ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««ՔԱՋ ՆԱԶԱՐ»-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ՀՆԱՆՈՒՄ»

Ըստ «Վիքիպեդիա»-ի՝ հայ մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877թ. փետրվարի 18-ին։ Պարզելու համար, թե ինչպես է նշվելու գրողի ծննդյան օրը, դիմեցինք Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանին։
-Մեզ մոտ պահպանվում է Ախլքալաքի եկեղեցու ծխական քահանայի տված վկայականը, որտեղ գրված է, որ Դերենիկ Դեմիրճօղլյանը (դա նրանց տոհմական ազգանունն է)՝ Նատալյա Վասիլյանի եւ Կարապետ Դեմիրճօղլյանի որդին, ծնվել է 1877թ. հունվարի 17-ին։ Քանի որ դրանից հետո տոմարը փոխվել է, Մադոյանի գրքում գրված է՝ նոր տոմարով դա կարելի է համարել հունվարի 29-ը կամ 30-ը։ Տարբեր աղբյուրներում նշվում են նաեւ փետրվարի 6-ը, 17-ը, 18-ը։ Իր մի գրառման տակ էլ հենց Դեմիրճյանն է նշել փետրվարը, ու նաեւ դա է խառնաշփոթ առաջացնում։ Բայց թանգարանը որպես հիմք ընդունում է ծխական քահանայի տված վկայականը. չեմ կարծում, որ ավելի ստույգ բան կարող է լինել։ Լավ է, որ գոնե Լեւոն Խեչոյանի՝ 2012-ին տպագրված «Դերենիկ Դեմիրճյանի ընտրանի»-ում վկայակոչվել է ծննդյան վկայականը, ու նշվել է հունվարի 17-ը։ Որպես կանոն՝ այդ օրը բաց դռների օր ենք հայտարարում, այս տարի Դեմիրճյանի «Հայը» էսսեի քննարկումն է արվել։ Ծննդյան օրը նշելու հարցում միասնականություն չկա նաեւ գրողի ժառանգների շրջանում։ Դեմիրճյանի տղայի (նա անցյալ տարի մահացել է) ընտանիքն այն միշտ փետրվարի 18-ին է նշել։ Գրողի քրոջ աղջիկը՝ Նատալյա Շիրինյանը, ով հիմնադրել է այս թանգարանը, ինձ ասել է, որ ծննդյան վկայականում գրված ամսաթիվն է ճիշտը։
-Թանգարանի այցելուները շա՞տ են։
-Այցելուները հիմնականում լինում են գարնանը եւ աշնանը. դպրոցներում եւ բուհերում այդ շրջանում են Դեմիրճյան անցնում։ Ձմռանը ցուրտ է մեզ մոտ, իսկ ամռանն էլ մարդիկ հիմնականում հանգստանում են մայրաքաղաքից դուրս։ Բայց դա չի խանգարում, որ անցկացնենք թեմատիկ դասեր, դասախոսություններ, գրականությամբ, Դեմիրճյանով հետաքրքրվողներին հրավիրենք տուն-թանգարան։ Ընդ որում, միայն Դեմիրճյանի հետ չեն կապվում միջոցառումները, օրինակ՝ հենց որ օրերը տաքանան, թանգարանում կանցկացնենք Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործական օրը։ Նաեւ թեմատիկ դասեր ունենք, որոնցից երկուսը կանցկացնենք դրսում. այստեղ ցուրտ է… Դեմիրճյանի մի անտիպ գործ է գտնվել, որը նույնպես ուզում ենք քննարկել, եւ դա, հավանաբար, կարվի ոչ թանգարանում։ Երբ շենքը վերանորոգվի, ջեռուցման հարցը լուծվի, միեւնույն է, արտագնա ծրագրեր իրականացնելու գաղափարից չենք հրաժարվի. դա արդյունավետ է։
-Իսկ վերանորոգումը ե՞րբ կավարտվի։
-Նախատեսված է այս տարվա ընթացքում։ Դրան էլ կհաջորդի հիմնական ցուցադրությունը։
-Դուք նույնպե՞ս այն կարծիքին եք, որ Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ն այսօր էլ արդիական է։
-«Քաջ Նազար»-ը համաժամանակյա իրողություն է, երբեք չի հնանում։ Մի առիթով գրականագետներից մեկը նշեց, որ այսօր էլ վախենում են ցույց տալ «Քաջ Նազար»-ը, որովհետեւ շատերն այդ կերպարում իրենց են տեսնում։ Չկա այդպիսի ժամանակաշրջան, կարծում եմ՝ այդպիսի հասարակարգ, երկիր, որտեղ հնարավոր չլինի գոնե մի քանի քաջնազար գտնել։ Մենք նայում ենք այդ գործին որպես թատերգություն, համարում ենք, որ գլուխգործոց է, շատ հաջողված, կարծես թե ամեն ինչի մասին ասող, ասելիքը սպառած ստեղծագործություն է։ Բայց, փաստորեն, Դեմիրճյանը գտնում էր, որ ինքն իր ասելիքը լիարժեք չի կարողացել տալ այդ թատերգության միջոցով եւ իր գրառումների մեջ նշել է. «Քաջ Նազարի փիլիսոփայությունը մնաց չհասկացված, անհրաժեշտ է տալ Քաջ Նազարի տիպը»։ Այսինքն՝ Դեմիրճյանը կարծում էր, որ ինքը դեռ տիպական կերպար չի ստեղծել, եւ դրա համար գրում էր վեպ։ Գրառումների մեջ նա շեշտել էր Քաջ Նազար-Հիտլեր կապը, որոշել էր այդպիսի զուգահեռներ անցկացնել, ավելի խորը մի բան ստեղծել վեպում։ Իհարկե, կարող էր մեծ հաջողությամբ նաեւ Ստալին գրել, բայց այդ դեպքում թիրախ կդառնար այն ժամանակվա վտանգավոր հաստատությունների համար։ Բայց վեպը կիսատ մնաց, գրվեց ընդամենը մի քսան ձեռագիր էջ։ Կիսատ մնաց, ինչպես որ «Մեսրոպ Մաշտոց»-ը։

 

 

 

 
ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏՎԻ ԳՈՐԾՆ Է

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ գերմանաբնակ ճանաչված ջութակահար, Երեւանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Նիկոլայ Մադոյանը Գինեսի գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել եւ իր նպատակին հասնելու համար պատրաստվում է առանց նոտաներից օգտվելու մեկ երեկոյի ընթացքում կատարել Պագանինիի ջութակի բոլոր վեց կոնցերտները։

Հիշեցնենք, որ այս եզակի իրադարձությունը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 20-ին։ Անվանի ջութակահարը հանդես կգա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան) ընկերակցությամբ։
Սակայն այն բանից հետո, երբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում «Անուշ» օպերան չկայացավ երաժիշտների բոյկոտի պատճառով, շատերի մոտ մտավախություն առաջացավ առ այն, որ այդ օրն էլ կարող են նվագախմբի երաժիշտները բոյկոտել համերգը. չէ՞ որ այնտեղ էլ կան երիտասարդներ, ում գրպանին խփելու է տխրահռչակ օրենքը։ Պարզելու համար, թե ինչպես են ընթանում համերգի նախապատրաստական աշխատանքները, «Ժողովուրդ»-ը եւս մեկ անգամ դիմեց համերգային ծրագրի աջակից թիմի համակարգող Սուսաննա Զորանյանին, որն ասաց. «Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են լիարժեք, լիարյուն»։
Մեր զրուցակիցը նշեց, որ երիտասարդ երաժիշտների բարձրացրած խնդիրը շատերին է մտահոգում, սակայն հույս հայտնեց, որ այդ աննախադեպ իրադարձությունը չի խափանվի. «Ընդ որում, աննախադեպ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային երաժշտական կյանքում։ Եվ ռեկորդի հեղինակ է դառնալու ոչ միայն ջութակահար Նիկոլայ Մադոյանը, այլեւ սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։ Ես ներկայացնում եմ Նիկոլայ Մադոյանին, բայց չեմ կարող չասել, որ պարզապես որպես հայ մարդ՝ հիացած եմ Կարեն Դուրգարյանի դիրքորոշմամբ եւ հավատով։ Եվ համոզված եմ, որ նա ամեն ինչ անում է եւ կանի, որպեսզի նվագախումբը համախմբվի, համերգը կայանա, ու ռեկորդն էլ գրանցվի։ Հիշեցնենք, որ համերգի անցկացման օրն էլ պատահական չէ ընտրված. փետրվարի 20, որն Արցախի վերածննդի, զարթոնքի ու հաղթանակի օրն է։ Եվ այդ օրը ռեկորդ գրանցելը բոլորիս պատվի գործն է»։
Հավելենք, որ Հայաստանում Գինեսի ռեկորդի գրանցման պաշտոնական ներկայացուցիչը «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանն է։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՄԵՐԳ

Ապրիլի 19-ին Մոսկվայում տեղի է ունենալու «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը: Սա արդեն խմբի երկրորդ մոսկովյան համերգն է: «Առաջինը եղել է նախորդ տարի, եւ պետք է նշել, որ հոյակապ է անցել: Հնչելու են ինչպես սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ մեր նոր ձայնասկավառակից: Հանդիսատեսի անունից չեմ կարող խոսել, միայն կասեմ, որ ինչպես միշտ, սպասվում է բարի եւ ուրախ համերգ»,-ասել է Արամ Սուջյանը:

 

BAFTA 2014

Լոնդոնի թագավորական թատրոնում երեկ տեղի է ունեցել BAFTA 2014-ը: Հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը հաճախ անվանում են նաեւ բրիտանական «Օսկար», մասնակցել են հոլիվուդյան հանրահայտ դերասաններ եւ ռեժիսորներ: Միջոցառման պատվավոր հյուրն է եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը: Այս տարի բրիտանական լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը: Նշենք, որ կինեմատոգրաֆում նշանակալի ավանդի համար BAFTA-ի բարձրագույն պարգեւին է արժանացել Հելեն Միրենը: Դերասանուհուն մրցանակը հանձնել է արքայազն Ուիլյամը:




Լրահոս