ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՆԵՐՈՎ
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ, հանդիպել է լրագրողների հետ: Պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ` երկօրյա ուսումնասիրությունների ընթացքում չեն բացահայտել որեւէ խնդիր` որպես այդպիսին, բայց տարբեր կազմակերպություններ տարբեր մտահոգություններ են իրենց հայտնել: «Այսօր Հայաստանում ընթանում են աշխույժ բանավեճեր, եւ խիստ անհանավանական է, որ մեզ փոխանցված խնդիրներն արդեն հայտնված չլինեն հասարակական քննարկման տիրույթում»,-կարծիք է հայտնել բարոնուհի Նիքոլսոնը եւ ավելացրել, որ վստահ` դրանք բազմիցս տեղ են գտել մամուլում:
ՐԱՖՖԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է
«Ժառանգության» ցուցակի ներկայացուիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, երեկ այցելել են Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան եւ Գառնի: Հրազդանյան հանդիպման ընթացքում, խոսելով ազատ եւ արդար ընտրությունների ապահովման մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորել է համակարգող շտաբի ստեղծումը, ինչպես եւ դրա գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի տակ մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունների առկայության անհրաժեշտությունը:
ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի համար անընդունելի են Հայաստանում գործող երկակի ստանդարտները: «Ինչո՞ւ պետք է «Ոսկե ծիրան»-ը ցույց տա ադրբեջանական եւ թուրքական ֆիլմեր, թուրքական ֆիլմերին մրցանակներ տա, եւ այս դեպքում ազգային արժանապատվությունը եւ անվտանգությունը չեն վտանգվում, իսկ մյուս դեպքում, երբ դա ցուցադրվում է ակումբում` 40 հոգու առաջ, վտանգվում են: Ո՞վ կարող է սա բացատրել, գուցե «Ոսկե ծիրան»-ի կառավարչի՞ն հարց տանք»,-«Առավոտ»-ին ասել է Բարսեղյանը` անդրադառնալով երեկ Գյումրիում խափանված ադրբեջանական ֆիլմերի փառատոնին:
ՀԱՅՀՈՅԵԼ Է
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մի հետաքննող լրագրողի կանչել է իր մոտ եւ հայհոյել այն բանի համար, որ լրագրողը մի քանի սենսացիոն տեղեկություններ է հրապարակել մարզպետի` աշխատանքի ընթացքում տեղի ունեցած մութ գործերից: Այդ մասին հայտարարել է «Արդյունավետ համայնքային ծրագրի» ղեկավար Սառա Պետրոսյանը, ով ներկայում հետաքննում է մարզպետերի, գյուղապետերի ու քաղաքապետերի գործունեությունը:
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՓՐԿԵՆ
«Երկրի ողջ ունեցվածքը կենտրոնացել է 10 հոգու ձեռքին: Այսօր երկրում 1 միլիոն 300 հազար աղքատ կա: Ծայր է առել արտագաղթը, մայրերը լաց են լինում, կանայք մնացել են անտեր, անհանգիստ են իրենց որդիների ու ամուսինների համար: Հայ ժողովուրդը պետք է այս ամենից լուրջ եզրակացություն անի եւ իր ձայնը տա կոմունիստներին»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որն է այն հիմնական պատճառը, որի համար պիտի ընտրողն իր ձայնը տա կոմունիստներին, ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
30 ԴԻՏՈՐԴ ԵԽԽՎ-ԻՑ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպել են Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ Անուշ Սեդրակյանը եւ Արմեն Առաքելյանը: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրել է, որ մայիսի 3-4-ը Հայաստան կժամանեն 30 հոգուց բաղկացած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները: