ԶԱՏԿԻ ՏՆԿԻՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վորլդ վիժըն» կազմակերպությունը Զատկի կապակցությամբ Տավուշի մարզի 20 համայնքներում ծառատունկ կատարելու համար տնկիներ է բաժանել: Ինչպես հայտնեց այդ կազմակերպության Իջեւանի գրասենյակի քրիստոնեական ծրագրերի պատասխանատու Կարեն Ծովյանը, այդ տնկիները պետք է տնկվեին նշված համայնքների մանկապարտեզների տարածքում կամ ցանկապատված այլ վայրերում: Կարեն Ծովյանի վկայությամբ` Լուսաձոր համայնքին տրվել է տանձենու  12, խնձորենու 15 եւ կեռասենու 10 տնկի: Ծովյանն ասաց, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ինքը տեղյակ չէ` մարտի 24-ին Լուսաձորին տրված տնկիները տնկվել են, թե ոչ: Իսկ Լուսաձորի բնակիչները ոստիկանություն են դիմել: Մի բնակիչ (չցանկացավ, որ իր անունը հրապարակվի) ասաց, որ «Վորլդ վիժըն» կազմակերպության վարորդը, որը Լուսաձոր է բերել հիշյալ տնկիները, իրեն ասել է, թե տնկիները պետք է բաժանվեն այդ կազմակերպության ծրագրերում ընդգրկված լուսաձորցի երեխաներին: Լուսաձորցին ասում է, որ իր երեխաներն ընդգրկված են այդ ծրագրում, սակայն իրենց տնկիներ չեն տրվել: Գյուղապետարանի քարտուղար Երջանիկ Այվազյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ տնկիների մասին: Մինչդեռ բնակիչները մեզ հայտնեցին, որ հենց նրա բակում են բեռնաթափվել տնկիները: Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանն էլ հավաստիացրեց, որ տնկիները հողի մեջ են, սակայն այդպես էլ չհայտնեց դրանց գտնվելու վայրը: Նա նաեւ չասաց, թե դրանք որտեղ են տնկվելու: ՀՀԿ անդամ գյուղապետն ասաց, որ Զատկի կապակցությամբ տրված տնկիները մինչ այժմ չեն  տնկվել իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Ինչեւէ, տնկիների հետ կապված բոլոր հարցերի պատասխանը կպարզի Իջեւանի ոստիկանությունը:




Լրահոս