Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ,
Հարգելի՛ ուսանողներ եւ դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից եւ եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում:
Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր հանգրվանի:
Կրթության որակի բարելավումը մեր պետականության կարեւոր առաջնահերթություններից է այսօր: Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ: Սակայն դրանք ընդամենը շատ բարդ եւ քարքարոտ ճանապարհի սկիզբն են, որի հաղթահարումը հնարավոր է բոլորիս հետեւողական ջանքերի համատեղմամբ:
Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին եւ ուսանողներին նոր ուսումնական տարում: Հատկապես շնորհավորում եմ կրթական հաստատությունների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլեւ Հայաստանի ապագայի ամուր հիմքերը»: