ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հայաստանում սողանքային աղետների դեմ հետեւողական քաղաքականության վարման եւ համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել է սողանքների ակտիվացմանը եւ նոր տարածքների ընդլայնմանը: Բացի այս՝ սողանքային աղետները պատճառ են դառնում բնակչության աղքատացման ու արտագաղթի, դրանց հետեւանքով դատարկվում եւ քայքայվում են լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերը: Երկրաբան Ռուբեն Յադոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով սողանքային պրոցեսների մասին, հայտարարեց, որ այսօր կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում դրանց կանխարգելման համար:

«Ժողովուրդ»-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության, աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանից տեղեկացավ, որ 2013թ. ընթացքում հակասողանքային միջոցառումների իրականացման նպատակով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թունելի վերակառուցման համար «Արփա-Սեւան» ընկերության կողմից ծախսվել է մոտ 1.7 մլրդ դրամ: Իսկ ՀՀ կառավարության 2013թ. փետրվարի 7-ի որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում գտնվող բնակիչներին ֆինանսական աջակցության նպատակով հատկացվել է 51.5 մլն դրամ: Ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 7-ին, կառավարությունը Ոսկետապ-Վեդի-Լանջառ հատվածում սողանքի հետեւանքով քանդված 2.5×1.5 մ չափերով եւ 5 մ խորությամբ ջրհավաք հորի վերանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների համար հատկացրել է 97.8 հազար դրամ, իսկ Ծաղկավան սողանքային տեղամասի վերանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների համար` 590 հազար 600 դրամ:
Եմիշյանի խոսքով՝ այս տարի, սակայն, դեռ հնարավոր չէ ասել, թե ինչքան գումար է հատկացվելու հակասողանքային միջոցառումների անցկացմանը. «Դա ընթացքում կլինի, երբ վնասված շենքեր կլինեն կամ կոնկրետ ճանապարհներ կվնասվեն սողանքներից: Դրանց վերականգնման համար գումարներն ընթացիկ են նախատեսվում, ինչպես ամեն տարվա բյուջեով»:
Այսպիսով` ստացվում է, որ նախատեսվող միջոցներն ուղղվելու են բացառապես հետեւանքների վերացմանը եւ ոչ թե սողանքների կանխարգելմանը:
Այս առթիվ երկրաբան Ռուբեն Յադոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունը սողանքային խնդիրների լուծմամբ ընդհանրապես չի զբաղվում. «Երբ վտանգավոր մի երեւույթ է լինում, այդ ժամանակ են դրա շուրջ հավաքվում, հետո՝ փրկարարական ինչ-որ գործողություն կատարում եւ վերջ: Բայց նախնական, սողանքի ուսումնասիրության եւ այլնի համար, ինչպես որ առաջ էր ընդունված, ոչինչ չի կատարվում: Իսկ այսօր շատ վտանգավոր պայմաններ են ստեղծվել, հակառակի պես գարունն էլ մոտենում է. հալոցքի հետ միասին կսկսվի նաեւ սողանքների պարը»:
Ռ. Յադոյանի խոսքով՝ պատկան մարմինների կողմից ոչինչ չի արվում նաեւ Երեւանում: Մինչդեռ նախկինում` տարիներ առաջ, այս ամենին լրջորեն էին մոտենում. «Քաղաքացիների կողմից յուրաքանչյուր այսպիսի հայտարարություն կամ դիմում հատուկ քննարկման ենթակա էր, եւ կառավարության կողմից անպայման պարտադիր կերպով այդ հարցը քննարկվում էր: Հիմա բնակիչներից ոչ ոք չի բողոքում, քանի որ վստահ են, որ ոչ ոք ոչինչ չի անելու: Այսօր վտանգավոր պայմաններ են ստեղծված, Աստված ոչ արասցե: Ոչինչ չեն անում, նույնիսկ այն մեծ-մեծ խոսող ղեկավար չինովնիկները, որոնք էլ ավելի վատ են կատարում իրենց պարտականությունները: Մինչդեռ որոշ սողանքային տեղամասեր այսօր շատ լարված իրավիճակում են: Առաջիկայում կսկսեն, ա՛յ սպասեք ու կտեսնեք, թե ապրիլ-մայիս ամիսներին ինչպիսի հետեւանքներ ենք ունենում: Եթե մի փոքր էլ երկրաշարժ եղավ` առավել եւս: Ոչ միայն ոչինչ չի ձեռնարկվում, այլեւ երբ ինքդ բարձրաձայնում ես խնդիրների մասին, կարծես բոլորն իրենց ականջները փակում են: Մեկը չկա ասի՝ արի՛ լսենք, թե ինչ է ասում էս մարդը: Ես բազմիցս բարձրաձայնել եմ այս խնդրի մասին: Ոչ մի արձագանք, իսկ վտանգն առկա է»:
Նշենք, որ սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քառ. կմ է, ինչը կազմում է ՀՀ ընդհանուր մակերեսի 4,1%-ը: ՀՀ-ի 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ եւ այլ կենսաապահովման օբյեկտներ: Ավտոճանապարհների ցանցի 7400 կմ-ից 240-ը (3,2%) վնասված է 280 սողանքով: Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870 կմ-ից 4,8-ը (0,5%) վնասված է 10 սողանքով եւ այլն:
Համապատասխան մասնագետների կողմից արված հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ սողանքավտանգ տարածքներում, հատկապես Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, ստեղծվել է ծանր հետեւանքներով հղի վտանգավոր իրավիճակ` կապված սողանքային պրոցեսների կտրուկ ակտիվացման հետ:
Ի դեպ, ՀՀ կառավարության 2013-ի հուլիսի 10-ի որոշմամբ ընդունվել էր սողանքային աղետի կառավարման հայեցակարգ: Հիմք ընդունելով սողանքային աղետի կառավարման բնագավառում առաջադեմ պետությունների փորձը` հայեցակարգը մշակվել է այնպես, որ հնարավորինս արդյունավետ օգտագործվեն տրամադրվող ֆինանսական միջոցները եւ գործող կառույցների կարողությունները: Հաշվի են առնվել սողանքային աղետից բնակչության պաշտպանության, անհրաժեշտ հետազոտությունների ու միջոցառումների իրականացման ասպարեզներում զարգացումները եւ միտումները: Մնում է, որ այդ հայեցակարգը կյանքի կոչվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 
«ԼՈՂԱՑՈՂ ՇԵՆՔ»

Վանաձոր քաղաքի Սուխումի 4 շենքը, որը բնակիչների կողմից ստացել է «լողացող շենք» անվանումը, այլեւս պիտանի չէ բնակության համար: 4-րդ կարգի վթարային շենքում խնդիրները բազմաթիվ են. տանիքի, ջրագծերի, կոյուղագծերի անբարեկարգ վիճակ եւ այդ ամենի արդյունքում` անմարդկային պայմաններ բնակիչների համար: Եվ, այդուամենայնիվ, բնակիչներն ապրում են այդ շենքում` չդադարելով պայքարել ու հավատալ, որ կգտնվեն լուծման ուղիներ: Շենքի 8-րդ հարկի ջրագծի վթարի արդյունքում ջուրը ողողել է ամբողջ շենքը` մինչեւ առաջին հարկ: Բնակիչները ստիպված ջրի ուղղությունը փոխել են դեպի աղբատարը` բնակարանները վերջնականապես չկորցնելու համար: Ջրի շիթն ամբողջ ուժով հարվածում է աղբամուղի հատակին, ողողում աղբը, թափում բակ` աղտոտելով նաեւ այդ տարածքը:
Բնակչուհիներից մեկը նշում է, որ ամբողջ ձմեռ տանը ջուր չեն ունեցել, բայց շքամուտքերը ջրով ողողված են եղել: Շենքի խնդիրների մասին համապատասխան մարմինները քաջատեղյակ են, սակայն դրանք լուծելու ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում: Բնակիչները բազմիցս դիմել են համատիրություն, որտեղից, սակայն, ասում են, որ շենքը վճարունակ չէ, ուստի իրենք ոչինչ անել չեն կարող: «Մենք ուրիշ մարդ ենք բերում, սարքել տալիս, սվարկա են անում, հաջորդ օրը նորից նույն պատմությունը: Ջուր չունենք, կոյուղի չունենք: Չգիտենք՝ որտեղ կրակ անենք, որ ջուրը բացվի: Շենքում վխտում են նաեւ առնետները: Փոքր երեխատերեր կան, էս շենքի վիճակն ահավոր ա: Բա էսքան խոսում են, թե ժողովուրդը թողնում գնում ա: Բա թող մտածեն»,-ասում է Սուխումի 4 շենքի բնակչուհի Ռիտա Սաֆարյանը: «Էնքան խարխուլ ա, մի օր պետք ա նստի, փլվի, մենք էլ մեջը, որ նոր մտածեն»,-ավելացնում է մյուս բնակչուհին` Ջուլիետա Գրիգորյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

«ՄԵԶ ՓԱՅ ՉԿԱ ԱՇԽԱՐՀԻՑ»

Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերում գրանցվում են բարձր արդյունքներ, առաջատար երկրներն ավելացնում են իրենց մեդալների քանակը, ոմանք ոգեւորվում են, ոմանք՝ հիասթափվում։
Դե, իսկ մենք հերթական անգամ, ինչպես ասում են, աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից։ Դահուկավազքի 15 կմ դասական ոճում լավագույնի իր կոչումը կրկին հաստատեց շվեյցարացի դահուկավազորդ Դարիո Կոլոնյան, ով մրցատարածությունը հաղթահարեց 38. 29, 7 րոպեում եւ երրորդ անգամ արժանացավ օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալին: 92 մասնակիցների թվում էր նաեւ աշոցքցի Սերգեյ Միքայելյանը, ով գրավեց 46-րդ տեղը: Իսկ մեր մյուս մասնակից Արթուր Եղոյանն ընդհանրապես մրցուղի դուրս չեկավ։
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին եւ 22-ին հանդես կգա հաջորդաբար հսկա ոլորավայրէջք եւ հատուկ ոլորայրէջք մրցաձեւերում: Մեր թիմից խաղերում վերջակետը կդնի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը, ով փետրվարի 23-ին իր ունակությունները կդրսեւորի 50 կմ ազատ ոճում:
Մենք դեռեւս կանդրադառնանք Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, հատկապես մեր մարզիկների մրցելույթներին, սակայն մի բանի մասին չենք կարող չխոսել։ Հանրային հեռուստաընկերությունը, որը օլիմպիական խաղերի ցուցադրման մենաշնորհին է տիրացել, մեղմ ասած, պատրաստ չէ մարզական այդ խոշոր ստուգատեսը հավուր պատշաճի լուսաբանել։ Մասնավորապես, անչափ շատ են անհարկի ընդմիջումները, որոնք մեր հաղորդավարները լցնում են՝ երբեմն անհեթեթության հասնող մեկնաբանություններով։ Բանը զավեշտի է հասնում հատկապես հոկեյի հանդիպումները մեկնաբանելու ժամանակ, երբ խառնում են աշխարհահռչակ հոկեյիստի ազգանունը, երբ ներկայացնում են, որ դարպասապահը պետք է հեռացվի սառցադաշտից՝ չիմանալով, որ դարպասապահի փոխարեն այլ խաղացող է հեռացվում։ Իսկ մեկ այլ մեկնաբան, որը հայերենի չիմացությունը փորձում է լրացնել կիսատ-պռատ ռուսերենով, Ռուսաստանի հավաքականին անվանում է «մերոնք»։ Հասկացանք, որ Հ1-ից «Հ»-ն ջնջելուց հետո հայկական հեռուստաընկերությունը փորձում է նմանվել ռուսական ԿՀՁ-ին, բայց, ախր, Ռուսաստանի հավաքականը ռուսներինն է, ոչ թե մերը… համենայնդեպս, գոնե առայժմ:

 

ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԸ «ՈՒԼԻՍ»-ՈՒՄ

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիս»-ն առաջին ձեռքբերումներն է ունեցել: Ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը մասնավորապես հայտնել է, որ թիմի շարքերը պաշտոնապես համալրել են մեքսիկացի խաղացողներ Սեզար Ռոսարիո Մորալեսը եւ Խոսե Ալպուչեն: Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս կիսապաշտպանությունում: «Ուլիս»-ը շուտով պայմանագիր է կնքելու նաեւ մի շարք հայ խաղացողների հետ, ովքեր ներկայումս մասնակցում են թիմի ուսումնամարզական հավաքին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ




Լրահոս