ՀԱԿ-Ը ԱԺ-Ն ԴԱՐՁՆԵԼՈՒ Է ՀԱԿԱԿՇԻՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները` ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, երեկ հանդիպումներ ունեցան Կոտայքի մարզում: Այստեղ թիվ 25 ընտրատարածքում ՀԱԿ-ն առաջադրել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին, իսկ թիվ 26-ում՝ ՀՀՇ վարչության անդամ, առեւտրի նախկին նախարար Լեւիկ Խաչատրյանին:
Եղվարդի, Աբովյանի, Չարենցավանի բնակիչների հետ հանդիպելուց հետո Կոնգրեսն իր այցը եզրափակեց Հրազդան քաղաքում: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Գագիկ Ջհանգիրյանն ընտրողներին բացատրեց, որ իշխանությունները որեւէ ձեւով չեն կարող վերահսկել մարդկանց քվեարկությունը: Ըստ Ջհանգիրյանի՝ ոմանք կասեն, թե ընտրատեղամասում տեղադրված գրիչները նկարում են ընտրելու պրոցեսը, ոմանք կասեն՝ հատուկ տեղադրված սարքերի միջոցով են նկարահանում քվեաթերթիկը եւ այլ բաներ: «Սակայն այս ամենը Գյուլնազ տատի հեքիաթներ են, ոչ մեկը չի կարող իմանալ, թե ում եք քվեարկում: Այնպես որ, գնացե՛ք եւ ընտրե՛ք ձեր խղճի մտոք,-ասաց նա՝ հավելելով,- մենք չենք գալու իշխանության, որպեսզի մի քանի տարի ծրագիր մշակենք, մենք այս ընթացքում մշակել ենք մեր ծրագիրը բոլոր ոլորտների մասին: Որպեսզի այս ծրագրերն իրականություն դառնան, մեզ անհրաժեշտ է ձեր քվեն, լուրջ ներկայություն խորհրդարանում»: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, թե անգամ ամոթալի է համեմատել Կոնգրեսի ու ՀՀԿ-ի ցուցակները: Ու կարծիք հայտնեց, թե ավելի լավ է մարդ իրեն խփի, քան քվեարկի ՀՀԿ օգտին, որտեղ Գեղամյանն է, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Ըստ նրա՝ ԱԺ այս ընտրություններով են պայմանավորված նախագահի առաջիկա ընտրությունները, այնպես որ, նա խորհուրդ տվեց հարցին մոտենալ այս համատեքստում: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ նշեց, թե ՀՀԿ օգտին քվեարկելով՝ ՀՀ քաղաքացին ընտրում է աղքատությունն ու թշվառությունը: Ըստ նրա՝ գործող իշխանությունը երբեք թույլ չի տա, որ հայաստանցիների կենսամակարդակը բարձրանա: «Որովհետեւ բարեկեցիկ քաղաքացին, հացի խնդիր չունեցող քաղաքացին ազատություն եւ հաշվետու կառավարություն է պահանջում»,-ասաց նա՝ հավելելով, որ քերելու, ավլել-թափելու են իշխանական այս աղբը:
Քանի որ Եղվարդում եւ Չարենցավանում հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքապետարանի շենքերի մոտ, Ս. Միքայելյանն իր ելույթները սկսեց՝ դիմելով քաղաքապետարանների պատուհաններից իրենց ծիկրակողներին. «Эй, Вы там, наверху»: Նա կոչ արեց իջնել ու կանգնել իրենց կողքին: «Ինչի՞ց եք վախենում, ա՛յ էնտեղ կանգնած օրգանի աշխատողը թե ինձանից իշխանափոխություն չի ուզում, ամոթ լինի ինձ»,- ասաց նա: Չարենցավանում քաղաքապետն ու իր աշխատակիցների մի մասը հանրահավաքին հետեւում էին՝ դրսում կանգնած: Միքայելյանը, քաղաքապետի կողքին նկատելով իր նախկին մարտական ընկերներից մեկին՝ Գագիկ Կարապետյանին, ամոթանք տվեց, որ հիմա վախենում է ու չի գալիս իրեն բարեւելու: «Ես մի տարի է՝ բերդից դուրս եմ եկել, մի՛ ամաչիր, մո՛տ արի»,-ասաց նա: Կարապետյանն այդ պահին հարթակին չմոտեցավ, սակայն երբ հանրահավաքից հետո Միքայելյանը պատրաստվում էր նստել մեքենան, հեռվից նրան բարեւեց ու գլուխը կախ՝ արագ հեռացավ: Միքայելյանն իր ելույթներում քաղաքացիներին կոչ արեց չվախենալ: Ըստ նրա՝ ինքն ԱԺ աթոռը փոխել է բանտի հետ, քանի որ մտածել է ոչ թե միայն իր երեխայի ապագայի, այլ ողջ ազգի ապագայի մասին: Ու հիմա, ըստ նրա, պետք է պատվար կանգնել ու չթողնել՝ երկիրն անդունդը գլորվի: «Ումի՞ց եք վախենում, ի՞նչ ունեք կորցնելու, որ վախենում եք, ամեն ինչ կորցրել եք արդեն սրանց պատճառով։ Կանգնե՛ք, փրկենք Հայաստանը»,-ասաց նա:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, թե մարդիկ չեն կարեւորում ԱԺ դերը, մինչդեռ, եթե նորմալ խորհրդարան լիներ, ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը չէին կարողանա զավթել նախագահի աթոռը: Ըստ նրա՝ ՀԱԿ-ը ձգտում է խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի ու իշխանության հակակշիռ դարձնել: Իսկ դրա համար, Տեր-Պետրոսյանի կարծիքով, կա մի քանի հանգամանք. 4 տարվա համառ պայքարի փորձը: Բացի այդ, ըստ նրա, մինչեւ հիմա կոալիցիան մեկ բռունցք էր, հիմա պառակտվել է, եւ ԲՀԿ-ն ձգտում է ինքնուրույնության եւ լուրջ քայլեր է կատարել այդ ուղղությամբ։ Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց, թե ինչ մեթոդներով են իրենք անցկացնելու ընտրարշավը. «Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` ՀՀԿ-ին եւ նրա կույրաղիքը հանդիսացող ՕԵԿ-ին: Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ու նրանց թեկնածուների դեմ: Միեւնույն ընտրատարածքներում Կոնգրեսը եւ նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս