս վարվեմ»,- հարցրեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ Մելիքգյուղի մոտ 50-60 բնակիչ ստորագրահավաք է անցկացրել` «Մեգո Գոլդ» ընկերության կողմից այդ գյուղում կառուցվող նոր ֆաբրիկայում եւ հանքավայրում աշխատելու պահանջով: «Ամեն դեպքում, ես պետք է համայնքի հետ քայլեմ: Բնակիչները պարապ են. աշխատանք, ապրելու միջոց չունեն, դրա համար էլ բոլորն էլ արդեն հոգնել ու հիասթափվել են ամեն ինչից, ասում են՝ պետք է գնանք աշխատենք՝ անտեսելով իրենց առողջությունը»,- ցավով նշեց Մկրտչյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Մեգո Գոլդ» ընկերությունից: Սակայն ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը երկրում չէր:
Ի դեպ, զրույցի ավարտին գյուղապետից տեղեկացանք, որ վերջերս Մելիքգյուղում է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Թե ինչ նպատակ էր հետապնդում դեսպանի այցը Մելիքգյուղ` «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել:

 

 
ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽԱԲՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ

Երեկ ՀՀ Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրեցին ոչ միայն հաշմանդամ օդաչուները, ովքեր պահանջում են իրենց հասանելիք եւ չվճարված թոշակները, այլեւ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի Այգեգործական թաղամասի բնակիչները: Վերջիններս դժգոհում են այն բանից, որ իրենց համայնքին մոտ գործող «Առողջ սունկ» ընկերության սնկի արտադրամասը որոշակի անհարմարություններ է ստեղծում իրենց համար:

Բայց նախ՝ օդաչուների մասին։ Տեւական ժամանակ է, ինչ «Հաշմանդամ օդաչուների միության» մի խումբ անդամներ պահանջում են իրենց հասանելիք հաշմանդամության թոշակները: Կառավարության շենքի մոտ նրանք երեկ դարձյալ բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով վերականգնել իրենց խախտված սահմանադրական իրավունքը: Օդաչուների պատմելով, աշխատանքային գործունեության ընթացքում են իրենք հաշմանդամություն ստացել՝ խլացել են, սակայն պետության կողմից հատուցում չեն ստացել, խաբված են:
Նախկին օդաչուների խոսքով՝ նրանք արդեն մոտ 8 տարի է, ինչ կառավարությունից պահանջում են իրենց հաշմանդամության թոշակները: Սակայն առ այսօր արձագանք չկա:
Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ դարձավ 2003-ի մարտին. կառավարության որոշմամբ՝ պետությունը հինգ միլիոն դոլարով վերցրեց այդ ընկերության բոլոր չվերթերն ու տվեց «Արմավիա» ավիաընկերությանը: Իսկ օդաչուները մինչ օրս սպասում են, մինչեւ վաճառվի սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ»-ի գույքը: Բացի այս, օդաչուները հիմա էլ սպասում են Սեւանա լճի մոտ գտնվող «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքի վաճառքից ստացված գումարներին: «Հաշմանդամ օդաչուների միություն» հկ-ի անդամների խոսքով՝ հկ-ում այս պահին մնացել է ընդամենը 58 հոգի, նախկին՝ 100-ի փոխարեն. մյուսները մահացել են: Ու, փաստորեն, այս 58 մարդու խնդիրը գործադիրը չի լուծում:
Հաշմանդամ օդաչուներից բացի, երեկ բողոքի ակցիա են անցկացրել նաեւ ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի Այգեգործական թաղամասի բնակիչները: Դժգոհող բնակիչների պնդմամբ՝ իրենց թաղամասի մոտ գործող «Առողջ սունկ» ընկերության սնկի արտադրամասի գրեթե մեկ տարվա գործունեության արդյունքում իրենք չեն կարողանում հանգիստ շնչել, օգտվել սեփական այգիներից, քանի որ արտադրամասից գարշահոտություն է «բուրում»:
Նշենք, որ ընկերության ներկայացուցիչները բնակիչներից մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ խնդիրը կարգավորելու նպատակով: Սակայն մարդիկ չեն կարողանում համբերել եւ պահանջում են «մեկ օր առաջ» լուծել խնդիրը:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 
ՁԱԽՈՂԵՑԻՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը 2014 թ. փետրվարի 18-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այդ օրը Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման աշխատանքներին: Հաղորդագրության մեջ ասվում էր. «ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել է 535,7 միլիոն դրամ: Զեկուցվեց, որ արդեն իրականացվել են շուրջ 240 միլիոն դրամի աշխատանքներ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի ամռանը»: Ամառն ավարտվում է, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, ներկայում այդ ճանապարհի շինարարությունն ընդհատված է:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանից տեղեկացանք, որ շրջանցիկ այդ ճանապարհի կառուցապատողի՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը խզված է: Ա. Սարգսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ո՞ր կազմակերպությունն է շարունակելու ճանապարհի կառուցումը, արդյոք ճանապարհի շինարարության նախագծում եւ նախահաշվում փոփոխություններ արվե՞լ են: Մարզպետարանի բաժնի վարիչն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, եւ դա կարող են հայտնել միայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ճանապարհաշինության վարչությունից: Նշենք, որ 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը սահմանամերձ այդ հատվածում երթեւեկը կկրճատի 1.8 կմ-ով: Այդ ճանապարհին երթեւեկը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվում:
Նախկինում Բերդի տարածաշրջանի 15 համայնքների ղեկավարները եւ տարածաշրջանի երիտասարդությունը դեմ էին արտահայտվել Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցմանը՝ գտնելով, որ այն չի կարող լիովին ապահովել սահմանի այդ հատվածով երթեւեկողների անվտանգությունը: Համայնքապետերը կողմ էին, որ այդ նպատակով պետական բյուջեից հատկացվող մեծ գումարներն ուղղվեն Բերդ-Ճամբարակ, ազերիների գնդակոծություններից լիովին անվտանգ ճանապարհի բարեկարգմանը: Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների եւ տարածքի երիտասարդությունը իրենց մտահոգություններն արտահայտել էին նաեւ Սերժ Սարգսյանին ուղարկած նամակներում: Սակայն իշխանություններն այդ մտահոգությունները հաշվի չառան:
Ճանապարհի շինարարության հետագա ընթացքի հետ կապված տեղեկություններ պարզելու նպատակով երեկ ողջ օրվա ընթացքում զանգահարեցինք Կապի եւ տրանսպորտի նախարարություն, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնասցին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս