Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանի վերջին ելույթները, թերեւս, վկայում են մեկ բանի մասին. իշխանություններն իր գլխավորությամբ այլեւս չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Ու հավանաբար սա է պատճառը, որ Ս. Սարգսյանն իր վերջին ելույթներում պարզապես սկսել է աջուձախ մեղադրանքներ հնչեցնել, բայց ոչ թե յուրայինների, ոչ թե իշխանության ներկայացուցիչների, այլ իշխանությունից դուրս գտնվողների հասցեին: Այս առումով հերթական փայլատակումը եղավ ԵԿՄ համագումարի ժամանակ. օրինակ՝ գազային համաձայնագրերը քննադատողներին նա ասել է. «Որեւէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է ԱԺ-ից մինչեւ Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ, թող գնա անի, թող բերի»: Այսքանից հետո Ս. Սարգսյանի ամենատրամաբանական քայլը կլիներ հրաժարականը. հեռանալով իշխանությունից՝ նա բանակցություններ վարելու հնարավորություն կընձեռեր ուրիշներին: Այլապես այս ամենը նմանվում է քամի տատանելու:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս Հայաստան է ժամանելու Տատյանա Վոլովայայի գլխավորած պատվիրակությունը, որը Մաքսային միության եւ Եվրասիական միության ստեղծման ու կայացման առանցքային դերակատարներից է: Նա երկար տարիներ աշխատել է ՌԴ նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է: Մեր տեղեկություններով՝ Տ. Վոլովայան հանդիպումներ է ունենալու ՀՀ կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի հստակեցնեն ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ որոշակի իրավական խնդիրներ: Պետք է համապատասխանեցվեն նաեւ ժամանակացույցերը՝ հասկանալու համար, թե որ ոլորտներում է ՌԴ-ն հետ մնացել ՀՀ-ից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հայտարարել էր. «Ի զարմանս մեզ՝ հայկական կողմը գործում է շատ եռանդուն եւ ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետեւից»:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երեւալ: Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է: Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է: Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել են 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b6 եւ 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b7 մակնիշի մեքենաներ:
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ դռնփակ համագումարից հետո հրավիրված քաղխորհրդի նիստից «Ժողովուրդ»-ին հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթը կարդալուց հետո ավելի առարկայական է խոսել: Նա ասել է, որ «2 ամսվա ընթացքում պետք է որոշվի, թե ով ինչի համար է պատասխան տալու»: Շատ ԲՀԿ-ականներ չեն հասկացել, թե ինչ է նկատի ունեցել: Այնուհետեւ հայտարարել է, թե «մեր թիրախը ՀՀ կառավարությունն է, քանի որ ՀՀ վարչապետն է մեր երկիրը կործանում»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե ինչ է նկատի ունեցել ԲՀԿ նախագահը: «Պարոն Ծառուկյանն ասել է, որ եռամսյակի ընթացքում յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր կատարած աշխատանքի համար, խոսքը մեր ձեւավորված կառույցների, հանձնաժողովների, ղեկավարների մասին է»: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի «թիրախ» դարձած կառավարությանը, ապա «պարոն Ծառուկյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ի թիմակիցները, միշտ էլ ասում են՝ մեր թիրախը երկրում ՀՀ քաղաքացու պրոբլեմներն են, իսկ պատասխանատվությունը պետք է կրեն բոլոր նրանք, ովքեր այդ պրոբլեմների առաջացման մեջ մեղավորություն ունեն»:
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից սպասելիքներն առանձնապես մեծ չէին, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ծավալվող գործընթացների համատեքստում (այդ թվում եւ` Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման) որոշ ԲՀԿ-ականների հռետորաբանության կոշտացումը եւ հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանը ԲՀԿ համագումարում հնչեցնելու խոստումը որոշակի սպասելիք, այնուամենայնիվ, ձեւավորել էին: Բայց, ինչպես գրեթե միշտ, շաբաթ օրը տեղի ունեցած ԲՀԿ համագումարը հանրությանը հուզող հարցերի պատասխանների առումով, մեղմ ասած, սպառիչ չէր:
Նախ` ինքնին փակ դռների հետեւում անցկացվող համագումարն այդքան էլ չէր տեղավորվում «ժողովրդի հետ, ժողովրդի համար» ծառուկյանական իմիջի մեջ: Բացի այդ՝ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը միշտ էլ աչքի են ընկել ցանկացած միջոցառում հնարավորինս աչք ծակող մասշտաբայնությամբ անցկացնելու ամբիցիաներով: Ուստի փոքր-ինչ զարմանալի էր այս համագումարը փակ եւ, ըստ էության, հնարավորինս աննկատ անցկացնելու ձգտումը: Արդյո՞ք դրա պատճառն ինչ-ինչ խորախորհուրդ մարտավարական հաշվարկներն էին կամ նույն օրը անցկացվող ԵԿՄ համագումարը: Թե՞ իրական պատճառը, այնուամենայնիվ, հստակ ասելիքի բացակայությունն էր:
Դատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից` կարծես թե վերջինը:
ԲՀԿ առաջնորդն իր կոկիկ շարադրված ելույթում այդպես էլ չասաց որեւէ նոր բան: Բացի պոպուլիստական հայտարարություններից եւ երկրի սոցիալական վիճակի հետ կապված միգուցե եւ անկեղծ մտահոգություններից՝ ԲՀԿ առաջնորդի խոսքում չհնչեց որեւէ հստակ քաղաքական գնահատական, չներկայացվեց առկա խնդիրների լուծմանն ուղղված որեւէ կոնկրետ ծրագիր: Իսկ ԲՀԿ առաջնորդի առաջարկը` «հիմնական քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգ կազմելու եւ ճանապարհային քարտեզ» մշակելու մասին, շատերի մոտ «դեժա վյուի» զգացողություն առաջացրեց. ընդ որում` քրոնիկ: Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ ԲՀԿ-ն «հիմնական քաղաքական ուժերի» հետ «միասնական օրակարգային հարցերի շուրջ կոնսուլտացիաներ» նախաձեռնեց, որոնք, ինչպես հիշում ենք, ավարտվեցին զրոյական արդյունքով:
Ըստ էության, որեւէ նորություն չկար նաեւ կառավարությանն ուղղված քննադատության մեջ: Այս մասով ԲՀԿ առաջնորդի ելույթում անգամ առկա էին «քոփիփեսթային» դրսեւորումներ: «Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում եւ իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի»,-Ռոբերտ Քոչարյանի հայտնի միտքը երկրորդեց ԲՀԿ առաջնորդը` այդպես էլ որեւէ թթու խոսք չասելով իր նշած բոլոր խնդիրների թիվ մեկ պատասխանատուի` Սերժ Սարգսյանի հասցեին:
Մի խոսքով` ամեն ինչ, ինչպես միշտ, «խիստ այլընտրանքային» էր: