ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«Վիկիլիքս»-ի՝ հանրության դատին ներկայացված ԱՄՆ ներքին նամակագրության հերթական փաստաթուղթը 2008թ. սեպտեմբերի 6-ին հեղինակել է ՀՀ-ում այդ երկրի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: ԱՄՆ պետական դեպարտամենտին ուղարկված վերջինիս զեկուցագիրը քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: Ամերիկացի դիվանագետը հանդես է գալիս բավականին ծավալուն վերլուծությամբ, որը ներառում է Հայաստանի ներքին ու արտաքին առանցքային քաղաքական հարցերը: Հեղինակը քննում է Սերժ Սարգսյանի անձնական շահագրգռվածությունը տվյալ խնդիրներում եւ փոխանցում իր տեսակետը ստեղծված դրության շուրջ:
Այսպես, Փենինգտոնը նախ նկատում է, որ 2008թ. հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստանում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը հրավիրելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո հայության մի մասը լցվել էր թերահավատությամբ: Դիվանագետը պատմում է, որ հայկական լրատվամիջոցների մի մասն ու սովորական քաղաքացիների մեծամասնությունը վստահ էին, որ Գյուլը մերժելու է հրավերը: Ամերիկացին հաղորդում է, որ Սերժ Սարգսյանի հրավերին արձագանքեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ-ն, ովքեր քննադատեցին այդ քայլը: Նա նաեւ հատուկ ընդգծում է, որ Սերժ Սարգսյանին այդ ձեռնարկման մեջ նույնիսկ չաջակցեց նրա «խորհրդակից» Ռոբերտ Քոչարյանը, ով արտահայտեց իր «դժկամ դիտողությունը»:
Ապա Փենինգտոնը նկատում է, որ Երեւանը փութաջանորեն է պատրաստվում Գյուլի պատմական այցելությանը, քանզի այն տեղի է ունենում վրացական ճգնաժամի արդյունքում փոխված տարածաշրջանային պատկերի շրջանակներում: Դիվանագետն արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը համառ ջանքեր է գործադրում «վաճառելու սեփական սոցիալ-օրիենտալ ծրագիրը Թուրքիային», որի հաջողության համար պետք է հայ հանրության համախմբում, ինչն իր հերթին նկատելիորեն կուժեղացնի Սարգսյանի ներքաղաքական դիրքերը»: Փենինգտոնը նկատում է, որ Սերժ Սարգսյանի ախորժակը ներքաղաքական ռեֆորմներ իրականացնելու հարցում խիստ սահմանափակ է, ինչին հակառակ՝ «նա կարծես արդյունավետորեն օգտագործում է արտաքին քաղաքական հիմնահարցերը՝ իրեն ցուցադրելով որպես պետական գործիչ, ինչը, ի դեպ, նրա համար ավելի հարմարավետ է»: Դիվանագետի դիտարկմամբ՝ այս քայլով Սերժ Սարգսյանը փորձում է հայ հանրությանը համոզել, որ իր վարչակարգը խզել է անցյալի հետ հարաբերությունները:
Փենինգտոնն արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արված հայտարարությունը, որով Գյուլը հրավիրվեց Երեւան, անվստահ եւ անփույթ էր. «Սարգսյանն իր հայտարարությունն արեց այնքան վատ, որ այն անմիջապես ծածկվեց իր այն մեկնաբանությամբ, թե Հայաստանը կարող է համաձայնել Թուրքիայի առաջարկին՝ ստեղծել համատեղ պատմաբանների հանձնաժողով: Սա գաղափար է, որ տաբու է դարձել շատ հայերի համար»: ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարի փոխանցմամբ՝ իրավիճակն այնքան փխրուն է եղել, որ ամերիկյան «Wall Street Journal»-ի համար գրված Ս. Սարգսյանի հոդվածը, որը պիտի հրապարակվեր հայտարարությունից անմիջապես հետո, շաբաթներով կասեցվել է Հայաստանի կառավարության պահանջով:
Ամերիկացի դիվանագետն ավելացնում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանի «քաղաքական ասպարեզի ներկայացուցիչները նշան բռնեցին նրա վրա: Սարգսյանի երկարաժամկետ խորհրդակից Քոչարյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ ինքը երբեք նման հրավեր չէր անի, իսկ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ քայլը գնահատեց որպես քաղաքական հուսահատություն»: Գյուլի այցի նախօրյակին, գնահատելով իրերի դրությունը, դիվանագետը, սակայն, արձանագրում է, որ այսօրինակ «ռեակցիաներն արդեն երեկվա նորություն են, քանզի վերջին դեպքերը Վրաստանում, Ս. Սարգսյանի համառ վճռականությունը՝ գովազդելու իր գաղափարը հասարակության առաջ եւ Գյուլի անակնկալ համաձայնությունը կարծես համոզում են հայերին, որ Սարգսյանը ճիշտ ուղու վրա է»:
Քննարկելով ընդդիմության վարքագիծը՝ ամերիկացի պաշտոնյան հավելում է, որ «ուլտրա-նացիոնալիստ դաշնակները խոստանում են հիշեցնել Գյուլին ցեղասպանության հիմնախնդիրը, քանի դեռ նա Երեւանում է, իսկ մյուսները կարծես ետ են ընկել Սարգսյանից»: Դիվանագետը հիշատակում է Տեր-Պետրոսյանի մոտեցումն ու նկատում, որ «ուղարկված հրավերին նրա նախնական հակադրությունը թողնում էր քաղաքական օպորտունիզմի տպավորություն, բայց այժմ արդեն նա էլ է ողջունում Սարգսյանի նախաձեռնությունը եւ նույնիսկ դադարեցրել է հանրահավաքները»: Փենինգտոնի վստահեցմամբ՝ «նույնիսկ Քոչարյանը, ում հակաթուրքականությունը հակադրության մեջ է Սարգսյանի պրագմատիկ մոտեցմանը, ընկել է լռության գիրկը»: Ավելացնենք, որ այստեղ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամերիկացիները եւս հակված են եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունները տարբերակելուն: Հարկ է նկատել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման սարգսյանական նախաձեռնությունը նպատակ ուներ լոկ լրացնելու նրա քաղաքական լեգիտիմության պակասը: Այս հանգամանքը կարծես հասկացել է նաեւ Փենինգտոնը, ինչի մասին խոսում է իր հեղինակած փաստաթղթի երկրորդ մասում:
շարունակելի
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՐԴՅՈ՞Ք ԱԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱԱԾ-ԻՑ ԵՆ
ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի մասին ԱԱԾ մի խումբ աշխատակիցներին վերագրվող նամակի հրապարակումից հետո՝ դեռ փետրվարի 14-ին, «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր հղել ԱԱԾ մամլո ծառայությանը: Սակայն դրանք այդպես էլ անպատասխան մնացին:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվել էր.
1. Ովքե՞ր են ԱԱԾ այդ աշխատակիցները, նրանք այսօր աշխատո՞ւմ են համակարգում, թե՞ նախկին աշխատակիցներ են:
2. Ի՞նչ կոչումներ ունեն նրանք, եւ նրանցից քանի՞սն են հեղինակել հայտարարությունը:
3. Հայտնի՞ աշխատակիցներ են, թե՞ մարդիկ, որոնց հանրության լայն շերտերը չեն ճանաչում:
4. Արդյո՞ք ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը տեղյակ է եղել հայտարարությանը եւ տվել է իր համաձայնությունը՝ այն տարածելու:
5. Այն վտանգները, որոնց մասին մամուլում բարձրաձայնվել է, ի՞նչ մտահոգություններ են առաջացրել ԱԱԾ-ում, եւ ի՞նչ քայլեր կարվեն դրանք չեզոքացնելու եւ «բացը լրացնելու» ուղղությամբ:
Հարցերն առ այսօր մնացել են անպատասխան, ինչից մեզ մոտ բխում են նոր հարցեր. եթե խորհրդավոր այդ նամակի հետ կապված որեւէ պարզաբանում չտրվեց, ապա արդյո՞ք նամակի հեղինակներն իրականում ԱԱԾ աշխատակիցներ էին, թե՞ միգուցե կողմնակի մարդիկ: Արդյո՞ք ԱԱԾ-ին ձեռնտու էր ներքին բնույթի նման տեղեկություն հրապարակելը: Եվ նույնիսկ Գուրգեն Եղիազարյանին «ոչնչացնելու» համար արժե՞ր խորհրդավոր գործունեություն ծավալող կառույցի իմիջ ունեցող ԱԱԾ-ն այդքան կանխատեսելի ու «հարբեցող» դիտանկյունից ներկայացնել: Ի վերջո, ԱԱԾ-ն մինչ օրս համարվել է լուրջ մարմին, որի գործերից ոչ ոք գլուխ չի հանում, երբեմն ընկալվում է արդարության հասնելու միակ ուղիղ ճանապարհը: Մինչդեռ ստացվում է, որ այնտեղ նույն բարքերն են, ինչ, օրինակ, պետական մյուս գերատեսչություններում: Այդ դեպքում ինչո՞ւ են բոլորը վախենում ԱԱԾ-ից:
Ամեն դեպքում, ամեն ինչ շատ ավելի պարզ ու մատչելի կլիներ, եթե ԱԱԾ մամլո ծառայությունը պարզապես պատասխաներ մեր հարցերին:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
12-ԱՄՅԱ ԴՊՐՈՑԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում օրերս կայացած հանդիպում-քննարկման ժամանակ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների վերաբերյալ ելույթներով հանդես եկան Իջեւանի զորամասի հրամանատար Միհրան Մախսուդյանը եւ Իջեւանի զինկոմ Արթուր Հովակիմյանը: Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը տարակուսանք հայտնեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանում ռազմագիտություն չի ուսուցանվում, մինչդեռ աշակերտական նստարանից բանակ են տանում: Նույն հանդիպման ժամանակ նշվեց, որ մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների շատ աշակերտներ դպրոց չեն հաճախում: Նրանք կրկնուսույցների մոտ քննական 2-3 առարկայի թեստերն են սերտում, որպեսզի իրենց նախընտրած բուհի համապատասխան ֆակուլտետն ընդունվեն: Սա բացասաբար է ազդում դպրոցականների կրթության եւ դաստիարակության որակի վրա: Ոստիկանության Իջեւանի բաժնի դահլիճում մատաղ սերնդի խնդիրների շուրջ նախկինում կազմակերպված մեկ այլ քննարկման ընթացքում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ (այժմ նա այդ պաշտոնը չի վարում) Արմեն Օհանյանն անդրադարձավ Իջեւանի ավագ դպրոցի մոտ արձանագրվող միջադեպերին: Նա նշեց, որ իջեւանցի տղաները գալիս են ավագ դպրոցի մոտ՝ աշակերտուհիներին հանդիպելու համար: Նրանք այդ պատճառով վեճի են բռնվում դպրոցի ուսուցիչների եւ տնօրենի հետ: Արմեն Օհանյանն ասաց, որ նմանատիպ խնդիրներ կարող են ծագել նաեւ մարզի մյուս դպրոցներում: Ասվածին արձագանքեց Իջեւանի թիվ 5 դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը՝ ասելով. «18 տարեկան տղան, որ արդեն պիտի բանակ գնա, նստած է 18 տարեկան աղջկա կողքին, ճիշտ չէ: Շատ 18 տարեկան աղջիկներ ամուսնացած են, դե այդպես էլ պիտի լինի…»:
ՈՉ ՄԻ ԼՈՒՐ ՉԿԱ
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանում հայտնված համագյուղացի Մամիկոն Խոջոյանի մասին առայժմ որեւէ տեղեկություն չկա: Գյուղապետի խոսքով՝ ինքը այդ հարցով մշտապես կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության աշխատակիցների հետ, ովքեր եւս Մամիկոնի մասին նոր տեղեկություններ չունեն: Տեղեկացանք, որ Մամիկոնի հարազատները Կարմիր խաչի միջոցով նամակ են ուղարկել, սակայն գերեվարված ծերունին ֆիզիկական վիճակի պատճառով ի վիճակի չէ անձամբ պատասխան նամակ գրել (ձեռքը գիպսի մեջ է): Կամո Չոբանյանը հայտնեց, որ Վերին Կարմիրաղբյուրում ապրում են Մամիկոնի տղան եւ հարսը, որոնք զբաղվում են հողագործությամբ:
Հիշեցնենք, որ 1937թ. ծնված Մամիկոն Խոջոյանը 2013թ. հունվարի 28-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Մամիկոնը տառապում է ծերունական փսիխոզով, սակայն որպես հոգեկան հիվանդ՝ հաշվառված չէ: Ադրբեջանի քարոզչամեքենան ծեր, հիվանդ մարդուն ներկայացնում է որպես հայ դիվերսանտ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ