ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ նախագահականի պաշտոնական կայքից
Փետրվարի 15-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ մասնակցել են Արարատյան հայրապետական թեմի կողմից կազմակերպված միջոցառմանը: Տեսնես ի՞նչն է այսքան հիացրել Սերժ Սարգսյանին, երբ երկրում կան բազմաթիվ չլուծված եւ օդում կախված հարցեր. օրինակ՝ աղքատությունը, արտագաղթը, օր օրի ավելացող գնաճը:
ՀԱՐՑ. Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ՀՀ քաղաքացին Ֆրանսիայում կարողանա քաղաքացիություն ստանալ:
Լուսինե Մանուկյան (30 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում է ՀՀ դեսպանություն՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
հայտարարություն, որտեղ նշվում է հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունն ստացել կամ ընդունել է անձը, քաղաքացիությունը ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումն ստորագրում է հայտարարություն տվողը՝ նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը: Հայտարարության վրա չմոռանաք նշել Ֆրանսիայում ձեր հասցեն եւ հեռախոսահամարը:
Անհրաժեշտ է կցել.
ՀՀ քաղաքացու անձնագրի 2-5 էջերի պատճենը 2 օրինակից, ֆրանսիական անձնագրի 1-ին (բազային տվյալներով) էջի պատճենը 2 օրինակից, հրամանագրի պատճենը 1 օրինակից:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե արտագաղթի տեմպերն աղետալի չեն, անգամ նվազման միտում կա, իրականությունն այլ է. հայաստանցիների մեծ մասը մտածում է ՀՀ-ից դուրս գնալու եւ առավել եւս այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու մասին:
ՀԱՐՑ. Եթե որեւէ կազմակերպություն բարեգործական ծրագրի շրջանակներում ապրանք է ներմուծում ՀՀ, ապա դրա համար մաքսային վճարներ գանձվո՞ւմ են, թե՞ ոչ:
Տիգրան Մնացականյան (37 տարեկան, ապրանքագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետի համաձայն՝ մաքսատուրքի վճարումից ազատվում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ ՀՀ կառավարության լիազորած մարմինը: ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատվում են նաեւ մաքսավճարի վճարումից՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն, ավելացված արժեքի հարկի վճարումից՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, բնապահպանական վճարների վճարումից՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն եւ ճանապարհային վճարների վճարումից՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:
ՀՀ մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մեր երկրում էլ կարող են բացառություններ լինել: Չնայած հակառակ պատկերը փոքր-ինչ տարօրինակ կթվար. չէ՞ որ մենք միշտ պատրաստ ենք դրսից մարդասիրական օգնություն ընդունել:
ՀԱՐՑ. 2 տղաներս էլ ծնվել են արատով. մեկն ի ծնե ունի թոք-սրտային ատրեզիա՝ ֆալոիտետրադայի նման արատ, 2 անգամ շումտավորված է, հիմա վիճակը կայուն է, բայց մինչեւ 1 տարին լրանալը պետք է վիրահատություն կատարվի: Մյուսն ունի հենց կոնկրետ ֆալոիտետրադա: Խնդրում եմ ասել՝ նրանց հաշմանդամության կարգ հասնո՞ւմ է:
Գասպարյան Արմեն, Արման (Մազմանյան 2, բն. 22)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Անձը հաշմանդամ ճանաչվում է ոչ թե ախտորոշման հիման վրա, այլ վերը նշված կարգի 12-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը զննում է անձին, ձեւակերպում է փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագրության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները եւ դրանց հիման վրա ընդունում որոշում:
Հետեւաբար, անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական, վերականգնողական միջոցառումների ավարտից հետո Դուք կարող եք գրավոր դիմել բնակության վայրը սպասարկող ԲՍՓՀ՝ դիմումին կցելով վերոնշված փաստաթղթերը: ԲՍՓՀ-ն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում կկայացնի որոշում՝ ՀՀ-ում գործող հաշմանդամության սահմանման չափանիշներին համապատասխան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխաների մորը խորհուրդ ենք տալիս վերցնել տղաների հիվանդությունների բոլոր թղթերն ու ներկայանալ տեղամասային ԲՍՓՀ: Գուցե ընդունող մարմինը դեռեւս խիղճ ունենա եւ երեխաների օգնության հարցում խելամիտ որոշում կայացնի: