Այսօր մայրաքաղաք Երևանին սպասարկող գրեթե բոլոր երթուղայիններն ու ավտոբուսներն ուղևորներին փոխադրում էին փուչիկներով զարդարված: Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` նման կերպ փորձ էր արվում տոնական տրամադրություն ստեղծել:
Իսկ սեպտեմբերմեկյան երթևեկությունը խցանումներից զերծ պահելու համար Երևանի ճանապարհային ոստիկանությունն այսօր աշխատանքի էր դուրս եկել սովորականից վաղ, սակայն դա մեր քաղաքացիներին չապահովագրեց մեծ խցանումներից: Խցանված էին Մյասնիկյան պողոտան, Իսակովի պողոտան և շատ այլ հատվածներ: Այս ամենին գումարած` մեքենաների հսկայական կուտակումներ էին գոյացել գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների դիմաց:
Ինչ խոսք, Սեպտեմբերի 1-ը տոն է շատ երեխաների և նրանց ծնողների համար, բայց այն չպետք է խանգարի ազատ տեղաշարժին, երթևեկությանը և անհարմարություններ ստեղծի բազմաթիվ մարդկանց համար:
Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հստակ նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին, այցելել դպրոցներ, որպեսզի ամեն ինչ անցնի բարձր մակարդակով: Եվ պաշտոնյաներն այսօր իրենց մեքենաներով հարմարավետ երթևեկում էին այն դեպքում, երբ շատերը, այդ թվում՝ առաջին դասարանցիները, ստիպված երթուղայիններում սպասում էին, թե երբ կավարտվեն չարաբաստիկ խցանումները:
Այսպիսով` պետք է արձանագրել, որ Կառավարությունը կարողանում է ապահովել միայն արտաքին գեղեցկությունը, իսկ գոնե այս օրով դիմագրավել խցանումներին այդպես էլ չեն կարողացել:
Նաիրա Հովհաննիսյան