ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ԴԱՏԱՐԿՈՒՄ Է ԴՊՐՈՑԸ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մինչ ոստիկանությունը նախկին քաղաքապետի որդու դեմ խուլիգանության համար հարուցված քրեական գործն է քննում, նրա դստեր անվան հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդան Ղուկասյան եւ Սամվել Բալասանյան կռիվներին, ինչը սկսվեց դեռեւս 2012թ. հոկտեմբերի 11-ից, երբ Գյումրու քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը: Վ. Ղուկասյանը դեռեւս 2013թ. Ս. Բալասանյանի մասին խոսելիս նրան «սա» դերանունով էր դիմել՝ «խաբեբա, կենդանակերպ» անվանելով: Իսկ ներկայիս քաղաքապետն էլ բավական դաժան պատասխան էր տվել Վ. Ղուկասյանին` ասելով, թե «հոգեպես ոչ առողջ է», «քաղաքը թալանել է եւ եվրոպական կլինիկաներում բուժվելուց հետո, գումարը չվճարելով, փախել է» եւ այլն:
Դեռեւս այն ժամանակ գյումրեցիները կանխատեսել էին, որ եթե իշխանական վերնախավը չմիջամտի, նախկին ու ներկա քաղաքապետերի մենամարտերը արյունահեղությամբ կավարտվեն: Իսկ իշխանությունները կարծես թե մտադիր չեն միջամտել, ինչի հետեւանքով սրված հարաբերություններին ավելանում են կրակոցների, սպառնալիքների ու հաշվեհարդարների մասին առավել առարկայական հայտարարություններ ու դրսեւորումներ:
Վերջին դեպքը 2014թ. հունվարի 21-ի միջադեպն էր, երբ Սպարտակ Ղուկասյանն անձամբ գնաց Ս. Բալասանյանի առանձնատան մոտ եւ հոր փոխարեն փորձեց հաշվեհարդար տեսնել` հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով: Ու թեեւ նրանք հերքում են, այնուամենայնիվ, ոստիկանությունում փետրվարի 3-ին Ս. Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով, իսկ որպես խափանման միջոց ընտրվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Դեպքից հետո Ս. Բալասանյանը հայտարարել էր, որ եթե համապատասխան մարմինները խնդրին լուծում չտան, ինքը կանցնի պատժի իր միջոցներին:
Ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Բալասանյանն անցավ պատժի կիրառմանն ու Ղուկասյանի դստերը` Մանյային, հեռացրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազատման դիմումից հետո էլ Մանյա Ղուկասյանին «հանգիստ չեն տալիս»: Ըստ շրջանառվող լուրերի՝ դեռեւս Վ. Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիներին քաղաքապետարանից մոտ 100.000 դոլարին համարժեք դրամի գումարներ են փոխանցվել արվեստի դպրոցին, սակայն անհայտ է, թե ինչ նպատակով են օգտագործվել: Համաձայն շրջանառվող լուրերի՝ Մանյա Ղուկասյանն ասել է, թե այդ գումարով երեխաների համար հանդեսի շորեր է կարել տվել, դպրոցի շենքն է վերանորոգել:
Ավելին, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ մի շարք հայտնի բարեգործական ընկերություններ լուրջ ներդրումներ են արել դպրոցում, սակայն չտեսնելով արդյունքը՝ հիասթափվել են: Նույնիսկ ֆրանսիական մի բարեգործական ընկերություն Մանյա Ղուկասյանից հետ է պահանջել իր տրամադրած գումարը: Անգամ Մանյա Ղուկասյանին հարցաքննել են, իսկ թե ինչ է պարզվել, դեռ հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը փորձեց շրջանառվող տեղեկությունների իսկությունը պարզել Ղուկասյաններից: Սակայն Վարդան Ղուկասյանի կինը՝ Նոնա Ղուկասյանը, խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Լիլիթ Աղեկյանից, քանի որ նա աշխատել է քաղաքապետարանում եւ իրավիճակին տիրապետում է. «Մենք ոչինչ չունենք վախենալու: Նա այդ երաժշտական դպրոցը ժանգոտած աթոռներով է ընդունել, շատ ճիշտ է աշխատել, ավելին, իր կողմից ներդրումներ է արել, գույքից սկսած՝ ինքն է գնել»:
Ղուկասյանի կնոջից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչ նկատի ուներ իր ամուսինը, երբ ասել էր, որ Մանյան ազատման դիմումը գրել է, որպեսզի դատարանի առաջ չկանգնի: «Ով եկել, իրեն ասել է, որ ազատման դիմում գրի, նա էլ ասել է, որ ինչ-որ բաներ կգտնեն եւ դատական քաշքշուկներ կսարքեն»,-ասաց Նոնա Ղուկասյանը:
Լիլիթ Աղեկյանից եւս փորձեցինք պարզել, թե ինչ գումարների կամ յուրացումների մասին է խոսքը, սակայն նա կտրուկ ասաց, թե ինքը տեղյակ չէ:
Հավելենք, որ այս օրերին Մանյա Ղուկասյանը դպրոցից տանում է այն գույքը, որն ինքն անձամբ է ձեռք բերել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՎԱՏԱՑԵԼ Է
2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան շտապ տեղափոխել են «Արմենիա» բ/կ: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը պաշտպանության նախարարության ընդունարանում նկատել է, որ Լյուքսի եղբայրը խնդրել է օգնել իրեն՝ հանդիպելու Սեյրան Օհանյանի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լուիզա Ստեփանյանն ասաց, որ իր որդին գնացել է ՊՆ եւ խնդրել օգնեն իրենց՝ հոգալ հիվանդանոցի ծախսերը. «Գլխի հետ կապված խնդիրներ ունեմ, եւ ի վիճակի չէինք հիվանդանոցի գումարը վճարել: Պաշտպանության նախարարությունը հոգացել է ողջ ծախսերը»:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ է մեղադրվում նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ այս գործով դատական նիստերը մշտապես անցնում են լարված մթնոլորտում:
ԿԱՆԱՆՑ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Արմավիրի մարզում միանգամից երկու կանաց սպանություն է տեղի ունեցել: Մի դեպքում՝ Մեծամոր գյուղում, մյուս դեպքում՝ Արմավիր գյուղում, ամուսինները դաժան ծեծի են ենթարկել իրենց կանանց, ինչի հետեւանքով նրանց կյանքը փրկել չի հաջողվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մեծամորում կնոջը սպանած 37-ամյա Գրիշա Մարտիրոսյանն աշխատում է Այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի էլեկտրացանցում որպես նյութատեխնիկական բաժնի պատասխանատու: Նա իր կնոջ՝ Ժենյա Հարությունյանի հետ ապրում էր վագոն-տնակում: Երեխաներ չունեին: Ժենյան Գրիշայի երկրորդ կինն էր, իսկ առաջին կնոջից Գրիշան մեկ երեխա ունի: Թե ինչն է եղել կատարվածի պատճառը, նրանց հարեւանները դժվարացան ասել` նշելով, թե իրենց համար էլ կատարվածը շատ զարմանալի էր ու անհասկանալի:
Իսկ ահա Արմավիր գյուղում 38-ամյա Արթուր Սարխոշյանն իր հարազատ եղբոր գերեզմանի մոտ կտրել է կնոջ պարանոցը, ապա ցանկացել ինքնասպան լինել: Նրանք իրենց խնամքի տակ ունեին 4 երեխա, որոնցից փոքրը 1,5 տարեկան է: Բացի այդ՝ նրանց խնամքին էին նաեւ ամուսնու եղբոր երեխաները, քանի որ տարիներ առաջ Սարխոշյանները դժբախտ պատահարի զոհ էին դարձել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ ընտանիքն ապրում էր ծանր սոցիալական պայմաններում: Արթուր Սարխոշյանը չէր աշխատում, հարսանիքներին, ծնունդներին երգում եւ նվագում էր: Ըստ գյուղապետի՝ նա գրանցված է հոգեբուժարանում, եւ նրան նույնիսկ ուղարկել էին բուժվելու:
ԲԼԹ
«Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ում ե՛ւ գործը, ե՛ւ խոսքը մշտապես ուղղված են եղել հասարակության մեջ համերաշխության կայացմանը, հանրության համախմբմանը եւ կոնսոլիդացմանը»:
Հերմինե Նաղդալյան News.am
Եթե Սերժ Սարգսյանի խոսքերը լսած չլինեինք, գուցե հնարավոր լիներ հավատալ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին: Բայց չէ՞ որ Ս. Սարգսյանն ինքն է ամեն հրապարակային ելույթից հետո խորացնում հասարակության եւ իր միջեւ առկա անջրպետը: Նա ակնհայտ մուննաթ է գալիս ՀՀ քաղաքացիների այն հատվածի վրա, որը դժգոհ է իր իշխանությունից: Սակայն տիկին Նաղդալյանը դա չի նկատում կամ հրապարակավ չի նկատում եւ ձեւացնում է, թե ՀՀԿ առաջնորդը խաղաղության աղավնուն հավասար կերպար է: Բայց, ամեն դեպքում, լավ կլիներ, որ իրականությունը գիտակցեին բոլորը:
«Ոնց մեր ուժային կուսակցությունը որոշի, այդպես էլ կլինի»:
Առաքել Մովսիսյան 168.am
Փաստորեն, ՀՀԿ-ն կարող ենք վերանվանել ՀՀՈՒԿ՝ Հայաստանի հանրապետական ուժային կուսակցություն, եւ այս «նորամուծության» հեղինակը մենք չենք, այլ նույն կուսակցության կարկառուն ներկայացուցիչ ԱԺ պատգամավորը, որը նաեւ հայտնի է իր մականունով՝ Շմայս: Սա՝ անվանման հետ կապված, հիմա անդրադառնանք ՀՀՈՒԿ-ի բովանդակային մասին եւ կտեսնենք, որ Ա. Մովսիսյանի ասածի մեջ ճշմարտություն կա. ընտրությունների ժամանակ, կեղծիքներ կազմակերպելիս եւ հակաիշխանական ակցիաներ կանխարգելելիս երիտհանրապետականների գործառույթներն ավելի շատ բնորոշ են ուժային կառույցներին:
«Այդպես մի՛ ասա, թեչէ առյուծներին տեսակցության կգնաս»:
Վարդան Այվազյան «Առավոտ»
ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի հետ տեղի ունեցած կեսկատակ «բանավեճում» ՀՀԿ-ական պատգամավորը դիմացինին «խոցելու» միակ տարբերակն այդ պահին գտավ խաղային բիզնեսի մասին ակնարկելը, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը, ի զարմանս ՀՀԿ-ական գործընկերոջ, ասաց, որ դեմ է այդ բիզնեսին: Այստեղ Վ. Խաչատրյանը գործի դրեց արդեն ավանդական դարձած՝ Գագիկ Ծառուկյանի առյուծների վանդակով վախեցնելու մեթոդը՝ առանց հաշվի առնելու մի հանգամանք, որ Լ. Խաչատրյանն ապարանցի է, ավելի մեծ նշանակություն է տալիս ավանակներին, հետեւաբար առյուծների թեման վերջինիս համար դժվար թե արդիական լինի:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ