ՀԱՐՑ. Մոտ ընկերս եկել է Սիրիայից եւ Հայաստանում կացության կարգավիճակ պետք է ձեռք բերի: Մենք գիտենք, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության երեք կարգավիճակ կա` մշտական, ժամանակավոր եւ հատուկ: Կուզեի իմանալ` այդ կարգավիճակներից յուրաքանչյուրը որ դեպքում է տրվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը` նախորդ համարում)
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա` ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը, բ) Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով եւ գոյության միջոցներով, գ) մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը, օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաեւ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն: Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: ՀՀ ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են` համապատասխանաբար` ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` ոչ միայն զարգացած համարվող ու մեր շատ հայրենակիցների համար երանելի թվացող երկրներում է որոշակի կարգ գործում, այլեւ ՀՀ-ում, որը մշտական բնակության համար շատերի կողմից անցանկալի երկիր է համարվում: