Գազալցակայանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր` ժամը 10.02-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում պայթյուն է տեղի ունեցել:

Armlur.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը:

Պայթունի հետևանքով 1954 թ. ծնված Սարգիսն ու գազալցակայանի աշխատակից, 1959 թ. ծնված Բաբկենը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից Armlur.am-ին տեղեկացրին, որ վնասվել է Բաբկենի փայծաղը, նրան այս պահին վիրահատում են, վիճակը ծայրահեղ ծանր է: Սարգիսին կվիրահատեն մի քանի ժամից. նրա վիճակը ծանր է:

Armlur.am-ի հետ զրույցում Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը նշեց, որ գազալցակայանը լուրջ վնասներ չի կրել, փոխարենը պայթած մեքենան ամբողջովին մասնատվել է:

Գազալցակայանի սեփականատիրոջ հետ կապ հաստատել չհաջողվեց: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ գազալցակայանը գործում է 2014 թվականի հունվարի 1-ից, հիմնադիրն է Էդգար Շահինյանը, իսկ տնօրենը` Հրայր Սարիբեկյանը:

 




Լրահոս