ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԳԱՐԻՆ ԵԿՄ-ԻՑ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ

Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. դատարանը Հովհաննես Թամամյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման ու պետական պաշտոններում աշխատելու երկու տարվա արգելքի: Համաներմամբ ազատվելուց հետո նա գտնվում էր Ծաղկաձորում եւ խուսափում էր հանրային շփումներից: Ազատ արձակվելուց հետո ԵԿՄ համագումարն առաջին հրապարակային միջոցառումն էր, որին Հ. Թամամյանը մասնակցում էր:
Իսկ Մարգար Օհանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը): Մարգարյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման եւ ազատ էր արձակվել մի քանի ամիս առաջ` դարձյալ համաներմամբ: Ի դեպ, Հ. Թամամյանն ու Մ. Օհանյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ-ի հայտնի «պադվալը»-Ս.Գ.) միասին պահվում էին նույն խցում: «Բարձրաստիճան» կալանավորներից բացի՝ խցում այլ բանտարկյալներ չկային: «Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ` պարզելու ԵԿՄ համագումարին նրանց մասնակցության նպատակը:
-Պարո՛ն Օհանյան, Ձեզ ԵԿՄ համագումարին պաշտոնապես հրավիրե՞լ էին:
-Այո՛, հրավիրատոմս էի ստացել ԵԿՄ-ից ու գնացել էի: ԵԿՄ-ն, ինձ թվում է, հասարակական կազմակերպություն է բոլորիս համար: Ի՞նչ, Ձեզ թվում է՝ առանց հրավերի կարո՞ղ էի գնալ այնտեղ:
-Բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք ԵԿՄ-ի հետ: Ինչո՞ւ էին նաեւ Ձեզ հրավիրել այն դեպքում, երբ շատ ազատամարտիկներ անգամ հրավիրատոմս չէին ստացել:
-Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ, եղավ: Ես ասելու բան չունեմ: Արդեն ասացի, որ հրավիրատոմս ստացել եմ, իսկ մինչեւ հրավիրատոմսն էլ զանգել հարցրել են, ասել են՝ քաղաքում լինելու ես, ասել եմ երեւի, հրավիրատոմսս բերել տվել են, ես էլ գնացել մասնակցել եմ համագումարին:
-Լավ, իսկ այժմ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ԵԿՄ-ի, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ:
-Միշտ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել ու միշտ եմ հարաբերություններ ունեցել: Ու այժմ էլ նույն հարաբերություններն են, ինչ անցած տարիների ընթացքում:
-Ձեզ հետ համագումարին ներկա էր նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, իրեն ե՞ւս հրավիրել էին:
-Խնդրում եմ՝ այդ հարցն ուղղե՛ք պարոն Թամամյանին, ինձ հետ շատ մարդ կար, ու Դուք կարող էիք շատ մարդու տեսնել, ովքեր նստած էին մեզ հետ: Մենք միասին ենք գնացել համագումարին մասնակցելու, միասին էլ նստել ենք: Ինձ նման հարցեր մի՛ ուղղեք: Միայն իմ եղբայրը՝ որպես մոտիկ, հարազատ, կարող է ինձ հրավիրատոմս չտալ, որպեսզի գնամ իր էրեխեքի հետ կապված միջոցառումներին, իսկ մյուսները հրավիրատոմս են ուղարկում, նոր ես գնում մասնակցում եմ: Ես ԵԿՄ անդամ չեմ, իսկ վարչության անդամների անուններն էլ մարդիկ բարձրաձայն կարդացել են, ինձ ուղղակի հրավիրել էին:
-ԵԿՄ համագումարին ներկա էին նաեւ Սերժ Սարգսյանը, պետական շատ պաշտոնյաներ: Ազատության մեջ հայտնվելուց հետո՝ մինչ այս համագումարը, Դուք հանդիպել, խոսե՞լ եք Սերժ Սարգսյանի եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչների հետ:
-Կարծում եմ՝ նմանատիպ հարցը պետք է տաք ուրիշ մարդկանց: Ես ինչո՞ւ պետք է նման բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպեմ: Ես արդեն ասացի, որ ընդամենը հրավիրված եմ եղել ու գնացել մասնակցել եմ համագումարին: Այն ավարտվել է, ու ես գնացել եմ իմ գործերին:
-Իսկ այժմ Դուք ի՞նչ գործունեություն եք ծավալել, ինչո՞վ եք զբաղվում:
-Չեմ կարծում, թե հասարակությանը դա հետաքրքրում է: Իսկ եթե Ձեզ է հետաքրքրում, ասեմ, որ ես այժմ զբաղված եմ իմ ամենօրյա հոգսերով, իմ գործերով եմ զբաղված, իմ էրեխեքով ու իմ ընտանիքով:

 

 

 

 

 

 

 

ԼՂՀ ՊԲ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԽՆԴԻ՞Ր ԿԱ

«Ժողովուրդ»-ին ահազանգած ԼՂՀ պաշտպանական բանակի աշխատակիցները տեղեկացրին, որ իրենց աշխատավարձերից պահումներ են արվել: Ընդ որում, խոսքը մոտավորապես 80-90 հազար դրամի մասին է: ՊԲ աշխատակիցները սկզբում կարծել են, թե ԼՂՀ-ում եւս սկսել է գործել կուտակային կենսաթոշակային համակարգը, բայց պարզել են, որ դա կուտակայինի հետ որեւէ կապ չունի: Իսկ երբ դիմել են ԼՂՀ ՊԲ ղեկավարությանը, այնտեղից պատասխանել են, թե ինչ ստացել եք, դրանով բավարարվեք: Մեզ դիմած ԼՂՀ ՊԲ աշխատակիցները խնդրեցին պարզել, թե որն է իրենց աշխատավարձերից պահումներ կատարելու պատճառը: Այդ նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին:
-Պարո՛ն Հակոբյան, խնդրում եմ նշել, թե ինչու են ԼՂՀ ՊԲ աշխատակիցների աշխատավարձերից պահումներ կատարվել:
-Նման բան ասողը հոգեկան խանգարում ունի:
-Որեւէ խնդիր չկա՞, բոլոր աշխատակիցները նորմալ իրենց աշխատավարձերը ստացե՞լ են:
-Դեռեւս չէ, բայց բոլորն էլ ստանալու են, ավելի շատ, քան նախորդ ամիս են ստացել: Բանակում բոլոր աշխատավարձերը 10 տոկոսով՝ մինիմալ, բարձրացված են, հիմնական աշխատավարձերը, իսկ հավելավճարներն առանձին են հաշվվում: Հավելավճարները հաշվարկվելու են՝ կատարած աշխատանքի արդյունքից ելնելով: Իսկ դրա համար պետք է ամիսն ավարտվի, որպեսզի հաշվարկները կատարվեն: Այս պահին կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց արդեն բոլոր զորամասերն աշխատավարձերը ստացել են, այսինքն՝ եթե պատրաստ է եղել, ուրեմն ստացել են:
-Իսկ գուցե Դո՞ւք տեղյակ չեք, որ ՊԲ-ի աշխատակիցների գումարներից պահումներ են արվել:
-Եթե մի մարդ նյութական միջոցները վատնել է կամ իր մեղքով ինչ-որ բան է եղել, ապա հնարավոր է` պահումներ կատարվեն: Բայց դա հրամանով ձեւակերպված է լինում, եւ օրենքի սահմաններում են այդ պահումները լինում: Կարող է՝ դա մեկ անձի հետ է կապված, որն իր պարտականությունները թերի է կատարել, միջոցներ է վատնել, գողություն է արել, ու այդ պահումներն էլ կատարվել են: Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա դա ուրիշ ոլորտ է, ու եթե անգամ նման բան լինի, ապա դա բանակին չի վերաբերում: Իսկ նման տեղեկություն տարածողը, կարող է, հոգեկան խանգարում ունեցող մարդ է:
Հ.Գ. Որոշ ժամանակ անց մեզ զանգահարեց Մովսես Հակոբյանն ու ասաց, որ ինքը եւս մեկ անգամ ճշտել է ու պարզել, որ աշխատավարձերից որեւէ պահում չի եղել: Իսկ հավելավճարներն էլ ժամանակին կհաշվարկվեն ու կտրամադրվեն ԼՂՀ ՊԲ աշխատակիցներին:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Դեռեւս փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Թբիլիսիում ձերբակալված Աշոտ Սուքիասյանի կապակցությամբ Վրաստանի գլխավոր դատախազությանն էր ուղարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե ինչ փուլում է գտնվում գործը. «Հայկական կողմը արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը փոստի միջոցով ուղարկել է Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում: Նկատի ունենալով Աշոտ Սուքիասյանի հանձնման միջնորդության քննարկման ժամկետների նկատմամբ դրսեւորած հետաքրքրվածությունը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում փոխադարձության հիման վրա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքի քննարկման ժամկետը սահմանվում է տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ»: Ասել է թե՝ օֆշորի «գնդակը» Վրաստանի դաշտում է. սպասենք պատասխանին:

 

ՋՐԾԱՂԻԿԸ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Վերջին օրերին ջրծաղիկ վիրուսային հիվանդությունը հասել է նաեւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ տասը ուսանող այս պահին ջրծաղիկով հիվանդ են եւ բուժվում են իրենց տներում: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ընդամենը չորս հոգի է ջրծաղիկով հիվանդ. «Մի քանի հոգի էլ հարբուխով են հիվանդ: Չնայած դրան՝ ճեմարանը կանոնավոր շարունակում է իր դասընթացները»: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ, համաճարակաբան Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ փետրվարին, հունվար ամսի համեմատ, բավականին նվազել է ջրծաղիկով հիվանդների թիվը:

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված եւ համապատասխան ձեւակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման եւ հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն եւ իրավական խորհրդատվություն:




Լրահոս