ԼՈՒՐԵՐ
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Իր խոսքում Բ. Սահակյանը երկրապահական ավանդական ուխտագնացությունները կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ռազմական ավանդույթների պահպանման, հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԱՃ 50 ՏՈԿՈՍՈՎ
Այս տարի կառավարության որոշմամբ Հայաստանի քոլեջներին եւ ուսումնարաններին պետությունը հատկացրել է մեծ քանակությամբ պետական պատվերներ՝ շուրջ 50 տոկոսով ավելի, քան նախորդ տարիներին: Այս մասին երեկ կառավարության նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Սա բավականին հետաքրքրություն է առաջացրել: Մենք վերջնական թվերը կամփոփենք մինչեւ սեպտեմբերի 10-ը: Բայց հիմա կարող եմ ասել, որ մեր երիտասարդների մոտ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները, որ ընձեռվել են կառավարության կողմից, պահանջված են եղել եւ մենք այս տարի աննախադեպ ընդունելություն կունենանք այս կրթական ծառայությունների գծով»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Հայաստանն այս տարի աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրային գրանտներ է շահել: «18 Տեմպուս ծրագիր ունենք Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեր բուհերում, ինչն, իհարկե, ե՛ւ ուրախալի է, ե՛ւ պարտավորեցնող, որովհետեւ միջազգային համագործակցության շրջանակներում մեր բուհերը նաեւ երկիր են ներկայացնում »,-ընդգծել է նախարարը:
ՄԱՐԶԵՐ
ՄԵԿ ԴԱՍԱՐԱՆԻ ՉԱՓՈՎ
Բարեկամավանի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նոր ուսումնական տարում իր ղեկավարած ուսումնական հաստատությունը քանի՞ աշակերտ կունենա: Նա ասաց, որ դեռ չգիտի: Անցած ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցում սովորում էր 30 աշակերտ: Այս տարի մի քանի ընտանիք որոշել է Բարեկամավանից տեղափոխվել Երեւան եւ Նոյեմբերյան, ուստի աշակերտների թիվը կնվազի: Ա. Ազատյանը կարծում է, որ նոր ուսումնական տարում դպրոցի աշակերտների քանակը կլինի 25: Պարզ չէ, թե դպրոցն այս տարի առաջին դասարանցի կունենա՞: Առաջին դասարան պետք է հաճախի բարեկամավանցի մեկ երեխա, սակայն դեռ հայտնի չէ՝ նրանց ընտանիքը կմնա՞, թե՞ կտեղափոխվի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանից: Ազատյանն ասում է. «Մարդիկ կան, որ ինձ մոտենում եւ ասում են՝ կամենում ես, որ մնանք գյուղում, երեխաներս այստեղ դպրոց հաճախեն՝ ինձ աշխատանքի ընդունիր դպրոցում: Ասում են՝ աշխատանքից ազատիր նրանց, ով ներկայում դպրոց հաճախող երեխա չունի եւ նրա փոխարեն ինձ աշխատանքի ընդունիր»:
Դպրոցի տնօրենի խոսքերով՝ նման պահանջ դնողները ցանկանում են ուսումնական հաստատությունում հավաքար կամ դասվար աշխատել: Տարրական դասարանների աշակերտների թվի նվազման պատճառով Բարեկամավանի դպրոցում նախկին երկուսի փոխարեն այս ուսումնական տարի մեկ դասվար կաշխատի: Դպրոցը չունի ռուսաց լեզվի մասնագետ: Ա. Ազատյանը համոզված է, որ «մեծ աշխարհից կտրված» Բարեկամավանից արտագաղթի պատճառը ոչ այնքան ադրբեջանական գնդակոծություններն են, որքան աշխատատեղերի, ինչպես նաեւ` խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունը: Գյուղի դաշտերի եւ արոտավայրերի մեծ մասը ազերիների նշանառության գոտում են, այդ պատճառով գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ա. Ազատյանն ասաց, որ այս ամառ գյուղում 2 աղբյուր է ցամաքել: Դպրոցի տնօրենը 5 հազար դրամ է տվել գյուղի տրակտորիստին, որ դպրոցի համար 2 տոննա ջուր կրի գյուղի ներքեւում գտնվող «Ղռերի աղբյուրից»: Դպրոցի տնօրենը կարծում է, որ աշակերտների թվաքանակը պահպանելու ջանքերն այլեւս ուշացած են: Նրա վկայությամբ՝ 1994թ. Բարեկամավանի դպրոցն ուներ 65 աշակերտ, այն ժամանակ էր պետք միջոցներ ձեռնարկել սահմանամերձ գյուղում աշխատատեղեր ստեղծելու, Բարեկամավանը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու համար, որպեսզի կանխվեր արտագաղթը: Անցյալ դարի 70-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է 330 աշակերտ, իսկ միջնակարգ համարվող դպրոցն այժմ ունի ընդամենը մի դասարանի չափով սաներ: Դպրոցի տանիքը ադրբեջանական գնդակոծություններից եւ քամիներից վնասված է, սակայն տնօրեն Ազատյանը մտահոգվում է. 25 աշակերտ ունեցող դպրոցի շենքը նորոգելու համար ո՞վ ծախս կանի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ